Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԽԱ՞Լ ԵՆ ԿԱՆԽԱՏԵՍԵԼ

Հուլիս 22,2004 00:00

ՍԽԱ՞Լ ԵՆ ԿԱՆԽԱՏԵՍԵԼ Վերջին շրջանում դոլարի կուրսի աննախադեպ տեմպերով անկումը վկայում է, որ պետության գլխավոր տնտեսագետները կամ սխալ կանխատեսումներ են արել, կամ էլ այսօր տարադրամի շուկայում տեղի ունեցող երեւույթներն ամենեւին էլ բնականոն գործընթացների արդյունք չեն: 2004 թ. պետբյուջեն կազմելիս ֆինանսիստները նկատի են ունեցել, որ տարվա ընթացքում դոլարի կուրսը կտատանվի 580 դրամի շուրջը: Այսօր նրանց կանխատեսումներն իրականությունից տարբերվում են շուրջ 20%-ով: Նաեւ այս հանգամանքը հաշվի առնելով՝ փորձագետները պնդում են, որ դոլարի կուրսը շատ չի իջնի: Չնայած երկրի դրամավարկային քաղաքականությունն իրականացնող մարմինը՝ Կենտրոնական բանկը, համարում է, որ շուկան պետք է որոշի տարադրամի կուրսը, պետությունը չմիջամտի, այնուամենայնիվ, այսպիսի իրավիճակում անմիջականորեն վնասի ռիսկի տակ է հայտնվում պետբյուջեն: Դրամավարկային քաղաքականության բացակայության պայմաններում չիրականացման ռիսկի տակ են հայտնվում նաեւ մաքսատուրքերի վերաբերյալ կանխատեսումները: Ապրանքներն էժան են ներկրվում, հետեւաբար՝ մաքսատուրքը մոտ 20%-ով քիչ է հաշվարկվում ու գանձվում: Պետբյուջեն վնասվում է նաեւ պետական գնումների համար արդեն կնքված գործարքներից, որովհետեւ փաստորեն (օրինակ, ներկրված) ապրանքների համար վճարում է ավելի շատ, քան այսօր դրանց շուկայական արժեքն է: Փորձագետները կարծում են, որ եթե ոչ բնակչության, շուկայի, ապա գոնե պետբյուջեի շահերից ելնելով պատասխանատուներն, այնուամենայնիվ, կարգավորման մեխանիզմներ կկիրառեն (հակառակ դեպքում, մի որոշակի սահմանից այն կողմ, շուկայում «պայթյուն» կլինի), եւ դոլարի կուրսը մի որոշակի ժամանակից կսկսի բարձրանալ: Բայց շատ չի բարձրանա: Սա հիմնավորող մի տեղեկություն էլ ստացանք. հաջորդ տարվա համար քննարկում են պետբյուջեն դոլարի նկատմամբ 520-540 դրամի հաշվարկով կազմելու հարցը: Այսինքն՝ տնտեսագետներն ընդունում են, որ դոլարի կուրսն օբյեկտիվորեն դրանից ցածր չէ: Ա. Ու. Հ. Գ. Երեկ օրվա երկրորդ կեսին տարադրամի շուկայում դոլարն արդեն սկսել էր արժեւորվել, ինչը լրացուցիչ հաստատում է վերոշարադրյալ տեսակետները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել