Հայաստանում
իշխանությունները բարձր են գնահատում «գործ տվողներին»
Գրանցվել է ՄՀՆՋ վետերանների «Վերածնունդ» հասարակական կազմակերպությունը: Առաջին հայացքից շարքային եւ ոչինչ չասող այս լուրը հետաքրքիր է դառնում այն պահից, երբ տեղեկանում ենք, թե ով է այդ կազմակերպության նախագահը: «Վերածնված» հ/կ-ի ղեկավարն է ժամանակին ավազակախումբ ստեղծելու, սպանություններ կազմակերպելու, մարդկանցից խոշոր գումարներ շորթելու եւ հազար ու մի այլ մեղքերի համար դատապարտված ՆԳ ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանը, ում նկատմամբ դատարանը բավականին մեղմ գտնվեց՝ հաշվի առնելով նրա մատուցած ծառայությունները իշխանություններին: Հիշեցնենք, որ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դեմ գործը «սարքվել» էր միմիայն նրա վկայության հիման վրա: Նման անգնահատելի ծառայությունը ապարդյուն չանցավ. Վահան Հարությունյանը 2002 թ. հունիսի 26-ին ազատ արձակվեց: Իսկ 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ գլխավորում էր Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ենթաշտաբը՝ Սարի թաղում:
Այժմ այդ արժեքավոր կադրի վերածնունդը շարունակվում է: Հիմա արդեն նա պատրաստվում է «Վերածնունդ» կազմակերպության շրջանակներում «օգտագործել իրեն ընձեռված օրինական հնարավորությունները եւ իր նպաստը բերել հանրապետության կյանքին՝ զեղծարարներից անաղարտ պահելով շարժման պատմությունը»: Ազնիվ ցանկություն է, չէ՞, հատկապես, եթե հաշվի առնենք, որ «Վերածնունդը» «պետության եւ պետականության ջատագովն է, եղել է, կա եւ կլինի օրենքի եւ օրինականության կողմնակիցն ու ջատագովը»: Ավելին, Վահան Հարությունյանի ղեկավարած «Վերածնունդը» պատրաստվում է «մասնակցել պետության ներքին կայունության եւ անվտանգության ապահովման գործընթացին»: Հուսով ենք՝ ոչ այն մեթոդներով, որով պարոն Հարությունյանը գործել է 1993-95-ին:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հ. Գ. Ինչպես նշված է «Վերածնունդ» հ/կ-ի հայտարարության
մեջ, «կազմակերպության ստեղծման կապակցությամբ նրա ղեկավարությունը դիմել
է ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության
նախարար Սերժ Սարգսյանին եւ ՀՀ ոստիկանապետ Հ. Հարությունյանին եւ ստացել
նրանց համաձայնությունը»: