Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈ՞ՒՆ

Հուլիս 20,2004 00:00

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈ՞ՒՆ Նախկին իշխանություններին հարող շրջանակների տեսակետները Հայաստանի մասնակցությանը համաշխարհային գլոբալիզացիոն գործընթացներին, Հայաստանի ինտեգրացմանը եվրոպական, միջազգային կառույցներին՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, հայտնի են: Իսկ ահա «Գլոբալացումն ու Հարավային Կովկասը» թեմայով սեմինարի ժամանակ հնչած «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի ու ՀԺԿ մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանի դիրքորոշումների տարբերությունը ուշագրավ էր: Ռ. Խաչատրյանը խոսեց «Հայաստանը գլոբալիզացման դրական եւ բացասական գործընթացների ներքո» թեմայի շուրջ՝ «ո՞րն է ելքը» շեշտադրությամբ: Տիկին Խաչատրյանը, ինչպես, թերեւս, Հայաստանում հասարակության մի զգալի հատվածը, հակված էր Հայաստանի մասնակցությունն այդ պրոցեսներին դիտարկել բացասական լույսի ներքո: Նրա ասելով, մենք՝ հայերս, մեզ պետք է նախ հարց տանք՝ արժե՞ մասնակցել գլոբալիզացիոն պրոցեսներին, որովհետեւ հաճախ մեխանիկորեն տրվում ենք աշխարհում ընթացող պրոցեսներին եւ հետո միայն ծանրութեթեւ անում, դժգոհում ենք, թե՝ դրա տեմպերին չենք հասցնում, կամ, որ դրանք չեն բխում մեր շահերից: Ռ. Խաչատրյանը դեմ էր Հայաստանի մասնակցությանը գլոբալիզացմանը, քանի որ, ըստ նրա, այդ հարաբերությունները սիմետրիկ չեն, եւ աշխարհի հզոր տերությունները հեշտությամբ կարող են կլանել Հայաստանը, բացի այդ՝ մեզ փորձում են մասնակից դարձնել ոչ թե կամավորության սկզբունքով, այլ՝ պարտադրաբար: Ռ. Խաչատրյանն այն կարծիքին էր, թե հայերս պատմական առաքելություն ունենք: Ըստ նրա, նախ պետք է երկրի ներսում միավորման գործընթացներ գնան, հետո նոր միայն մտածենք որպես պետություն համաշխարհային պրոցեսներին միանալու, գլոբալիզացիային մաս կազմելու մասին: Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ, այսօր Հայաստանը ոչ թե գլոբալիզացիոն գործընթացներին է մասնակցում, այլ հակառակը՝ ինքնամեկուսացման մեջ է, որի պատճառներից մեկն էլ ԼՂ հակամարտության չլուծված լինելն է: Իսկ լուծումը, նրա պատկերացմամբ, պետք է լինի ԼՂ ազգաբնակչության անվտանգության երաշխիքների եւ իրավական պաշտպանության հիման վրա, նկատի ունենալով նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանությունը: Նրա համոզմամբ, Ղարաբաղի բնակչության անվտանգության եւ բարեկեցության խնդիրները, նույնիսկ մեր տարածքային առավելությունների պայմաններում, չլուծվեցին: Ավելին, այսօր ԼՂ-ում բնակչության թիվը նվազում է, որովհետեւ լուծված չէ ԼՂ բնակչության անվտանգության խնդիրը: Իսկ ընդհանուր առմամբ, նույնիսկ Հայաստանի անվտանգության հիմքում դրված են ոչ այնքան մեր պետության, որքան՝ Ռուսաստանի շահերը: «Ժամանակն է ձերբազատվել դրանից եւ մեր մյուս հարեւանների հետ եւս բարիդրացիական հարաբերություններ հաստատել»,- նկատեց Ս. Սուրենյանցը, որի համոզմամբ, դա ավելի խոր գործընթացներ է ենթադրում, քան անգամ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն է: Ս. Սուրենյանցի դիտարկմամբ, Հայաստանի մասնակցությունը համաշխարհային ինտեգրացիոն գործընթացներին անխուսափելի եւ անհրաժեշտ է: Ըստ նրա, Ցեղասպանության հարցն էլ Թուրքիայի հետ պետք է քննարկել ոչ թե կոնֆրոնտացիոն հարթության վրա, այլ՝ երկխոսության դաշտում: Հայաստանի տեղը նա տեսավ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի կազմում ու նույնիսկ անհրաժեշտ համարեց, որ Հայաստանը բարձրաձայն խոսի ռուսական հենակետերը Հայաստանից դուրս բերելու իր մտադրության մասին: «Մի օր դա պետք է քննարկման առարկա դառնա»,- հավելեց նա: ՀՀՇ վարչության անդամ Անդրանիկ Հովակիմյանը նկատեց, որ նման դիրքորոշումը համահունչ է ՀՀՇ-ի եւ ազատական ուժերի դիրքորոշմանը: Ս. Սուրենյանցի կարծիքի դեմ ընդվզեց «Արդարության» դաշինքում «Հանրապետություն» կուսակցության գործընկեր, ՀԺԿ-ի մամլո խոսնակ Ռ. Խաչատրյանը՝ հայտարարելով, թե ընդդիմությունը միասնական մոտեցում ունի, եւ դրանք արձանագրված են դաշինքի, մասնավորապես՝ ԱԺ ընտրությունների ժամանակ ներկայացված համատեղ ծրագրում, եւ որը տարբերվում է Ս. Սուրենյանցի հայտնած կարծիքից: Իրականում, սակայն, պարզվեց, որ դաշինքը մասնակիորեն է միայն անդրադարձել քննարկվող թեմային՝ չմասնավորեցնելով ՀՀ-ի համար ամենաարդյունավետ անվտանգության համակարգը, միջազգային պրոցեսների առնչությամբ իր հստակ դիրքորոշումը: Քննարկման մասնակիցները փորձեցին հետաքրքրվել, թե արդյոք Ս. Սուրենյանցի հայտնած տեսակետները իր անձնակա՞ն, թե՞ կուսակցության դիրքորոշումն է: Ս. Սուրենյանցը հստակեցրեց, թե իր հայտնած տեսակետները 90 տոկոսով համահունչ են կուսակցության դիրքորոշմանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել