Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բաթերֆլայի նոր մեկնաբանումը

Հուլիս 21,2004 00:00

Բաթերֆլայի նոր մեկնաբանումը «Ա. Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 16-ին եւ 20-ին կայացավ Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի համերգային կատարումը՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի, երգչախմբի, մեներգիչների մեկնաբանմամբ։ Դիրիժոր՝ Էդ. Թոփչյան, ռեժիսոր՝ Ս. Թորոսյան (Տոտո): Համերգասրահի մուտքից հանդիսատեսին դիմավորում էին ճապոնուհիներ՝ իրենց բնորոշ բարեհամբույրությամբ, ուղեկցում հանդիսասրահ, հրամցնելով «Մադամ Բաթերֆլայի» սյուժեի համառոտ շարադրանքը՝ բուկլետը, որը մինչ համերգ-ներկայացման սկիզբը բուռն քննարկման առիթ հանդիսացավ։ Հայ հանդիսատեսի երեւակայությունը չափ ու սահման չուներ։ Այսպես. ոմանք գլխավոր հերոսուհու՝ Բաթերֆլայի (Իրինա Զաքյան) հանդեպ իր ամուսնու՝ ամերիկյան նավատորմի սպա Պինկերտոնի (Ռուբեն Նուրիջանյան) որոշումը՝ երեխային մորից վերցնելն ու իր նոր կնոջ՝ ամերիկուհի Քեյթիի (Աննա Մուսայելյան) հետ դաստիարակելու փաստի առիթով համեմատություններ էին անցկացնում այսօրվա քաղաքական դաշտում գործող դեմքերի ընտանեկան-անձնական կյանքի հետ։ Համեմատական գծեր էին փնտրում օպերայում գործող անձ Շարփլեսի՝ Նագասակիում ամերիկյան հյուպատոսի (Էդուարդ Զաքարյան) ու Ուկրաինայում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանի միջեւ։ Հոլովվում էին ներկայիս պաշտոնյաների, ԱԺ պատգամավորներ Հրանուշ Հակոբյանի, Հերմինե Նաղդալյանի անունները, որի առիթը Բաթերֆլայի սպասուհի Սուձուկիի (Լիլիթ Գրիգորյան) անմնացորդ նվիրվածությունն է իր տիրոջը։ Համերգ-ներկայացումից հետո լսեցինք երաժշտագետ, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Նելլի Ավետիսյանի կարծիքը. – Օրեր առաջ Հայաստանում Իտալիայի դեսպան պարոն Կլեմենտեն կազմակերպել էր ընդունելություն՝ իտալացի կոմպոզիտոր Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի առաջին բեմադրության 100-ամյակի առթիվ, ուր նա հանդես եկավ այս օպերայի պատմության եւ դրամատուրգիայի, ես կասեի՝ երաժշտագիտական վերլուծությամբ։ Այնուհետեւ ցուցադրվեց օպերայի տեսաերիզը՝ «Լա Սկալայի» արտիստների կատարմամբ։ Հայ հանդիսատեսը մեր օպերային թատրոնում արդեն 30-ականների վերջերից է դիտել Պուչինիի օպերաները՝ «Մադամ Բաթերֆլայ», «Տոսկա», «Բոհեմ»։ Ողջունում եմ այս օպերայի թատերականացված կատարումը։ Սա հաստատեց այն միտքը, որ մենք ունենք հսկայական պոտենցիալ եւ հրաշալի վոկալ դպրոց։ Աշխարհում շատ վաղուց ներկայացվում են համաշխարհային օպերային գրականության հայտնի նմուշներ՝ համերգային կատարումներով, ինչը ձայնագրվում է, տեսագրվում, թողարկվում են CD-ներ, DVD-ներ։ Եվ սա պետք է ներմուծել նաեւ մեր իրականություն։ Թույլ տվեք առանձնացնել Բաթերֆլայի նրբագեղ, քնքուշ, սիրող կնոջ կերպարը մարմնավորող երգչուհի Իրինա Զաքյանին, որի վոկալը, խաղը համահունչ էին ճապոնուհիների զուսպ ինքնարտահայտմանը։ Նշեմ, որ աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում այս դերերգի համար հրավիրում են ճապոնացի երգչուհու։ Այս իմաստով հայ երգչուհին կարողացավ մաքսիմալ ներթափանցել ճապոնական ազգային ներկապնակ։ Համերգային կատարումը բարդ է այն պատճառով, որ նվագախումբը, երգչախումբը, մեներգիչները բեմում են՝ ի տարբերություն օպերային ներկայացման, որտեղ նվագախումբը թատերական փոսում է եւ պետք է պահպանվի հնչողության բալանսը, ինչը հաջողվել է դիրիժոր Էդուարդ Թոփչյանին։ Նկատենք նաեւ հանդիսատեսի կարոտը դեպի երաժշտական այս գոհարը՝ դահլիճը լեփ-լեցուն էր։ Սա վկայում է, որ ունենք բարձրակարգ երաժշտության ունկնդիր։ Ֆիլհարմոնիկ նվագախումբը, սկսած 2000-ից, ներկայացնում է այն օպերաների համերգային կատարումները, որոնք, կարծում եմ, ժամանակավորապես են դուրս եկել մեր օպերային թատրոնի խաղացանկից։ Սա ճիշտ տարվող մշակութային քաղաքականություն է։ Համերգներում արդեն հնչել են՝ Վերդիի «Աիդան», Ռոսինիի «Սեւիլյան սափրիչը»։ Այն տպավորությունը թող չստացվի, թե չեմ ուզում բացեր տեսնել եւ այս կատարումը համարում եմ կատարյալ: Կա՞ արդյոք այդպիսի արվեստ։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել