ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆ ԱՆՏԱՐԲԵ՞Ր Է Հայաստանի մարզական պատվիրակությունները որ երկիր էլ մեկնում են, արժանանում են տեղի հայկական համայնքի ամենաջերմ ընդունելությանը: Սփյուռքի մեր հայրենակիցների հոգատար վերաբերմունքը ոգեւորում է օտար ափերում մրցելույթներ ունեցող հայաստանցի մարզիկներին: Դա բարոյական անգնահատելի աջակցություն է: Այդպես լինում է աշխարհի առաջնություններում, օլիմպիական խաղերում: Օրինակ, 1999 թվականին Հյուսթոնում անցկացված բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ տեղի հայերը ստվերի պես հետեւում էին մեզ, ամեն քայլափոխի իրենց ծառայությունն առաջարկում Հայաստանի հավաքականի ընթացիկ հոգսերն ինչ-որ չափով թեթեւացնելու համար: Ավելին, հյուսթոնաբնակ Ալբրիկ Նազարյանը նույնիսկ իր միջոցներով հայաստանցի բռնցքամարտիկներին մոտ տասը օր առաջ հրավիրել էր Ամերիկա, նրանց տրամադրել իր շքեղ առանձնատունը, մարզումները կազմակերպել տեղի լավագույն մարզաբազաներում, որպեսզի տղաները հասցնեն ինչպես հարկն է կլիմայափոխվել, սովորել միջավայրին: Իսկ Ավստրալիայի հայկական համայնքը Սիդնեյի օլիմպիական խաղերն սկսվելուց դեռ շատ առաջ ստեղծել էր իր կազմկոմիտեն, մշակել անելիքների հստակ ծրագիր, որին նախապես ծանոթ են եղել նաեւ Հայաստանում: Օգոստոսի 13-ին Աթենքում մեկնարկելու են ամառային 28-րդ օլիմպիական խաղերը: Հայաստանի պատվիրակության առաջին խումբը Հունաստան է մեկնելու օգոստոսի 6-ին: Սակայն մեր ունեցած տեղեկություններով՝ տեղի հայկական համայնքն առայսօր անտարբեր է հայրենիքից ժամանող պատվիրակության նկատմամբ: ՀԱՕԿ-ի պատասխանատու պաշտոնյաները նշում են, որ ներկա դրությամբ իրենք Հունաստանի հայկական համայնքի հետ որեւէ կոնտակտ չունեն, թեեւ ամենօրյա աշխատանքային սերտ հարաբերությունների մեջ են Աթենքում գտնվող մեր դեսպանատան փոքրաքանակ աշխատակիցների հետ: «Հայկական համայնքից ոչ ոք մեզ հետ Խաղերի օրերին աշխատելու ցանկություն չի հայտնել»,- ասում են ՀԱՕԿ-ում: Իսկ մեր ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, Աթենքում Հայաստանի պատվիրակության շեֆ- միսիա Հարություն Յավրյանը մեզ հետ զրուցելիս ասաց. «Օրերս իմացել ենք, որ Խաղերի ժամանակ մեր պատվիրակությանը կցվել են տեղացի երեք հայեր: Սակայն նրանց հայկական համայնքը չի գործուղել կամ երաշխավորել: Իր մոտ ցուցակագրված տասնյակ հազարավոր կամավորներից նրանց ընտրել է օլիմպիական խաղերի կազմկոմիտեն»: Սակայն կարծում ենք, որ օլիմպիական մրցումների օրերին տեղի հայկական համայնքը, այնուամենայնիվ, կաշխուժանա, կկազմակերպվեն կոլեկտիվ հաճախումներ, ինչպես արվեց Հունաստան-Հայաստան ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպման ժամանակ: Եվ նրանց աջակցությունը կնպաստի հայ օլիմպիականների հաջող մրցելույթներին: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ