Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողական էսքիզներ

Հուլիս 20,2004 00:00

Ուսանողական էսքիզներ Բոլորը գիտեն, որ ուսանողի օրն անիծյալ զարթուցիչի զրնգոցով է սկսվում։ Առաջին ժամին կարելի է եւ չներկայանալ, բայց հետեւանքներին տեղյակ է միայն դեկանը։ Ճարահատյալ շոր ես գցում վրադ ու դեմքի սարսափելի արտահայտությամբ դուրս ես վազում տնից։ Նախաճաշելը պարտադիր չէ՝ շատ ավելի հետաքրքիր է վերջին ժամերի ընթացքում դասախոսին զզվացնել՝ ասելով, որ մատաղ սերնդի լավագույն ներկայացուցիչները, որ այստեղ են հավաքված՝ սոված են։ Եվ այսպես, դուրս ես գալիս տնից։ Դրսում իհարկե ցուրտ է։ Հասնում ես կանգառ եւ՝ փոքր-ինչ ուշքի գալով, սկսում ես շուրջդ նայել։ Հայտնաբերում ես կողքիդ կանգնած քեզ նման ուսանողների՝ դեմքի անհույս արտահայտությամբ։ Պատկերացնում ես, որ երբ գա տրանսպորտը, այս բոլորով պետք է լցվեք այդ տրանսպորտի մեջ ու արդեն անբարյացակամ հայացքներ ես նետում կողքիններիդ վրա։ Վերջապես գալիս է սպասված ավտոբուսը։ Ինչ-որ ժամանակ անց հասկանում ես, որ բարեբախտաբար մեջն ես հայտնվել։ Բոլոր կողմերից ամուր սեղմված ունկնդրում ես աստվածային մի երգ, օրինակ. «Ջա՜ն, բալե՜ս»։ Տեղ ես հասնում 20-30 րոպե ուշացումով։ Շնչակտուր ներս ես գցվում եւ տեսնում, որ դասախոսը դեռ չի եկել։ Գտնվում է պրովոկատոր, որն ասում է, թե արտասահմանում ընդունված է՝ դասախոսին 20 րոպեից ավելի չեն սպասում։ Ինչո՞վ ենք մենք վատ նրանցից։ Մենք որոշում ենք հետեւել էթիկետին եւ անգլիական ձեւով հեռանում։ Չար լեզուներն ասում են, որ դասախոսը մեր «թռնելու» հաշվարկով է ուշանում, հետո արդարանալու համար, թե նրանք չկային։ Թարմ ուժերով ներկայանում ենք 3-4-րդ ժամերին։ Բայց կեսից արդեն ուժասպառ ենք լինում։ Կարելի է դիմացդ նստածի մեջքի հետեւում թաքնվել եւ քնել՝ միեւնույն է, դասախոսը «հարիֆ» է, «չի ջոկում» (ընդհանրապես, առաջին նստարաններին «կրծողներն» են բնակվում)։ Եթե դուք առավել դաստիարակված եք, կարելի է կարեւորագույն թեմաներ քննարկել՝ ի՞նչ եղավ սերիալի վերջում, ո՞ր տոնավաճառից եք գնել զգեստը, ո՞ւմ «ուզողն» էր եկել, ինչպե՞ս են բազմացնում լոլիկը տան պայմաններում։ Կարելի է նաեւ սեղանին վիթխարի տառերով ձեր անունը անմահացնել։ Անկախ քեզնից՝ ուրիշ բաներ էլ ես գրում։ Ի դեպ, սեղաններին գրածները բարձրաձայն կարդալը ցանկալի ու կոռեկտ չէ։ Օրը օր չէ, եթե լսարանի դուռը դասի ժամանակ առնվազն 5 անգամ չբացվի եւ այլանդակ դեմքով մի երիտասարդ չհարցնի՝ «Էս Սեդուլիկը չի՞ եկել»։ Վերջապես փափագելի մեծ (20 րոպեանոց) դասամիջոցն է։ Լսարաններն ամայանում են, իսկ բակում սկսվում է իրավաբանների «կապոցին»։ Իրավաբան «կապելը» համբերություն եւ գեղեցիկ արտաքին է պահանջում։ Այս դասամիջոցի ընթացքում հարկավոր է կուշտ հաց ուտել, թե չէ չես դիմանա մինչեւ դասերի վերջ։ Վերջին դասին կարելի է ուշանալ՝ միեւնույն է, բոլորը ուշանում են։ Հետո պարզվում է, որ դասի է բարեհաճում գալ կուրսի միայն կեսը՝ մեկի տատիկն է մահացել, մյուսը վատառողջ է կամ գրադարան պետք է գնա, թոշակ ստանա։ Երբեմն հաջողվում է դասախոսին համոզել կյանքի մասին զրուցել, վիճաբանել։ Վեճը կռիվ է դառնում, եւ դասախոսը ստիպված է լինում «կռիվը բաժանել»։ Ապշած (կամ արդեն սովոր) դասախոսը ձեզ տուն է ուղարկում՝ խնդրելով միջանցքում չաղմկել։ Բայց ինչպե՞ս չաղմկել, երբ դիմացինդ տարրական բաներ չի ըմբռնում։ Հարկավոր է նրան հասկացնել ամեն ինչ՝ «գյոռս հո չե՞մ տանելու»։ Մի կես ժամ էլ «լռվում» ես բակում եւ, զգալով, որ առաքելությունդ կատարել ես, հանգիստ խղճով հեռանում ես։ ՄԱՐԻՆԱ ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ «Առավոտ», 10.02.99թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել