Ընդդիմության
մի հատվածը համակարծիք չէ,
որ ԼՂՀ հարցում ճնշումներ չեն լինի
Նախորդ օրը, խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի հնարավոր կարգավորման մասին, Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացնող ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը չբացառեց, որ հնարավոր են «ետ վերադարձնելու շուրջ բանակցություններ այն տարածքների վերաբերյալ, որոնք չեն մտնում վերաբնակեցման ծրագրի մեջ»: Պարոն Մինասյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ վերաբնակեցման ծրագրի մասին է խոսքը: Ե՞րբ եւ ո՞ր գերատեսչության կողմից է մշակվել նշյալ ծրագիրը եւ ի՞նչ կերպ է իրականացվում: Պարզվեց, որ մեր զրուցակիցը նման պաշտոնական փաստաթղթի գոյության մասին տեղեկություններ չուներ: Բայց ակնարկեց, որ ծրագրերը միայն պաշտոնական չեն լինում: «Առավոտի» համառությանը՝ բարձրաձայնել այն տարածքների անունները, որոնց շուրջ չեն բացառվում բանակցությունները, Գագիկ Մինասյանն այսպես պատասխանեց. «Վերաբնակեցման պրոցեսն ընթացք է: Կար ժամանակ՝ այն ավելի քիչ էր, գնալով շատանում է: Ծրագրերը շարունակական են, ստատիկ չեն»: Դիտարկմանը՝ արդյո՞ք այդ ծրագիր անվանվածը բացասական հետեւանքների չի հանգեցնի՝ ճնշումների տեսքով, Գ. Մինասյանը պատասխանեց. «Գործընթացը համապատասխանում է բոլոր չափանիշներին: Մարդիկ գնում եւ բնակվում են իրենց պապերի հողում»:
Ի դեպ, նախորդ օրը ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը նույնպես կողմ էր արտահայտվել այն տեսակետին, որ ԼՂՀ հարցում միջազգային հանրության կողմից ճնշումներ չեն լինի: «Արդարություն» դաշինքի մեկ այլ ներկայացուցիչ՝ Վիկտոր Դալլաքյանը երեկ մեզ հետ զրույցում հակառակ կարծիքն արտահայտեց: Ճնշումները նա հավանական է համարում երկու պատճառով: Նախ՝ ոչ լեգիտիմ իշխանությունները միշտ էլ խոցելի են, ապա՝ բանակցային գործընթացի ակնհայտ ձախողումները, որոնք խնդիրը վերածեցին տարածքային վեճի: Ըստ Վ. Դալլաքյանի՝ «Քոչարյանի՝ Ստրասբուրգում ունեցած ելույթից պարզ էր, որ ինքը Քի Ուեսթում գնացել է այդ «բազառներին»:
Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը նույնպես կասկած չունի, որ ճնշումներ կլինեն: Հիմնական պատճառը դարձյալ բանակցությունների ձախողումն է: Իրավիճակի մխիթարանքը, ըստ ընկ. Թովմասյանի, ռադիկալ տրամադրված ժողովուրդն է, որը նահանջ թույլ չի տա:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ