Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-ամերիկյան կոալիցիա՞

Հուլիս 21,2004 00:00

Ռուս-ամերիկյան կոալիցիա՞ Ամերիկյան հեղինակավոր Stratfor վերլուծական գործակալությունը նախօրեին սենսացիոն տեղեկատվություն է տարածել այն մասին, թե Վաշինգթոնի եւ Մոսկվայի միջեւ գաղտնի բանակցություններ են ընթանում՝ մի շարք լուրջ տնտեսական փոխզիջումների դիմաց շուրջ 40 հազար ռուսական զինծառայողների Իրաք ուղարկելու շուրջ: Այս մասին կարդում ենք NEWSru.com ինտերնետային տեղեկատվական կայքում: Հղում կատարելով ռուսական աղբյուրներին՝ Stratfor-ը հաղորդում է, թե Ջորջ Բուշը դիմել է Կրեմլին՝ առաջարկելով արդեն եկող աշուն մեծաքանակ զինստորաբաժանումներ տեղակայել Աֆղանստանում եւ Իրաքում: Խոսքն, ինչպես արդեն վերը նշվեց, 40 հազարանոց զորախմբի մասին է, որն իր մեջ, մասնավորապես, կներառի երեք մոտոհրաձգային դիվիզիա եւ օդադեսանտային մեկ բրիգադ: Stratfor-ի՝ «ՌԴ ԱԽ-ին» մոտ կանգնած աղբյուրները հաստատում են, որ նախագահ Պուտինը «սկզբունքորեն համաձայնել է» ընդառաջ գնալ Սպիտակ տան ցանկությանը եւ նույնիսկ հրահանգել է Գլխավոր շտաբին՝ մինչեւ հուլիսի վերջը գործողության պլան մշակել: Stratfor-ում մինչեւ անգամ նշում են, որ Վաշինգթոնը կնախընտրեր չեչեն գրոհայինների դեմ տասնամյա մարտերում կոփված ռուսական զինուժը կենտրոնացնել այսպես կոչված՝ «սունիթական եռանկյունում», ուր հակաամերիկյան տրամադրությունները հատկապես ուժեղ են արտահայտված: Այս ամենի դիմաց Մոսկվան նյութական լուրջ դիվիդենդներ է ակնկալում: Մասնավորապես, նշվում է, թե ՌԴ արդյունաբերության եւ Էներգետիկայի նախարարությանը հանձնարարված է պատրաստել «հանդիպակաց պահանջների ցանկ»: Այդ պահանջների մեջ առանձնանում են հատկապես երկուսը՝ ռուսական նավթային ընկերությունների՝ Բաղդադ վերադառնալու հարցում Վաշինգթոնի համաձայնությունը եւ Ռուսաստանի՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպություն ընդունվելու հետ կապված բոլոր խոչընդոտների վերացումը: Stratfor-ի փորձագետների՝ վերոհիշյալ գործարքի օգտին ներկայացրած փաստարկները հետեւյալն են. Ռուսաստանի կողմից Իրաքի հարցում ցուցաբերվելիք ծանրակշիռ ռազմաքաղաքական աջակցությունը «կխանգարեր Ֆրանսիայի, ԳԴՀ-ի եւ Ռուսաստանի՝ մինչ այդ հանդես բերած միասնական հակազդեցությանը ԱՄՆ-ի Մերձավոր ու Միջինարեւելյան քաղաքականությանը: Իսկ երկարաժամկետ հեռանկարում այն կխոչընդոտեր նաեւ ամերիկյան գերիշխանության դեմ ձեւավորվելիք Ռուսաստան-Չինաստան-Հնդկաստան հավանական ալյանսի ստեղծմանը»: Իսկ ամեն ինչից զատ, այս նախընտրական տարում դա ուղղակի չտեսնված նվեր կլիներ նախագահի թեկնածու Ջորջ Բուշին: Նշենք, որ այս տեղեկատվությունը երեկ իսկ հերքվել է ինչպես ՌԴ ԱԳ, այնպես էլ պաշտպանության նախարարությունների կողմից: «Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է. մենք չենք պատրաստվում Իրաք եւ Աֆղանստան ուղարկել ռուս զինծառայողների»,- մասնավորապես ասել է ՊՆ խոսնակ Սեդովը: Այսուհանդերձ, դժվար է ենթադրել, որ անգամ հավաստի լինելու դեպքում Մոսկվան նույն օրն իսկ կհաստատեր այսչափ դժվարամարս տեղեկատվությունը: Պատրաստեց ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել