ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆԸ ԴԵՄ ՉԷ
ՀԺԿ մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանը երեկ անդրադարձել է մեր
«Անհամատեղելիությո՞ւն» հրապարակմանը, որում, ըստ նրա, ճիշտ չի հասկացվել
կամ մեկնաբանվել իր դիրքորոշումը Հայաստանի վրա գլոբալացման դրական եւ բացասական
ազդեցությունների շուրջ:
Երեկ նա մեզ փոխանցեց հետեւյալը. «Ցավում եմ, որ «Առավոտում» իմ ելույթը սեմինարի ընթացքում թյուրիմացաբար սխալ է լուսաբանվել: Ես իմ ելույթում բառացի ասել եմ, որ «գլոբալացում անվանումը ստացած գործընթացները ենթադրում են աշխարհի միասնականացում մարդկային կենսագործունեության բոլոր ոլորտներում, եւ դրանք ունեն ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր, եւ մենք, ցանկանում ենք թե՝ ոչ, դուր է գալիս մեզ թե՝ ոչ, պետք է մասնակից դառնանք այդ գործընթացներին, բայց այդ պարագայում պետք է լուծենք մեկ խնդիր. մենք պետք է կայանանք որպես պետություն, ունենանք մեր ինքնուրույն դեմքն ու տեղը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում, որպեսզի ինտեգրումը այդ գործընթացներին առավելագույնս նպաստավոր լինի ՀՀ-ի համար: Ելույթի ընթացքում ես նաեւ նշեցի, որ գլոբալացման ժամանակակից փուլը առանձնանում է հումանիստական ուղղվածությամբ, ինչը շատ կարեւոր է Հայաստանի տիպի երկրների համար: Այսինքն՝ առաջ են քաշվում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ ժողովրդավարության զարգացումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, խոսքի ազատությունը»:
Սեփ. լր.