Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքը Լարիսային փող չի՞ տա

Հուլիս 20,2004 00:00

Սփյուռքը Լարիսային փող չի՞ տա Ջորջ Հակոբյանի՝ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունից հեռանալու փաստն այսպես է մեկնաբանում «այլընտրանքային» հնչակ, Հայաստանի սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ղեկավար Էռնեստ Սողոմոնյանը: «1998 թվականին մենք փորձեցինք մաքրել ավգյան ախոռները,- երեկ նա ասաց «Առավոտի» թղթակցին,- որոշները գերադասեցին մնալ կեղտի մեջ: Մենք մեր հատվածը մաքրեցինք: Արդյունքում՝ հիմա ոչ ֆինանսական, ոչ էլ բարոյահոգեբանական կախում ունենք Սփյուռքից: Իրենց կեղտը մի բան էլ շատացավ: Կուսակցությունը դուքանի վերածեցին, փողեր աշխատեցին»: Ելնելով այս իրողություններից՝ պարոն Սողոմոնյանը համոզված է, որ «ում էլ դնեն՝ քաշվելու են. դրածո փոխելով հարցը չի լուծվում»: Նա ընդհանրապես համոզված է, որ ՀՍԴՀԿ-ն՝ իր ղեկավարած հնչակյանները, միայն կարող են Հայաստանում վերականգնել Հնչակյան կուսակցության դեմքն ու դիրքը: «Այս տարիներն էլ այդ ապացուցեցին»,- ասում է Է. Սողոմոնյանը՝ վկայակոչելով այն, որ իրենք կուսակցական գործունեություն են ծավալել առանց Սփյուռքից ֆինանսավորվելու: Ուստի, ՍԴՀԿ-ի հետ կատարվածը նա յուրօրինակ նվեր է համարում իրեն ու իր թիմակիցներին՝ «մեր 98-ի տեսական դատողություններն ապացուցվեցին»: Այս ամենը պարոն Սողոմոնյանին հիմք են տալիս եւս մեկ ենթադրություն անելու. «Այդ կինը (նկատի ունի ՍԴՀԿ նորընտիր ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին) 3-4 ամսում չէր տոգորվի հնչակյանությամբ, իսկ Սփյուռքն էլ դժվար թե գումարներ նվիրաբերի, ուստի՝ նա մի քանի ամիս կաշխատի ու կգնա»: Ի դեպ, մեր տեղեկություններով, հնչակյան կենտրոնը ներկայացնող Եղյա Ջերեջյանը օրերս հանդիպում է ունեցել ՍԴՀԿ-ում, որի ժամանակ ակնարկել է, որ կենտրոնը գուցե ձեռնպահ մնա ՍԴՀԿ-ին ֆինանսավորելուց: Ելնելով վերոշարադրյալից՝ Էռնեստ Սողոմոնյանից հետաքրքրվեցինք, թե այսքանից հետո ինչո՞ւ Սփյուռքը չի ցանկանում իր հետ աշխատել: «Մեր տեմպին չեն դիմանա»,- եղավ պատասխանը: Նաեւ՝ «ՀՍԴՀԿ-ն մշտապես փորձել է խթանել Հայաստանում սփյուռքյան ներդրումները: Բազում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, որոնք ի չիք եղան: Կարծում եմ, նրանք կամ չեն ուզում, կամ պարզապես չեն կարող: Մենք մնացել ենք մեր պահանջներին եւ չենք աշխատելու զբոսաշրջությամբ զբաղվող սփյուռքյան կառույցների հետ»: Երեկ զրուցեցինք նաեւ ՍԴՀԿ-ի նորընտիր ատենապետուհու հետ, որը մարտականորեն է տրամադրված: Լարիսա Սարգսյանը կարծում է, որ կենտրոնի ավանդապաշտ այրերը դժվարությամբ կհամակերպվեն կին ատենապետի գոյության փաստի հետ: Միաժամանակ փորձելու է ապացուցել, որ՝ «կանայք էլ ինչ-որ բան արժեն»: ՍԴՀԿ-ում քաղաքական կուրսի փոփոխություններ չի նախատեսվում: Իսկ Սփյուռքի հարցում՝ «հույս ունեմ, որ կգնահատվի իմ՝ կուսակցությունը պահելու 5 ամսվա ջանքերը, հակառակ դեպքում՝ եթե իրենք համագործակցության քայլեր չանեն, մենք կանենք. մայրը մնում է մայր»,- ասում է Լ. Սարգսյանը: Ի դեպ, ըստ նրա, կենտրոնը դեռեւս որեւէ կերպ չի արձագանքել ՍԴՀԿ172ում իշխանության փոփոխությանը։ Հիշեցնենք նաեւ, որ Լ. Սարգսյանն ընդամենը մի քանի ամիս է, ինչ անդամագրվել է ՍԴՀԿ-ին: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել