Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՆԴԻՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔՆ Է

Հուլիս 21,2004 00:00

Ամենաարդար
ընտրություններն անց են կացվել
ամենավատ օրենսգրքով
«Ընտրական օրենսգրքի» նոր տարբերակի քննարկումներին ընդդիմությունը չի մասնակցում եւ չի էլ պատրաստվում մասնակցել։ «Արդարություն» խմբակցության անդամ, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանին հարցրինք՝ եթե աշնանը կոալիցիոն քաղաքական ուժերը քննարկեն եւ ընդունեն նոր «Ընտրական օրենսգիրք», ի՞նչ է ասելու ընդդիմությունը։ Ենթադրաբար, ասելու է՝ իրենք իրենց հագով օրենսգիրք են մշակել։ Ուրեմն, արդյոք փակ շրջան չի՞ ստացվում, որից դուրս գալու ելքերը առայժմ չեն երեւում։ Շավարշ Քոչարյանը մեր դիտարկումներին ի պատասխան՝ պարզաբանեց. «Օրենսդրական նախաձեռնությունների հարցում հեղինակային իրավունք գոյություն չունի։ Այսինքն՝ մեր գրած «Ընտրական օրենսգիրքը» հրապարակված է։ Մենք որեւէ խնդիր չունենք, եթե իրենք ուղղակի օգտագործել են մեր տարբերակը։ 2001 թվականից ես այդ նախագծի հեղինակներից էի։ Ամբողջ նախորդ ԱԺ-ն տապալեց այդ գործընթացը, որը խիստ կարեւոր էր Հայաստանի համար։ Հետո հայտնվելով նոր պարտավորությունների առջեւ՝ ստիպված գնացին այդ քայլին՝ ներկայացրին իրենց տարբերակը։ Այստեղ մենք խնդիր չունենք։ Արձանագրենք՝ ի՞նչ նպատակով է կոալիցիան այս հարցում ուզում նստել-խոսել մեզ հետ։ Ի՞նչ հարցով. եթե «Ընտրական օրենսգրքի», ապա այն հրապարակված է, խնդրեմ, թող վերցնեն-օգտագործեն։ Սա հարցի մեկ կողմն է»։

Հարցի մյուս կողմը, ըստ Շավարշ Քոչարյանի, այն է, որ փոփոխողները նաեւ հայտնում են, թե գործող օրենսգիրքը լավը չէ. «Իրականությունը հետեւյալն է՝ սկսած 90 թվականից օրենսգիրքը անընդհատ լավացել է։ Դա փաստ է։ 90 թվականին մենք ունեցել ենք ամենավատ օրենսգիրքը՝ դա խորհրդային օրենսգիրքն էր։ Բայց նույն 90 թվին մենք ունեցել ենք ամենաարդար ընտրությունները։ Դրանից հետո անընդհատ օրենսգիրքը բարելավվել է։ Իհարկե, նա, ով եղել է որոշողը՝ պահպանել է իր համար անհրաժեշտ սողանքները։ Այսինքն ակնհայտ է՝ օրենսգիրքը բարելավվում է, ընտրությունները ավելի խայտառակ են դառնում։ Ուրեմն խնդիրը ոչ այնքան օրենսգրքի մեջ է, որքան՝ քաղաքական կամքի։ Հարկավոր է ունենալ քաղաքական կամք՝ արդար ընտրություններ կազմակերպելու համար։ Հենց քաղաքական կամքի բացակայությունը երեւում է նաեւ երկխոսության այս կեղծ կոչերից։ Միայն մեկ օրինակ բերեմ, քանի որ Հայաստանի պատմության մեջ միայն մեկ անգամ է եղել դեպք, երբ մեծամասնությունը անկեղծ ձգտում էր համագործակցել ընդդիմության հետ։ Եվ դա 99 թվականին էր, երբ Կարեն Դեմիրճյանը ԱԺ նախագահն էր, իսկ Վազգեն Սարգսյանը՝ երկրի վարչապետը։ Այն ժամանակ կայացվեց աննախադեպ որոշում՝ ԱԺ մշտական հանձնաժողովների 6 նախագահներից երեքը առաջարկվեց ընդդիմությանը։ Սա կոնկրետ քայլ էր. մենք մնալով ընդդիմադիր՝ մեր գիտելիքներն ու փորձը օգտագործելու հնարավորություն ստացանք։ Սա միակ դեպքն էր, որը շատ կարճ տեւեց՝ «Հոկտեմբերի 27»-ից հետո ամեն ինչ փոխվեց»։ Շավարշ Քոչարյանի կարծիքով, այսօրվա մեծամասնությունը հակված չէ իրական երկխոսության, բայց դրա մեղավորը, ըստ պատգամավորի, ոչ թե մեծամասնությունն է, այլ «Ռոբերտ Քոչարյանը»։

Շավարշ Քոչարյանը վստահություն հայտնեց, որ «երբեւիցե Ռոբերտ Քոչարյանի օրոք խորհրդարանական մեծամասնությունը, որին բնորոշ է եղել (համենայնդեպս՝ 2000-ի վերջից սկսած) ծառայել նախագահին, երբեւէ հակված չի եղել համագործակցել ո՛չ Սահմանադրության հարցում, ո՛չ «Ընտրական օրենսգրքի»։ Ավելին, արդեն այս տարվա փետրվար ամսին Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ-ն կազմակերպել էին հատուկ քննարկում Երեւանում։ Սրա նպատակն էր քննարկել փորձագետների հարյուրավոր առաջարկները։ Ինչն էր զարմանալի՝ այս քննարկումներին մեծամասնությունից որեւէ մեկը չմասնակցեց։ Ընդամենը Վահան Հովհաննիսյանը բացման խոսք ասաց ու հեռացավ։ Եվ այդ հետաքրքիր սեմինարին, որին ներկա էին ե՛ւ խորհրդարանում ներկայացված ընդդիմությունը, ե՛ւ արտախորհրդարանական ուժերը, լուրջ քննարկումներ եղան։ Իսկ մեծամասնությունը չկար։ Ի վերջո, իրենց նպատակը հետեւյալն է՝ այն, ինչը որ նախագահական նստավայրից «դաբրո» կստանա (ներողություն այդ բառի համար), կլինի իրենց նախագիծը։ Ցավոք, սա է իրավիճակը։ Եվ եթե իրենք կոչ են անում՝ եկեք համագործակցենք, ապա դա, չեմ ուզում կոպիտ բառ օգտագործել, բայց՝ անբարոյական է։ Իրենք բոլորովին էլ ցանկություն չունեն ընդդիմության հետ համագործակցելու։ Ի վերջո, մենք երբեք չենք խուսափել Սահմանադրությունը եւ «Ընտրական օրենսգիրքը» քննարկելուց։ Բայց մենք նաեւ արձանագրել ենք՝ ցանկացած երկխոսության մեջ առաջնայինը, ինչը, ի դեպ, նշված է նաեւ ԵԽԽՎ 1374 բանաձեւում, այն է, որ երկխոսությունը պետք է լինի ստեղծված իրավիճակի մասին։ Ի դեպ, մեր վերջին հայտարարությունը հենց այդպես էլ ձեւակերպված է»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել