Իրենց կատարած ու չկատարած գործերի մասին ԶԼՄ-ներին, հետեւաբար՝
հասարակությանը զեկուցելու հերթը երեկ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանինն
էր։
Ի տարբերություն մինչ այժմ «Արմենպրեսի» սրահում հյուրընկալված մյուս մարզպետների, պրն Շահգալդյանը հանդիպման էր եկել «զինված»՝ մարզի մասին բավականին ծավալուն տեղեկատվությամբ եւ գունավոր, պատկերազարդ գրքույկներով։ Կոտայքի մարզպետը նախ հայտնեց, թե ինքը արտադրության մարդ է, կյանքի մեծ մասը եղել է արտադրության մեջ։ Եվ հետո հպարտացավ, թե իր գլխավորած մարզում բազմաթիվ են աշխատող ձեռնարկությունները։ Զգալի աճ է արձանագրվել մարզում՝ պատրաստի արտադրանքի իրացման գծով։ Այս մարզում է կենտրոնացած հանրապետության ադամանդի արտադրությունը, սակայն առանց դրա էլ արտադրանքի արտահանումների ծավալը կազմել է շուրջ 900 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23 տոկոսով։ Ըստ մարզպետի տեղեկատվության, մարզում զգալի աճ է արձանագրվել շինանյութի արտադրության բնագավառում։
Կոտայքի մարզը հայտնի է որպես հանգստի գոտի եւ այնտեղ ակտիվացել է հանգստյան տների շինարարությունը։ Հանքավանի ձորում հանգստի համալիր է կառուցում «Կիլիկիա» գարեջրի գործարանը, իսկ Ծաղկաձորում ժամանակակից հյուրանոցային համալիր է կառուցում «Մուլտի Գրուպն» եւ Չարենցավանի «Արմավտո» գործարանը։ Սկսվել է Ծաղկաձորի ճոպանուղու 1500 մետր երկարությամբ առաջին ու երկրորդ կայանների շինարարությունը։
Կովալենկո Շահգալդյանը չմոռացավ նշել, որ մարզում առկա են նաեւ խնդիրներ՝ գործազրկություն եւ այլն։ Սակայն անմիջապես էլ հավելեց, թե հանրապետության նախագահի եւ կառավարության ջանքերով առկա բոլոր խնդիրները, ինչպես Կոտայքի մարզում, այնպես էլ հանրապետության մյուս մարզերում, կլուծվեն։
«Առավոտը» նկատեց, որ ըստ էության ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եթե Երեւանում չէ, Ղարաբաղում չէ, արտասահմանյան շրջագայության չի մեկնել, ապա հաստատ Կոտայքի մարզում է։ Ձմռանը նա Ծաղկաձորում դահուկ է քշում, ամռանը՝ մարզական ընտանիքներին է պարգեւատրում։ Արդյո՞ք ՀՀ նախագահի հաճախակի այցերը Կոտայքի մարզ որեւէ կերպ օգնում են կոտայքցիներին։ Մարզպետը առիթը բաց չթողեց՝ գովելու երկրի նախագահին, ասելով, թե վերջինս ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահում մարզի հոգսերը. «Հանրապետության նախագահի այցերը մարզ, իհարկե, դրական նշանակություն ունենում են մեզ վրա։ Մենք ավելի զգաստ եւ ուշադիր ենք աշխատում։ Շատ ու շատ հարցերի շուրջ հնարավոր է լինում կիսվել, զրուցել հանրապետության նախագահի հետ։ Եվ մենք շատ շնորհակալ ենք, որ հանրապետության նախագահը Ծաղկաձորն է ընտրել իր հանգստի վայր»։
Մ. Ե.