Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԷԼԻԹ ՄՈԴԵԼ ԼՈՒՔԸ»՝ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ

Հուլիս 22,2004 00:00

«ԷԼԻԹ ՄՈԴԵԼ ԼՈՒՔԸ»՝ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ Մրցույթի հաղթողը կմեկնի Շանհայ Սեպտեմբերի 1-10-ը Երեւանում կրկին կանցկացվի «Էլիթ մոդել լուք» մրցույթ-փառատոնը: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց «Արթ-մոդել» գրասենյակի ներկայացուցիչ Աննա Սահակյանը: Հիշեցնենք, որ անցած տարվա մրցույթը, որին մասնակցում էին նաեւ աղջիկներ Վրաստանից, Անդրկովկասում կազմակերպվել էր առաջին անգամ: 2003-ին հաղթող ճանաչված հայաստանցի Կարինե Գայամյանն ու վրաստանցի Նատա Նուդսուբիձեն մեկնել էին Սինգապուր, ընդ որում մեր հայրենակցուհին այնտեղ նվաճել էր «Միսս նրբագեղություն» տիտղոսը: «Էլիթ մոդել լուքի» 2004թ. հաղթողին հնարավորություն կընձեռվի հմայքն ու վայելչագեղությունը ցուցադրել Շանհայում, ուր կհավաքվեն մոտ 100 գեղեցկուհիներ՝ աշխարհի 40 երկրներից: Լավագույն եռյակում ընդգրկվողները կստանան $250 հազար՝ յուրաքանչյուրը: Ա. Սահակյանը, որ կոորդինացնում է մրցույթի մասնակիցների դեֆիլեի (քայլվածքի) եւ դերասանական վարպետության դասընթացները, տեղեկացրեց, որ արդեն իրենց գրասենյակ է դիմել 15-25 տարեկան շուրջ 100 աղջիկ: Հայտերի ընդունումը դեռ մեկ ամիս էլ կշարունակվի: Ըստ Աննայի, աղջիկների ընտրության ամենակարեւոր չափանիշը բարձր հասակն է՝ սկսած 170 սմ-ից, իսկ մարմնամասերի 90-60-90 համամասնությունը պարտադիր չէ: Այս մրցույթում, ըստ «Արթ-մոդելի» ներկայացուցչի, մեծ տեղ է տրվում հատկապես դեմքի ու դիմագծերի գեղեցկությանը, հայացքին ու հմայքին, որ հաճախ անորսալի է: «Առավոտը» հետաքրքրվեց՝ հայուհիների բարդույթները չե՞ն խանգարում լիարժեք ներկայանալուն ու ինքնադրսեւորվելուն: «Մինչ մրցույթը աղջիկների հետ անցկացնում ենք նախապատրաստական պարապմունքներ՝ հաղթահարելու հոգեբանական արգելքները: Մի քանի պարապմունքը բավական է, որպեսզի նրանք բացվեն»,- ասաց Աննան: Մրցույթի ժյուրիի կազմը դեռ ճշտվում է, այնտեղ կընդգրկվեն մոդելային բիզնեսի հետ քիչ թե շատ կապ ունեցող մարդիկ եւ հովանավորները: Ինչպես նախորդ տարի, այս անգամ եւս Հայաստան կժամանեն «Էլիթ» գործակալության ներկայացուցիչները եւ Ֆրանսիայի նույն մրցույթի հաղթած ֆոտոմոդելը, որոնք, բնականաբար, կլինեն ժյուրիի կազմում: Ի դեպ, արդեն 30 տարի գործող «Էլիթը» աշխարհի 36 երկրներում ունի գրասենյակներ, որոնք հիմնականում աշխատում են Նյու Յորքի ու Փարիզի շուկայի համար: Եվ 20 տարի անց են կացվում մոդելների մրցույթներ, որոնց Հայաստանը «անդամագրվել» է վերջին 3 տարիներին: Դեռեւս անցած տարի Երեւան ժամանած «Էլիթ» գործակալության գլխավոր համակարգող Ստեֆան Պասիմորոն հայտարարել էր, թե մեր երկիրը նոր շուկա է իրենց համար, որտեղ նպատակ ունեն հայտնաբերել թարմ ուժեր, մանավանդ «ազգային խտրականություն չենք դնում մոդելներ ընտրելիս, նրանց գնահատելիս հաշվի ենք առնում շուկայի պահանջը, մոդելի տաղանդն ու արտաքինը»: Աննա Սահակյանի համոզմամբ, հայուհիների հմայքն ու գեղեցկությունը գնահատվում է դրսում, շատ-շատերը համագործակցում են արտերկրի ճանաչված ընկերությունների ու ֆիրմաների հետ: Հայաստանյան պրակտիկան ցույց է տալիս, որ մոդելային ու գեղեցկության մրցույթների հաղթողների կարիերան ավարտվում է, երբ գալիս է նրանց ընտանիք կազմելու պահը: Որեւէ հայ տղամարդ չի կարող հանդուրժել, որ իր կնոջ բարեմասնություններին ականատես լինեն ուրիշները՝ թեկուզ ամենամեծ հոնորարի դեպքում: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել