Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԽՈՒԺԱՆ» ԵՐԿՐԻՆ ՍՐԲԱԳՐՈՒՄՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ

Հուլիս 21,2004 00:00

«ԽՈՒԺԱՆ» ԵՐԿՐԻՆ ՍՐԲԱԳՐՈՒՄՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ Այդ եզրակացության եկան հայ գրողները՝ քննարկելով իրենց պոլիկլինիկայի դժբախտ ճակատագիրը: Երեկ տեղի ունեցավ Հայաստանի գրողների միության ընդհանուր ժողովը, որտեղ քննարկվեց ՀԳՄ «Մագնոլիա» պոլիկլինիկայի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հուլիսի 16-ի՝ առանց գրողների կայացրած դատավճիռը: Ցավոք, Գրողների միության դահլիճը սակավամարդ էր, ինչը նախագահ Լեւոն Անանյանը բացատրեց դատական քաշքշուկի 6-ամսյա ձգձգվածության պատճառով՝ գրողների հուսահատությամբ: ՀԳՄ նախագահը դատարանի վճիռը ամոթալի որակեց. «Կարծում եմ, որ սերունդները եւ պատմությունը դեռ կանդրադառնան այսօրվա արդարադատությանը, այսինքն պիտի իրենց հստակ կարծիքն ունենան ապօրինի որոշումների ու վճիռների դարաշրջանի մասին: Մենք Վճռաբեկ ատյան ենք դիմել, գրողները տեղի չեն տալու: Այն մշակութային թալանը, որ կատարվում է այսօր հանրապետությունում, գրողների այս ստորացուցիչ վիճակը պետք է սրբագրվի, որովհետեւ երկար չի կարող շարունակվել մտավորականին ծնկի բերելու քաղաքականությունը»: Հետաքրքրվեցինք՝ պրն Անանյանը շարունակու՞մ է մտածել, որ դատարանի վրա ճնշումներ են եղել, ամեն ինչ հովանավորվել է «վերեւից», հետեւաբար կայացվել է վճիռ՝ ոչ գրողների օգտին: «Ինձ համար դժվար է ասել, թե ինչ անդրկուլիսյան ուժեր են ազդում, բայց վստահ եմ, որ շատ հզոր ներկայություն կա, որն ուղղակի պարտադրում է դատարանին ցինիզմի հասնող լկտիությամբ կատարել իր դերը: Եվ պարզ է, որ դատարանը գալիս է նիստերի՝ արդեն իսկ գրպանում ունենալով պատրաստի դատավճիռ: Վստահ եմ, որ ի վերջո Արդարադատության խորհուրդը, որի նախագահը ՀՀ նախագահն է, կանդրադառնա խնդրին, որովհետեւ այս փոքրիկ հարցի մեջ, ինչպես ջրի կաթիլում, մեր ողջ իրականության պատկերն է»: ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, արձակագիր Կարինե Խոդիկյանը Վերաքննիչ դատարանի վճռի վերաբերյալ ասաց. «Դատարանի վճիռը գնահատում եմ ավելի քան բացասական, որովհետեւ այն անիրավացի Է: Վճռի կայացմամբ ոտնահարվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ 400 գրողների իրավունքները»: Հայ գրողներին հատկապես զայրացրել էր Վերաքննիչի վճռի վերաբերյալ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետեւյալ արտահայտությունը. «Բարոյականությունը գրողների կողմն է, օրենքը՝ մյուս»: «Ուրեմն մեր երկրի օրենքներն անբարոյական ե՞ն»,- բողոքում էին գրողները: Դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը անդրադարձավ դատավոր Տիգրան Սահակյանի վարքագծին. «Դատարանի որոշումից ավելի ահավոր էր դատավորի ցինիզմը: Վճռից անմիջապես հետո նա ապաքինում մաղթեց Լեւոն Անանյանի դստերը, որը նույն օրը վիրահատվել էր… Գլուխս կտրեք, թեկուզ Բաքվում նման դատավճիռներ չեն կայացվում»: Մոտավորապես նույն ոգով արտահայտվեց գրականագետ Ավիկ Իսահակյանը: Նրա կարծիքով, եթե որեւէ թշնամական երկրի հանձնարարվեր ֆիլմ նկարել մեր երկրի արդարադատության մարմնի մասին, հաստատ կնախընտրեին «Մագնոլիա» պոլիկլինիկայի խայտառակ պատմությունը: «Կաֆկան անգամ կերազեր, որ իր նշանավոր (նկատի ունի «Դատավարությունը»- Գ.Հ.) վեպի դատավարությունը ընթանար նման դատարանում»,- պատկերավոր ասաց պրն Իսահակյանը: «Խուժան երկրում ենք ապրում, հետեւաբար պայքարելու ճանապարհներն էլ պիտի խուժան լինեն, թեկուզ մտավորականին ոչ վայել ձեւերով պիտի կարողանանք պաշտպանել մեր իրավունքները»,- հարցի լուծման իր տարբերակն առաջարկեց գրականագետ Լիլիթ Արզումանյանը: Պատասխան ելույթում ԱԺ պատգամավոր, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանն ասաց. «Չգիտեմ՝ էս երկիրը խուժա՞ն է, թե՞ ոչ, բայց այնպիսին է, ինչպիսին մենք ենք, ինչպիսին կերտել ենք: Մենք երբեք տիրոջ նման չենք նայում էս երկրին, դրա համար էլ մեզ խեղճ խնդրատուի նման են վերաբերվում»: Այնուհետեւ շարունակելով նախատել դատարանի վճռից զայրացած իր գրչեղբայրներին ու գրչաքույրերին՝ գրող-պատգամավորն ասաց. «Հիմա շատ եմ ուզում, որ դուք վիրավորվեք8230… Հայ գրողը նստած ինչպիսի~ խնդրի վրա է էներգիա ծախսում, 400 հոգի չեն կարողանում 155 քմ մի ավազակից վերադարձնել: Մտքի տիրակալներդ մի խեղճ ու կրակ պոլիկլինիկայի համար կու՞րծք եք ծեծում, բա ու՞ր մնաց խոսքի արժեքը»: Տիկ. Պետրոսյանի ելույթը ակնհայտորեն ներկաների մի մասին դուր չեկավ, ոմանք տեղերից ինչ-ինչ ռեպլիկներ արեցին. «Խեղճ ու կրակ պոլիկլինիկա~… քե՞զ ինչ կա, դու դեպուտատ ես, ձայնդ տաք տեղից է գալիս»: Գրողների միության ընդհանուր ժողովի վերջին ակորդը կատարվածը դատապարտող բանաձեւի ընդունումն էր, որտեղ գրողները փաստում էին, որ հայտնվել են մի իրավիճակում, երբ իրենց իսկ հայրենիքում իրավական պաշտպանություն չեն գտնում: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել