Լրահոս
Օրվա լրահոսը

Կայսերապաշտության ռենեսա՞նս

Հուլիս 20,2004 00:00

Կայսերապաշտության ռենեսա՞նս Պուտինը փորձում է վերակենդանացնել մեռածին Ռուսաստանի նախագահը չտեսնված ջանքեր է գործադրում ԱՊՀ-ն ռազմաքաղաքական եւ տնտեսական մի նոր համադաշնության վերածելու ուղղությամբ: Այդ ջանքերն այնքան բուռն ու այնքան ակնհայտ են, որ ակամայից տագնապախառը խորհրդածությունների տեղիք են տալիս: Ի՞նչ է ուզում Պուտինը՝ հետզհետե ավելի ավտորիտար դարձող իր երկրի համար ապահովել փսեւդոհամակիրների ցա՞նց՝ այդպիսով փորձելով մեղմել եւ որոշակիորեն «ցրել» վերջին շրջանում Արեւմուտքից Մոսկվայի հասցեին հնչող ուղղորդված քննադատությունը, թե՞ կյանքի կոչել Ռուսաստանի՝ բավականաչափ ակտիվացած մեծապետական ուժերի չմեռնող երազանքը՝ վերստեղծել նոր տիպի «Խորհրդային Միություն»՝ արդեն բացահայտորեն հակադրվելով ՆԱՏՕ-ի շահերին ու վերահավակնելով մոլորակի «երկրորդ բեւեռի» դերին: Երեկ ՌԴ Անվտանգության խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել է ԱՊՀ տարածքում Ռուսաստանի քաղաքականության հարցը, Պուտինը հայտարարել է, որ ԱՊՀ-ն Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից է՝ ընդգծելով, թե երկրի այդպիսի ռազմավարությունը այսուհետ «պետք է համարժեք լինի նոր աշխարհաքաղաքական իրողություններին»: Ընդ որում, անչափ հետաքրքիր է, որ Ռուսաստանի առաջնորդն այդ քաղաքականության կենսականությունը հիմնավորել է «ազգային շահերի հստակ ընկալումներով»՝ չխոսելով կամ չափազանց քիչ խոսելով ԱՊՀ անդամ մյուս երկրների ազգային շահերի մասին: «Սեպտեմբերի 11»-ից հետո Ռուսաստանն իրեն հռչակեց միջազգային ահաբեկչության, ինչպես նաեւ համաշխարհային մի շարք այլ կարեւորագույն մարտահրավերների դեմ պայքարում ՆԱՏՕ-ի ու, մասնավորապես, ԱՄՆ-ի նվիրյալ դաշնակից, եւ պետք է նշել, որ մի որոշ ժամանակ միջազգային հանրության կողմից նա հենց այդպես էլ ընկալվում էր: Ավելի ուշ, հատկապես՝ Իրաքի պատերազմից ու հետպատերազմական զարգացումներից հետո, ապա մի կողմից՝ ՆԱՏՕ-ի, մյուս կողմից՝ Եվրամիության՝ արեւելյան ուղղությամբ ընթացած աննախադեպ ընդլայնումների համատեքստում Ռուսաստանի կեցվածքը համաշխարհային գործընթացների նկատմամբ սկսեց փոփոխվել: Այդ փոփոխության պիկը, թերեւս, արձանագրվեց ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթաժողովին, երբ ալյանսի թարմացված հայեցակարգի ու հետաքրքրությունների նոր ոլորտների (Հարավային Կովկաս եւ Կենտրոնական Ասիա) հռչակման ֆոնին Ռուսաստանի արտգործնախարար, մեր ու ձեր «լավ ախպեր» ու հայրենակից Սերգեյ Լավրովը ցուցադրաբար լքեց նիստերի դահլիճը՝ իր ետեւից նետելով, որ ալյանսն ակնհայտորեն քիթը խոթում է Ռուսաստանի ավանդական «ոտնատեղերի» մեջ: Խնդրեմ՝ ահա եւ քեզ ՌԴ ԱԽ երեկվա նիստին Պուտինի ակնարկած «նոր աշխարհաքաղաքական իրողությունները»: Ի դեպ, պետք է նկատենք, որ այդ՝ պատկերավոր ասած՝ մեծ հակադրության «քաղարշավն» արդեն թեւակոխել է ակտիվ փուլ: Պուտինին արդեն իսկ հաջողվել է ԵԱՀԿ-ին, նույնն է թե՝ Եվրոպային ու առհասարակ Արեւմուտքին այպանող մի խայտառակ փաստաթղթի տակ համախմբել մի քանի՝ հիմնականում ճարահատ եւ անդեմ ԱՊՀ-ականների: Մեծ հավանականությամբ, այդօրինակ «փիառ»-ակտերն առաջիկայում էլի կլինեն: Մի բան, սակայն, ակնհայտ է՝ ԱՊՀ-ն երբեք նոր կայսրություն չի դառնա, թեկուզեւ այն պատճառով, որ պատմության անիվն այլեւս անհնար է ետ շրջել: Իսկ ավելի պարզ բացատրությունն այն է, որ Ռուսաստանը թե արժեքային իմաստով, թե նյութապես, թե տեխնոլոգիապես եւ թե մի շարք այլ առումներով իր երբեմնի մերձավորներին առաջարկելու բան չունի: Բացի, թերեւս, թանկ էներգառեսուրսներից եւ էժան զենքից: Եվ դա շատ լավ հասկանում են անգամ Հայաստանում… թեեւ հետեւություններ չեն անում: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել