Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ ԵՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ

Հուլիս 20,2004 00:00

ՆՈՐԻՑ ԵՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ Նոր «Ընտրական օրենսգիրքը», հնարավոր է, կարգելի նախարարների առաջադրումը որպես պատգամավորության թեկնածու: Կոալիցիոն քաղաքական ուժերը այս օրերին բավական ակտիվ քննարկում են «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններն ու առաջարկությունները։ Արդեն քանի տարի խորհրդարանական մեծամասնությունը պարտավորություն է ստանձնել Եվրոպայի խորհրդի առջեւ՝ բարեփոխել այդ օրենսգիրքը։ Ու այդ գործընթացն այնքան ձգձգվեց, որ այլեւս բոլոր ժամկետները սեղմում են, ու կոալիցիոն քաղաքական ուժերը պարզապես պարտավոր են մինչեւ աշուն «Ընտրական օրենսգրքի» փոփոխումը հասցնել տրամաբանական ավարտի։ Ինչպես երեկ խոստովանեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը՝ «դառը փորձը մեզ ստիպեց արագորեն ձեռնամուխ լինել «Ընտրական օրենսգրքի» հիմնական փոփոխություններին, քանի որ գործող օրենսգիրքը բացարձակապես չի համապատասխանում ժողովրդավար ընտրության սկզբունքներին»։ Երեկ ԱԺ նախագահի մոտ տեղի է ունեցել «Ընտրական օրենսգրքի» հերթական քննարկումը։ Ինչպես մեզ հետ զրույցում վստահեցրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը՝ աշխատանքի առյուծի բաժինը կատարված է, եւ մոտ օրերս, ըստ էության, մի նոր «Ընտրական օրենսգիրք» կդրվի շրջանառության մեջ։ Հրայր Կարապետյանի ներկայացմամբ՝ օրենսգիրքը փոփոխվում է Եվրոպայի խորհրդի պահանջներին համապատասխան. «Առաջին հերթին կարեւորվում է հանձնաժողովների ձեւավորումը, նաեւ՝ վստահված անձանց, դիտորդների լիազորությունների ընդլայնումը։ Այս հարցի հետ կապված՝ կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները մտադիր են սահմանել, որպեսզի վստահված անձինք եւ դիտորդները ընտրատեղամասում ազատ տեղաշարժի իրավունք ունենան։ Գիտեք, որ այսօր գործող օրենսգրքում այդ իրավունքը խիստ սահմանափակված է։ Հիմնական հարցերից մեկը նաեւ ընտրողների ազգային ռեգիստրի ստեղծման հարցն է։ Դուք գիտեք, որ հատկապես ընտրացուցակների հարցում միշտ էլ որոշակի մեկնաբանություններ են լինում՝ բոլոր ընտրությունների հետ կապված։ Մենք մտադիր ենք, որ այդ ռեգիստրը վարի կոնկրետ պատասխանատու պետական հիմնարկ։ Այժմ ընտրացուցակների միասնական ազգային ռեգիստրը պետք է վարի ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչությունը՝ իր տեղական անձնագրային սեղանների միջոցով։ Եվ այսուհետ կոնկրետ պաշտոնատար անձինք կոնկրետ պատասխանատվություն են կրելու կոնկրետ խնդիրների հետ կապված։ Հաջորդը դատական խնդիրներն են։ Այսուհետ այն կվարի մեկ ատյան՝ Առաջին ատյանի դատարանը։ Մինչ այժմ գործող երեք ատյանների առումով ժամկետները բավականին սահմանափակ են, եւ դժվարություններ են առաջացնում։ Փոփոխությունների մեջ տեղ է գտել նաեւ գործադիր իշխանության ներկայացուցիչների՝ ընտրություններին մասնակցելու հարցը, հատկապես՝ համամասնական ընտրակարգով։ Մենք գտնում ենք, որ գործադիր իշխանության ներկայացուցիչը իրավունք չպիտի ունենա առաջադրվել որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ։ Կարծում ենք՝ Հայաստանի նման երկրի համար դա ճիշտ չէ։ Առաջարկվող եւ ըստ էության ընդունելի փոփոխություն է նաեւ դաշինքների կողմից յոթ տոկոսի շեմը հաղթահարելու խնդիրը։ Եթե կուսակցությունների համար սահմանված է հինգ տոկոսանոց շեմ՝ դա մնում է նույնը, իսկ դաշինքները բնական է, որ պետք է տոկոսային շատ ավելի մեծ արգելք հաղթահարեն, քան մեկ կուսակցությունը առանձին վերցրած։ Այս դեպքում դրվում է յոթ տոկոսանոց արգելք։ Կարեւորում ենք նաեւ եվրոպական կառույցների կողմից ընդգծված հետեւյալ դրույթը՝ նրանք, ովքեր ընտրական հանձնաժողովների անդամներ են, պետք է կանխավ անցնեն ութամսյա հատուկ դասընթացներ, քանի որ ընտրությունների ժամանակ սխալներն ու թյուրիմացությունները լինում են նաեւ այն պատճառով, որ հանձնաժողովների անդամները օրենքները բավականաչափ չեն յուրացրել, փորձ չունեն»։ Սրանք, ըստ էության, այլեւս կոալիցիայի կողմից ընդունված փոփոխություններ են։ Սակայն կան հարցեր, որոնք դեռեւս քննարկման փուլ են անցնում։ Այսպես, օրինակ՝ քննարկվում է համամասնական եւ մեծամասնական հարաբերակցության խնդիրը։ Սա, ըստ էության, քաղաքական վճիռ է պահանջելու։ Դաշնակցությունը ժամանակին առաջարկում էր, որպեսզի ընտրությունները անցնեն 100 տոկոսանոց համամասնական սկզբունքով։ Ճիշտ նույնն այսօր առաջարկում է խորհրդարանը բոյկոտած ընդդիմությունը։ Սակայն մեծամասնական ընտրակարգի «համը տեսած» խորհրդարանական որոշ քաղաքական ուժեր չեն կիսում այս կարծիքը։ Հնարավոր է՝ այս հարցում դժվար լինի կողմերին բավարարող լուծում գտնել։ «Այդ որոշումը այսօր դեռեւս չի կայացվել»,- փաստեց նաեւ Հրայր Կարապետյանը, որը կարծում է, թե հարցը կլուծվի աշնանը, երբ «Ընտրական օրենսգիրքը» կքննարկվի խորհրդարանում։ «Առավոտին» հատկապես հետաքրքրում էր, թե ի՞նչ սկզբունքով են ձեւավորվելու հանձնաժողովները։ Հրայր Կարապետյանի մատուցմամբ՝ այս հարցը նույնպես դեռեւս քննարկման ընթացքի մեջ է. «Հանձնաժողովների ձեւավորման մի քանի տարբերակ կա։ Մեկը՝ որ ԿԸՀ-ի ամբողջ պատասխանատվությունը ստանձնի ՀՀ նախագահը, իսկ ավելի ցածր կարգավիճակի հանձնաժողովները ձեւավորվեն միայն եւ միայն կուսակցական սկզբունքով։ Հաջորդն այն էր, որ հակառակը լինի։ Այս պահին ավելի շատ քննարկվում է խառը ձեւը։ Կյանքը ցույց կտա, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ պետք է ընտրել այնպիսի ձեւ, որպեսզի լինի փոխադարձ վերահսկողության մեխանիզմ։ Դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ հանձնաժողովները լինեն բազմակուսակցական»։ Հրայր Կարապետյանն ասաց նաեւ, թե նոր օրենսգրքում հստակեցված է ընտրությունների արդյունքների ամփոփման սկզբունքը. այն կլինի առավել արագ, եւ շատ կարճ ժամանակում արդյունքները կհրապարակվեն։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Ընդդիմության տեսակետը «Ընտրական օրենսգրքի» մասին՝ առաջիկայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել