Ինչպես է ՀՅԴ-ն պայքարում կոռուպցիայի դեմ
«Սասուն-33» ՍՊԸ-ն, որին պատկանում է Աշտարակ-Գյումրի մայրուղում գտնվող «Ռեստորանային համալիրի մեկ հարկանի քարե շինությունը, դեռ 1997-ից սեփականության իրավունքով պատկանում էր Ուջան գյուղի բնակիչ Տարոն Հակոբյանին: Ավելի ուշ, սակայն, Տ. Հակոբյանը իր սեփականության մի հատվածը գրավ է դրել «Հայխնայբանկում»՝ դրա դիմաց վարկ ստանալու համար, եւ իր վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով 03.12.1999 թ. Արագածոտնի առաջին ատյանի դատարանի վճռով որոշվել է «Սասուն -33» ՍՊԸ-ից, հօգուտ «Հայխնայբանկի», բռնագանձել 32.629.627 դրամ պարտքի գումարն ու 652.592 դրամ նախապես մուծված պետտուրքը՝ բռնագանձումը տարածելով գրավ դրված արտադրական սննդի կետի վրա: Տ. Հակոբյանի մատուցմամբ, իր օբյեկտը եղել է 880 քմ շինարարական տարածք, թեեւ իրականում նոտարով գրանցված է եղել ընդամենը 382 քմ-ը: Աճուրդի հանված կետը մարզային ԴԱՀԿ-ն գնահատել է 15.700.000 դրամ: Ավելի ուշ, Տ. Հակոբյանը որոշել է վաճառել իր ողջ սեփականությունը: «Ինձ մոտ եկավ այն ժամանակ դեռ Արագածոտնի մարզպետի տեղակալ, իսկ այսօր մարզպետի խորհրդական Համբարձում Կարապետյանը՝ իր վարորդ Պետրոսի, Մասիս անունով մի հոլանդացու եւ էլի սփյուռքահայ Վարդգես Հագոփյանի հետ՝ բոլորն էլ դաշնակ, օբյեկտն առնելու համար: Խոսեցինք, նույնիսկ գործարքի սկիզբը շնորհավորեցինք եւ պայմանավորվեցինք 2 օր անց գործարքը ձեւակերպել: Օբյեկտն ամբողջությամբ գնահատել էի 60 հազար դոլար, իրենք էլ համաձայնել էին»,- պատմեց Տ. Հակոբյանը: Ըստ նրա, պայմանավորված օրը նրանք այդպես էլ չէին հանդիպել: Հետո պարզվել էր, որ Վ. Հագոփյանի եւ Մասիսի մեջ տարածքը գնելու հետ կապված ինչ-ինչ տարաձայնություններ են եղել: Ավելի ուշ Վ. Հագոփյանը կրկնել էր այդ տարածքը գնելու իր մտադրության մասին:
«Բարձրացանք մարզպետարան՝ Համբարձում Կարապետյանի մոտ, եւ նրա ներկայությամբ համաձայնության եկանք, որ Վ. Հագոփյանը, որն, ի դեպ, ապրում էր Հ. Կարապետյանի տանը, իմ կուտակած պարտքերը կմարի, հետո 25 հազար դոլարի ներդրում կանի, եւ օբյեկտը կլինի կես-կես՝ մեր (այսինքն՝ Հակոբյանի եւ Հագոփյանի- Ն. Մ. ) համատեղ սեփականությունը): Համաձայնության գալուց հետո գնացինք Արագածոտնի ԴԱՀԿ ծառայության պետի՝ Գ. Այվազյանի մոտ: Վ. Հագոփյանը մուծումներն արեց, ծառայության աշխատակիցն էլ առաջարկեց գործարքը գրավ դրված տարածքի մասով կնքել մեզանից մեկի անունով, որպեսզի հետո նոտարով հաստատենք մեր համասեփականությունը: Համաձայնեցի: Վ. Հագոփյանը սկսեց զբաղվել կադաստրի հարցերով, որովհետեւ Արագածոտնի այն ժամանակվա մարզպետ Հրայր Կարապետյանը մոտ է Վ. Հագոփյանի հետ: Հագոփյանը վճարումներն արեց, բայց գրավ դրված 249.6 քմ տարածքը ԴԱՀԿ-ն եւ կադաստրի մարզային վարչությունը դարձրեցին 880 քմ եւ, որպես իր սեփականություն, նոտարով պայմանագիր կնքեցին, տվեցին նրա ձեռքը դեռ 2003-ի մարտի 20-ին, բայց լռում էր»,- պատմեց Տ. Հակոբյանը:
Թերեւս շատերն արդեն ենթադրեցին, որ Տ. Հակոբյանին մինչ օրս այդպես էլ չի հաջողվել ձեռք բերված պայմանավորվածության համաձայն դառնալ իր ունեցվածքի համասեփականատեր: Ինչպես ինքը՝ Տ. Հակոբյանը, խոստովանեց՝ «հայրենասեր» սփյուռքահայն իրեն «քցել» էր: Տ. Հակոբյանն էլ հոգնելով դատական քաշքշուկներից եւ անօրինական ու անհեթեթ վճիռներից, որոնցից մի քանիսը կան մեր ձեռքի տակ, արդեն հասցրել է դիմել ՀՀ պետական գրեթե բոլոր ատյաններ՝ մարզային առաջին ատյան, ապա՝ վերաքննիչ դատարաններ, ՀՀ նախագահին, ՀՀ օմբուդսմենին եւ, ի վերջո, ՀՀ Գլխավոր դատախազին: Բոլորն էլ՝ ապարդյուն: Թե ինչու՝ նախկինում դաշնակցական Տ. Հակոբյանն իր բացատրությունն ունի: «Այս ամենի ետեւում կանգնած են Արագածոտնի նախկին մարզպետ Հրայր Կարապետյանը, իր բարեկամ՝ մարզպետի տեղակալ Համբարձում Կարապետյանը, որոնք մարզային ԴԱՀԿ-ի, կադաստրի ծառայության եւ դատարանների ու դատախազության հետ աշխատում են ձեռք ձեռքի տված: Կոռուպցիայի դեմ են պայքարում, իսկ այսօր Հրայր Կարապետյանը, որ մարզպետ եղած ժամանակ, թերթերի ասելով, միլիոններ կերավ, հիմա, փոխանակ Կոշի գաղութում լիներ, պատգամավոր է: Այդ նույն դաշնակցությունը ներքին կարգով ուզում էր Ուջանի հողերն առնել. նման ծրագիր ունեին: Ուզում են մարզը դարձնել լրիվ դաշնակցական մարզ: Կան մարդիկ, ովքեր 1000 մետր հող ունեն, հիմա նրանք ուզում են անհատների միջոցով որպես սեփականություն դրանք գնել: Դրան դեմ մարդկանցից մեկն էլ ես եմ եղել, որովհետեւ այդ հողերից մեկն էլ իմ հայրն ունի, նաեւ իմ օբյեկտն է դրա մեջ մտնում, որի վրա քրտինք եմ թափել, պտղատու ծառեր եմ տնկել: Նման խարդախ մարդու, ինչպիսին այդ Վ. Հագոփյանն է, ես երբեք չեմ հանդիպել: Իր գործերը միշտ առաջ է տարել՝ եւ որպես դաշնակ, եւ Հրայր Կարապետյանի ուժերն օգտագործելով: Իսկ Արագածոտնի դատախազությունում Համբարձումի հետ այնպես են խոսում, կարծես իրենց դիմաց Սուլթան Համիդն է նստած: Իսկ հասարակ մարդկանց վերաբերվում են այնպես, ինչպես ուզեն»,- հավելեց Տ. Հակոբյանը:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ