«ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՉՈՐՐՈՐԴ ԿՈՂՄԸ ՆԱԽԱԳԱՀՆ Է» Հարցազրույց ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հարցերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանի հետ – Սահմանադրական փոփոխությունների փաթեթը եկող շաբաթ, ըստ ամենայնի, կդրվի շրջանառության։ Որքան ինձ հայտնի է, մոտ մեկ տասնյակ հարցերի հետ կապված՝ կոալիցիոն քաղաքական ուժերը դեռեւս ընդհանուր հայտարարի չեն հանգել։ Մասնավորապես՝ երկքաղաքացիության եւ դրանից բխող ընտրել-ընտրվելու, նաեւ՝ զինծառայության հարցը, կառավարության ձեւավորման եւ այլ խնդիրներ։ Այս հարցերի վերջնական լուծումը ե՞րբ է լինելու։ – Ըստ էության, դուք ճիշտ եք՝ ձեր թվարկած եւ էլի մի քանի հարցեր առայժմ քննարկվում են։ Երկքաղաքացիության հարցի վերաբերյալ այդպիսի մեծ անհամաձայնություններ չկան։ Քաղաքական բոլոր ուժերը հակված են, որ երկքաղաքացիության հարցը պետք է լուծվի։ Այստեղ խնդիրը հետեւյալն է՝ ինչպե՞ս ամրագրել, որպեսզի կարգավորվեն երկքաղաքացիություն ստացած սփյուռքահայերի ընտրել-ընտրվելու եւ զինվորական ծառայության խնդիրները։ Որովհետեւ զուտ իրավաբանական տեխնոլոգիայի տեսանկյունից սա շատ դժվար է ձեւակերպել, այն էլ՝ Սահմանադրության մեջ՝ մեկ-երկու տողով։ Հիմնական խնդիրը սա է։ ՕԵԿ-ը կողմ է այս հիմնախնդրի լուծմանը, մանավանդ մեր այցելությունների ընթացքում պարզ է դարձել, որ Սփյուռքի պահանջը այս հարցում շատ մեծ է։ Երկքաղաքացիության հարցը կլինի Սահմանադրության մեջ, իսկ մյուս հարցերը՝ զինծառայության եւ ընտրել-ընտրվելու, կկարգավորվեն օրենքով։ Հաջորդ խնդիրը, որ առայժմ բաց է Սահմանադրության փոփոխված տարբերակում, ԱԺ պատգամավորների քանակի հետ է կապված։ Տարբեր թվեր են առաջարկվում՝ 101, 131. ՕԵԿ-ն առաջարկում է 121 թիվը՝ որպես պատգամավորների օպտիմալ թիվ։ Կարծես թե այս թվի հետ կապված արդեն համաձայնություն կա, բայց հարցն առայժմ քննարկվում է։ – Այդ թվի պակասեցումը ինչի՞ հաշվին է լինելու՝ մեծամասնական ընտրակարգով ընտրվողների՞։ – Կարծում եմ՝ համամասնականի տեղերը պետք է ավելանան։ Սակայն որոշակիորեն երեւի կպահպանվեն նաեւ մեծամասնականի տեղերը, որովհետեւ այստեղ մեկ կարեւոր խնդիր կա. մեր ԱԺ-ն միապալատ է, չկա տարածքային մասնակցություն, եւ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները հանդես են գալիս նաեւ որպես ռեգիոնների ներկայացուցիչներ։ Իհարկե, վերջնական տարբերակով մենք կողմնակից ենք 100 տոկոսանոց համամասնական սկզբունքին, որովհետեւ սա բերում է նաեւ կուսակցությունների հզորացման։ – Թերեւս ամենակարեւոր հարցերից մեկը կառավարության ձեւավորման հարցն է։ Նոր տարբերակում պահպանվո՞ւմ է գործող Սահմանադրության սկզբունքը՝ կառավարության կազմը ներկայացնում եւ հաստատում է նախագահը, թե՞ մեկ անգամ հանրաքվեի դրված եւ մերժված տարբերակի սկզբունքը, ըստ որի՝ եթե ԱԺ-ն երկու անգամ չի հաստատում նախագահի առաջարկը, երրորդ անգամ ինքն է կառավարության կազմի իր տարբերակն առաջարկում։ Կամ գուցե բոլորովին մի նո՞ր բան է մտածվել։ – Ամենայն հավանականությամբ, կպահպանվի 2003 թ. մայիսին հանրաքվեի դրված տարբերակը, որովհետեւ այն խորհրդարանի դերի եւ նշանակության, գործադիր իշխանության դերի եւ նշանակության հարցերում մոտ է դասական տարբերակին։ Այսինքն՝ ընտրությունների արդյունքում ձեւավորված օրենսդիր մարմնի մեծամասնությունը ձեւավորում է կառավարություն։ Սակայն այս հարցը եւս քննարկումների փուլ պետք է անցնի։ Այս հարցում խորհրդարանական ուժերի միջեւ մեծ տարաձայնություններ չկան, ուղղակի եւս մեկ անգամ մոտակա 2-3 օրվա ընթացքում հարցը կքննարկվի։ – Ձեր խոսքերը՝ կքննարկվի մոտակա 2-3 օրվա ընթացքում, նշանակո՞ւմ է արդյոք, որ այդ հարցերը կքննարկվեն ՀՀ նախագահի հետ, եւ, ինչպես պնդում են ընդդիմության ձեր գործընկերները, մինչեւ չստանաք Ռ. Քոչարյանի «դաբրոն», ոչինչ չեք կարող անել նաեւ այս հարցում։ – Չէ, այս հարցում ընդդիմությունը մի քիչ սխալ շեշտադրում է կատարում։ Եկեք չմոռանանք, որ կոալիցիան չորս կողմ ունի, եւ չորրորդ կողմը հանրապետության նախագահն է։ Այնպես չէ, որ կոալիցիան որոշում է, հետո գնում է նախագահի մոտ՝ «դաբրո» ստանալու։ Այդպիսի բան չկա։ Կոալիցիան չորս ուժից է կազմված՝ երեքը պարզապես խորհրդարանական ուժեր են, իսկ նախագահը այսօր գործադիր իշխանության ղեկավարն է։ Այս տեսանկյունից բոլոր քննարկումներին մասնակցում է նաեւ նախագահի ներկայացուցիչը, եւ վճիռը կայացվում է բոլոր կողմերի կարծիքը հաշվի առնելով։ – Սահմանադրության նոր տարբերակում կա՞ այնպիսի կետ, որը հնարավորություն կտա Ռոբերտ Քոչարյանին նախագահի պաշտոնում վերընտրվել երրորդ անգամ։ – Չէ, ճիշտն ասած, այդպիսի կետ չկա։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ