Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հերթական «քցոցի՞»

Հուլիս 21,2004 00:00

Հերթական «քցոցի՞» Միայնակ թոշակառուին չտվեցին ոչ իր դոլարը, ոչ էլ իր դրամը «Առավոտի» խմբագրություն էր եկել 45 տարվա մանկավարժ, միայնակ թոշակառու Նունուֆար Խաչատրյանը։ Նա իր հետ բերել էր հատուկենտ փաստաթղթեր ու լուսանկարներ, որոնք առնչվում էին իր խնդրին։ Իսկ խնդիրը կապված էր «Կրեդիտ-Երեւան» բանկի ավանդների անփառունակ վերադարձին: Միջադեպը ծագել է 2003թ. նոյեմբերին։ Տիկին Խաչատրյանի՝ իր ավանդը ստանալու պահին դրամարկղի աշխատակիցը (Եփրեմ անունով) հայտնում է. «Դոլար չկա, տալու են 1500 դոլար գումարին համարժեք դրամ»։ Ն. Խաչատրյանին հաշվելով տալիս են դրամը, իրենց ձեռագրով գրում, դնում «թղթե օղակի» մեջ (որի պատճենը մեր խմբագրությունում է)՝ 555000 դրամ։ «Դրամները հաշվեցի հատերով։ Այնտեղ կար 27 հատ 20 հազարանոց, 3 հատ 5000-անոց,- պատմում է Ն. Խաչատրյանը, ապա շարունակում,- ապահովության համար այդ դրամները նրանց ներկայությամբ ցուցակագրեցի իրենց համարներով եւ պահանջեցի ստորագրել։ Ասացին՝ իրենք չեն ստորագրում, վստահում են, ասացին հավատում են իրենց ձեռագրով օղակի վրա գրված գումարի չափին»։ Նախկին մանկավարժի ոդիսականը սկսվում է դրամը տուն բերելուց հետո։ Կասկածելով, թե դրամը 1500 դոլար չի կազմում, ծանոթի լուսանկարչական ապարատով անմահացնում է դրամները (տես լուսանկարը)։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 4-ին, գնում է բանկ՝ դրամը վերադարձնելու։ Դրամարկղի Եփրեմ անունով աշխատակիցը հայտնում է, որ դրամը 1000 ԱՄՆ դոլար է կազմում։ «Թե ինչ կատարվեց ինձ հետ՝ չեմ կարող գրել։ Չգիտեմ ով էր Իվանյանը, իմանալով եղելությունը, Եփրեմին մեղադրեց ինձ դրամ տալու համար։ Ես ասացի, որ եթե 1500 դոլարը չտա՝ բողոքելու եմ»։ Ն. Խաչատրյանից վերցնում են դրամը՝ դոլար տալու պատճառաբանությամբ ու ասում. «Դե, գնա բողոքի»։ Ոստիկանի միջոցով դուրս են հանում իրենց ավանդատուին։ Գործը հասնում է Կենտրոնի ոստիկանություն։ Սկսված նախաքննությունն անմիջապես ավարտվում է հետեւյալ պատճառաբանությամբ. «Փաստերը չեն համապատասխանում իրականությանը»։ Ու քրգործ չեն հարուցում։ Թոշակառուն դիմում է գլխավոր դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, կոռուպցիայի դեմ պայքար հռչակած պետական եւ հասարակական կառույցներին։ Ոչ ոք չի ապացուցում, որ Ն. Խաչատրյանը զրպարտում է։ Ոչ ոք չի ապացուցում, որ Ն. Խաչատրյանը երազ է տեսել։ Ինչպե՞ս հայտնվեցին բանկի աշխատակիցների կողմից Ն. Խաչատրյանին տրված դրամի թղթե օղակը, լուսանկարում պատկերված դրամները, դրանց համարանիշերը։ Եթե Ն. Խաչատրյանը որպես ավանդատու չի ստացել այդ դրամները եւ կեղծում է, ապա ի՞նչն է խանգարում քրեական գործ հարուցել նրա նկատմամբ։ Չէ՞ որ գուցե գործ ունենք մեկի հետ, որը (ինչպես բանկն է «քցում») ինքն է փորձել «քցել» բանկին։ «Ինձ չեն լսում, չեն ընդունում։ Այս տարիքում ինչքա՞ն կարող եմ քարշ գալ այս կաշառակերների դռներին»,- հարցնում է այդպես էլ իր փողի երեսը չտեսած քաղաքացին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել