Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԸ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆՆ Է

Հուլիս 20,2004 00:00

ՀԵՐԹԸ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆՆ Է Աթենքում կայանալիք ամառային 28-րդ օլիմպիական խաղերի բացմանը մնում է 24 օր: Հայաստանցի մարզասերներին, անշուշտ, հետաքրքրում է, թե ի վերջո մեր հանրապետությունից քանի՞ մարզիկ- մարզուհի է հանդես գալու Խաղերում, ե՞րբ են մեր օլիմպիոնիկները մեկնելու մրցավայր: Մեր զրուցակիցը ՀԱՕԿ-ի փոխնախագահ, օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության շեֆ-միսիա Հարություն Յավրյանն է: – Պարոն Յավրյան, Աթենքում մեր երկրի մարզական դրոշի պատիվը քանի՞ հոգի է պաշտպանելու: – Խաղերին անմիջականորեն մասնակցող պատվիրակության վերջնական կազմի հետ կապված միայն վերջերս հստակություն մտավ: Այսօրվա դրությամբ մենք օլիմպիական խաղերին ներկայացնելու իրավունք ունենք 18 մարզիկի՝ չորսական ծանրորդի եւ ազատ ոճային ըմբիշի, երեք հունահռոմեական ոճայինի, մեկական ձյուդոիստի, բռնցքամարտիկի, հրաձիգի, լողորդուհու, թենիսիստի եւ երկու ատլետի: – Եթե հնարավոր է, տվեք նաեւ մարզիկների անունները: – Մոտ 90 տոկոս ճշգրտությամբ կարող եմ ասել: Սակայն կան մարզաձեւեր, որոնցում վերջնական անունները հայտնի կդառնան հավանաբար մեկ շաբաթ հետո: Օրինակ, մենք Աթենք գործուղելու իրավունք ունենք չորս ծանրորդի՝ 69, 77, 85, +105կգ քաշային կարգերում: Սակայն ներկայումս որոշ քաշերում ունենք հավասարազոր տղաներ, ու մարզիչները դեռ պետք է կողմնորոշվեն, թե ում ընտրեն: Նույնը կատարվում է նաեւ հունա-հռոմեական ոճի ըմբշամարտում: – Այդուհանդերձ, թվարկեք նրանց անունները, որոնց մասնակցությունն այլեւս կասկած չի հարուցում: – Հրաձգություն՝ Նորայր Բախտամյան, ձյուդո՝ Արմեն Նազարյան՝ 60կգ, ազատ ոճի ըմբշամարտ՝ Մարտին Բերբերյան՝ 55կգ, Արայիկ Գեւորգյան՝ 74կգ, Մամեդ Աղաեւ՝ 84կգ, առայժմ բաց է 66կգ-ի հարցը, հունահռոմեական ոճ՝ Վաղինակ Գալստյան՝ 66կգ, Լեւոն Գեղամյան՝ 84կգ, Հայկազ Գալստյան՝ 120կգ, ատլետիկա՝ Արմեն Մարտիրոսյան՝ եռացատկ եւ Մարինե Ղազարյան՝ վազք, լող՝ Վարդուհի Ավետիսյան՝ բրաս լողաոճ, թենիս՝ Սարգիս Սարգսյան եւ բռնցքամարտ՝ Ալեքսան Նալբանդյան՝ 48կգ: Ինչ վերաբերում է ծանրորդներին, գուցե կարելի է այստեղ էլ անուններ տալ, սակայն ժամանակից առաջ չընկնենք: – Դուք անուններ ասացիք, ովքեր վարկանիշ չեն նվաճել: Ինչպե՞ս են նրանք հայտնվել մասնակիցների ցուցակում: – Այս հարցի պատասխանն անպայման ուզում եմ տալ: Լրատվամիջոցներում հաճախ է նշվում «սպիտակ քարտ» արտահայտությունը: Մեր պարագայում այդպիսի հասկացություն չկա: Այդ չարչրկվող «սպիտակ քարտն» իրականում եռակողմ հանձնաժողովի կողմից հատկացված լրացուցիչ տեղերն են: Իսկ այդ հանձնաժողովում ընդգրկված են ՄՕԿ-ի, տվյալ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի եւ Ազգային օլիմպիական կոմիտեների համաշխարհային ասոցիացիայի ներկայացուցիչները: Ընդ որում, վերջինը պաշտպանում է ԱՕԿ-ների շահերը: Հանձնաժողովը հենց այնպես քվոտաներ չի բաժանում: Օրինակ, լողում պարտադիր չափանիշ է եղել այն, որպեսզի տվյալ մարզիկը կամ մարզուհին անպայման մասնակցած լինի Բարսելոնի աշխարհի առաջնությանը: Այդպես միջազգային ֆեդերացիայի միջնորդությամբ քվոտա է ստացել նաեւ վազորդուհի Մարինե Ղազարյանը: Որոշ մարզաձեւերում «սպիտակ քարտից» կարելի էր օգտվել, եթե դիմեինք: Բայց մենք հրաժարվել ենք այդ քայլից: – Ովքե՞ր են ընդգրկվելու ընդհանուր պատվիրակության կազմում; – Բնականաբար, 18 մարզիկների հետ կլինեն նաեւ մարզիչներ, բժիշկ, մերսողներ, ընդհանուր առմամբ՝ եւս 18 հոգի: Նրանք բոլորը եւ ես՝ որպես շեֆ- միսիա, բնակվելու ենք օլիմպիական ավանում: Բացի այս, Աթենքում լինելու եք նաեւ դուք՝ վեց լրագրողներդ, ՀԱՕԿ-ի ղեկավարությունը, բարձրաստիճան հյուրեր՝ խաղերին նախապատրաստվելու համար կազմված կառավարական կազմկոմիտեից… Իսկ թե վերջիններից ովքե՞ր կլինեն պատվիրակության կազմում, հիմա չեմ կարող ստույգ ասել, քանի որ նրանցից ոմանք, հնարավոր է, զբաղված լինեն իրենց հիմնական պարտականությունների կատարմամբ ու չկարողանան մեկնել Աթենք: – Հայկական պատվիրակությունը ե՞րբ է մեկնում Աթենք: – Տարբեր օրերի մեկնելու է հինգ խումբ՝ oգոստոսի 6-ին, 10-ին, 13-ին, 20-ին, 23-ին: Իսկ Երեւան վերադառնալու է միասնական կազմով՝ օգոստոսի 31-ին: – Նախապատրաստական շրջանի բոլոր ծրագրերը կատարվե՞լ են: – Պետությունը՝ ի դեմս սպորտպետկոմի, Խաղերի նախապատրաստության կառավարական կազմկոմիտեի եւ ՀԱՕԿ-ի, բոլոր ծրագրերը կատարել է: Հիմա հերթը մարզիկներինն է: Հուսանք, որ վերադարձին կունենանք օլիմպիական մրցանակակիրներ: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել