Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քրեաքաղաքական դատավարություն

Հուլիս 22,2004 00:00

Քրեաքաղաքական դատավարություն 1 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Բաղրամյանի ԱԺՄ տարածքային նախագահ Լավրենտի Կիրակոսյանը երեկ Վերաքննիչ դատարան բերվեց դատապարտյալների հիվանդանոցից։ Արմավիրի մարզում հունիսին ընթացած դատավարություններին Լ. Կիրակոսյանը պահվում էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Նախագահող դատավոր Սեւակ Համբարձումյանին էլ հայտնեց, թե վատառողջ է՝ տառապում է երիկամների ցավից։ Երեկ փոխվել էր մեղադրանքը պաշտպանողը. գլխավոր դատախազության «ծանր հրետանի» Կորյուն Փիլոյանն էր։ Հիշեցնենք, որ Լ. Կիրակոսյանին առաջին ատյանի դատարանը դատապարտեց թմրանյութ պահելու եւ օգտագործելու համար։ Երեկ Լ. Կիրակոսյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը քաղաքական հետապնդումների զոհ է, եւ «նրա գործը նպատակ ունի վարկաբեկել Եվրոպական դատարան ուղարկած իր պաշտպանյալի՝ քաղաքական գործչի դիմումը»։ Իսկ դիմումը հանրահավաքներին նրա մասնակցության արդյունքում վարչական տասնօրյա կալանքի ենթարկվելու մասին է։ Մեղադրող Կորյուն Փիլոյանին տարակուսելի թվաց ամբաստանյալին քաղաքական գործիչ դիտելը եւ նրա ԵԴ դիմումը։ Նա նկատեց, որ «թմրանյութի գործը» եթե վարկաբեկում է Լ. Կիրակոսյանի՝ գործչի վարկին, ապա վարկաբեկման օրինակ է այն, որ նա նախկինում 2 անգամ դատապարտվել է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ անձին նվազ մարմնական վնասվածք հասցնելու համար։ Փաստաբան Վ. Զուռնաչյանը միջնորդեց հարցաքննել Բաղրամյանի պոլիկլինիկայի գլխավոր բժշկին եւ բուժքրոջը, որոնք բուժօգնություն են ցույց տվել ոստիկանությունում խոշտանգումների ենթարկված Լ. Կիրակոսյանին, դատակոչել նաեւ փորձագետ Ս. Մինասյանին, որը երբեւէ չծխող մարդու մեզի մեջ թմրանյութ է հայտնաբերել եւ երկու ընթերականերին, որոնք ոստիկանների կողմից Լ. Կիրակոսյանի բնակարանի խուզարկման ականատեսներն էին։ Նկատենք, որ ընթերակաները մինչեւ ամբաստանյալի ցուցմունք տալը, միջնորդությունների փուլում նիստերի դահլիճում առոք-փառոք նստած էին։ Պաշտպանը իր վերաքննիչ բողոքում շեշտեց, որ ոստիկանների դատաքննական ցուցմունքները չեն կարող ապացուցված համարել, քանի որ դրանք օրենքի խախտմամբ են ձեռք բերված։ Նա նշեց, որ 59,3 գրամ մարիխուանան գցել են Լ. Կիրակոսյանի բնակարանում, որի դուռը խուզարկությունից հետո 20-25 րոպե բաց է եղել։ Պրն Զուռնաչյանը չփարատված կասկած համարեց այն դրվագը, որ թմրանյութը հայտնվել է ջրի բաքի մեջ այն նույն ժամանակամիջոցում, երբ Լ. Կիրակոսյանը վարչական 10-օրյա հերթական կալանքն էր անցկացնում Էջմիածնում։ Լ. Կիրակոսյանը հայտնեց, որ ինքը «ՀՀՇ բռնապետության օրոք էլ չկոտրվող մարդ էր» եւ իրեն մեղսագրվածը սարքովի գործ է։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել