Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՆԿԱՐՆԵՐԸ ԵԿԱՆ ՋԱՎԱԽՔԻՑ

Հուլիս 21,2004 00:00

ՆԿԱՐՆԵՐԸ ԵԿԱՆ ՋԱՎԱԽՔԻՑ Երեկ Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Ջավախքի նկարիչների երկրորդ երեւանյան ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին, ջավախաբնակ ստեղծագործողների հետ համատեղ, աշխատանքներ էին ներկայացրել նաեւ հայաստանաբնակ ջավախեցիները։ Ինչպես նշեց «Տերյան» մշակութային կենտրոնի ղեկավար Առուշան Հակոբյանը, Ջավախքի նկարիչների առաջին երեւանյան ցուցահանդեսը կազմակերպվել էր տասը տարի առաջ. «Այդ ժամանակաընթացքում աշխարհում շատ բան է փոխվել, շատ ջրեր են հոսել, սակայն Ջավախքը՝ «այդ ուրիշ աշխարհը», մնացել է նույնը»։ Ինչպես նշեց նկարիչ, Ախալքալաքի մանկական գեղարվեստի դպրոցի տնօրեն Կառլեն Կարապետյանը, թեեւ այսօր Ջավախքում բազմաթիվ խնդիրներ կան, սակայն դրանք չեն խոչընդոտում արվեստի զարգացմանը։ ՀՆՄ-ի նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ աշխատանքները մեծ դժվարությամբ են հասել Հայաստան, քանի որ խնդիրներ են ծագել Հայաստանի մաքսատանը։ Սակայն, ինչպես նշեց Կ. Աղամյանը. «Սա ոչ թե մաքսատան մեղքն էր, այլ օրենքներինը, որոնք մեկը մյուսին չեն համապատասխանում։ Մի օրենք որեւիցե արգելք չի դնում ստեղծագործությունները Հայաստանից արտահանելու գործընթացում, սակայն մեկ ուրիշը մեծ արգելքներ է ստեղծում նույն հայ կերպարվեստի գործերը Հայաստան ներմուծելու ժամանակ»։ Ցուցահանդեսին ներկայացված էին շուրջ 120 ստեղծագործություններ՝ քանդակներ, բնանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, դիմանկարներ, նատյուրմորտներ եւ այլն։ Լ. ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել