Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԲ-Ի «ԴԵՂԱՏՈՄՍԵՐՈՎ» ԵՎ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈԻԹՅԱՄԲ

Հուլիս 21,2004 00:00

ՀԲ-Ի «ԴԵՂԱՏՈՄՍԵՐՈՎ» ԵՎ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈԻԹՅԱՄԲ Երեկ մեկնարկեցին ընդունելության քննությունները Երեկ ողջ հանրապետությունով մեկ սկսվեցին ընդունելության քննությունները: Այս տարի հանրապետությունում ընդհանուր թվով 17,5 հազար դիմորդ ունենք, որոնցից միայն 11 հազարը ուսանող կդառնա՝ վճարովի եւ պետպատվեր համակարգերում: ԿԳ նախարար Սերգո Երիցյանը, այցելելով մայր բուհ, բոլորին խորհուրդ տվեց չհուզվել, «որովհետեւ շատ դեպքերում հենց հուզականությունն է խանգարում, որ երեխաները կարողանան իրենց գիտելիքները դրսեւորել: Հանձնաժողովներին հրահանգ եմ տվել, որ իրենց բարի վերաբերմունքով կարողանան այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ երեխան երբեք իրեն օտար չզգա լսարանում: Ավելի քան վստահ եմ, որ այդ տրամադրությունը կօգնի նրանց»: Նախարարը նաեւ մի ցանկություն ունի՝ քննական թեժ ամառը կամաց-կամաց դարձնել «քննական հանգիստ ամառ», մանավանդ որ եկող տարիներին կունենանք նոր համակարգ, որը թույլ կտա մեկտեղել դպրոցի ավարտական եւ ընդունելության քննությունները: Ի դեպ, նոր համակարգի մասին: Միայն վերջերս ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը «քաղաքական հայտարարություն» արեց՝ նշելով, որ ՕԵԿ-ն անելու է ամեն ինչ, որպեսզի Հայաստանում վերանա ընդունելության քննություն հասկացությունը: Ակնարկելով ասվածը՝ Սերգո Երիցյանին հարցրինք՝ արդյո՞ք ՕԵԿ-ի շնորհիվ է, որ նման ծրագիր պետք է իրականացվի։ «Ես կարծում եմ, որ մեր երկրում կրթական բարեփոխումները կամ քաղաքական փոփոխությունները չպետք է ասել՝ այս կամ այն կուսակցության շնորհիվ է, այլ այն քաղաքականության, որ այսօր կոալիցիոն կառավարությունը վարում է»՝ եղավ պատասխանը: Հիշեցնենք՝ խոսքը գիտելիքների գնահատման կենտրոնի ստեղծման մասին է, ինչի նախագիծն առաջարկել է Համաշխարհային բանկը՝ Սերգո Երիցյանի պաշտոնավարումից էլ առաջ, եւ ստացվել է այնպես, որ իրականացնողը այժմ պետք է լինի Ս. Երիցյանը եւ ոլորտի պատասխանատուները: Իսկ ՕԵԿ-ի կամ կոալիցիոն կառավարության «վարած քաղաքականությունը» տվյալ դեպքում այնքան էլ կապ չունի: Վերադառնալով ընդունելության ներկայիս վիճակին, ասենք, որ այս քննություններում վերահսկողություն իրականացնելու գործում մեծ է լինելու նախագահի վերահսկողական ծառայության դերը: Ծառայության տեսուչները կմասնակցեն նաեւ աշխատանքների ստուգման գործընթացին: Ըստ ԿԳ նախարարի, վերահսկողության մեխանիզմը մնացել է նույնը (չնայած ծնողներն ու հ/կ-ները մի քանի առաջարկ էին ներկայացրել՝ մեխանիզմը փոխելու, ինչը թույլ կտար քննական լարվածությունը մեղմել). «Այն իրականացնում է կրթության եւ գիտության նախարարությունը, մեզ աջակցում է նախագահի վերահսկողական ծառայությունը: Մենք խնդրել ենք, որպեսզի մեզ օգնեն: Հուսով եմ, որ ընդհանուր ուժերով կարող ենք այդ ամենը կատարել»: Իսկ նախորդ տարիների սխալների հիման վրա ի՞նչ շտկումներ են արվել՝ քննական գործընթացն առավել թափանցիկ դարձնելու համար: Այս հարցին ի պատասխան՝ նախարարը մատնանշեց որոշ առարկաների գծով բովանդակային փոփոխությունները. «Բովանդակային փոփոխություններ են եղել մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա առարկաների դեպքում. 1, 2 տարբերակներից ձերբազատվեցինք: Լինում էին դեպքեր, երբ երեխան բարդն ավելի լավ էր գրում, քան պարզը: Բովանդակային փոփոխության արդյունքում երեխան ի վիճակի կլինի մեկ քննության ժամանակ կենտրոնանալով՝ ստանալ մեկ ամբողջական գնահատական եւ ոչ թե տարընթերցումների տեղիք տալ: Ինչ վերաբերում է մնացած խնդիրներին, ինչպես եւ անցած տարի, քննասենյակների դռները բաց են բոլորի համար»: Այս տարի փոփոխվել է առարկայական հանձնաժողովների նախագահների ողջ կազմը, բացի հայոց լեզու 2-ից եւ իսպաներենից: Սակայն նախարարը հավաստիացնում է, որ անցյալ տարի կարգապահական խախտումների կամ չարաշահման որեւէ դեպք չի գրանցվել: Եվ նույնիսկ այն, որ այս տարի հայոց լեզվի հանձնաժողովներից մեկի նախագահի պաշտոնից հրաժարվել էր Յուրա Ավետիսյանը, ամենեւին էլ վերեւների վերահսկողության պատճառով չէ, այլ միայն առողջական խնդիրների. «Յուրաքանչյուր տարի կարող են թարմացվել՝ ելնելով նրանից, թե արդյոք ի վիճակի՞ են առողջական եւ ամենատարբեր պատճառներով. սա բնականոն ընթացք է: Մի վերջին հաշվով այդ փոփոխություններն ամեն տարի կատարվել են, բայց յուրաքանաչյուր տարի ունի իր պահանջները, այդ պահանջներից ելնելով պետք է փորձենք հանձնաժողովների կազմում եւս փոփոխություններ մտցնել»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել