Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ

Հուլիս 20,2004 00:00

Հայաստանն իր զարգացման գագաթնակետին հասավ ԽՍՀՄ տարիներին: Գտնվելով տնտեսական մեծ տիրույթում՝ նրա համար հասանելի էին աշխարհի մեկ վեցերորդի հումքային պաշարները, ֆինանսական միջոցները, գիտական միտքը, արտադրական հզորությունը, փորձն ու սպառման շուկան: Սկզբունքորեն չունենալով որեւէ լուրջ արտադրություն, նույնիսկ անցնելով Հայրենական մեծ պատերազմի բովով՝ Հայաստանը դարձավ տնտեսապես զարգացած, հզոր գիտական մտքի երկիր:

Ավագ սերնդի ջերմ հիշողությունները կապված են Խորհրդային Միությունում թեկուզ անբավարար, բայց որոշակի սոցիալական երաշխիքների հետ, ԽՍՀՄ-ն ընդհանուր տնտեսական տարածք էր՝ մեկ ընդհանուր արժութային համակարգով (ռուբլի), միութենական հանրապետությունների հարաբերությունների միջեւ չկային հարկեր, մաքսեր, տնտեսական սահմաններ: Միութենական հանրապետության քաղաքացին համարվում էր ԽՍՀՄ քաղաքացի, Միության տարածքում կարող էր ազատ տեղաշարժվել՝ սովորել, աշխատել, հանգստանալ եւ այլն: Միութենական հանրապետությունները գտնվում էին մեկ ընդհանուր անվտանգության համակարգում:

Սակայն չպետք է մոռանալ ԽՍՀՄ-ի հիմնական թերությունները, որոնք խոչընդոտում էին նրա զարգացմանը: Պետության կառավարումն իրականացվում էր վարչահրամայական մեթոդներով, քաղաքական համակարգը միակուսակցական էր, երկիրը՝ ոչ դեմոկրատական. չկար խոսքի, մտքի, խղճի, մամուլի ազատություն, տնտեսությունը ազատական չէր, հետեւաբար՝ ոչ արդյունավետ, լավ աշխատանքը չէր խրախուսվում, կամավոր հնարավոր չէր դուրս գալ ԽՍՀՄ կազմից:

Եվրոպան վայրի կապիտալիզմը հղկել՝ վերցրել է կապիտալիզմի դրականը եւ դրան ավելացրել սոցիալիզմի առավելությունները (չմոռանանք, որ, ի վերջո, սոցիալիզմի ուսմունքի ակունքները Եվրոպայում են): Նման մոտեցումը հանգեցրեց նրան, որ ստեղծվեց արդյունավետ գործող համակարգ՝ Եվրամիությունը, որտեղ շեշտը դրվում է ժողովրդավարության, ազատականության վրա, կա ընդհանուր տնտեսական տիրույթ, եվրոյի ընդհանուր գոտի, ազատ տնտեսական եւ վարչական սահման, հստակ սոցիալական երաշխիքներ, ԵՄ անդամ դառնալը կամավոր է եւ ցանկացած ժամանակ պետությունը, իր շահերից ելնելով, կարող է դուրս գալ նրա կազմից:

Այսպիսով՝ ԽՍՀՄ-ի եւ կապիտալիստական համակարգի թերությունները շտկելով, վերցնելով նրանց առավելապես լավագույն կողմերը՝ ստեղծվեց Եվրամիությունը:

Մասնավորապես Եվրամիության երկրներում ցանկացած վճարում՝ աշխատավարձ, կրթաթոշակ, գործազուրկի կամ կարիքավորի նպաստ, կենսաթոշակ, անհամեմատ բարձր է նվազագույն սպառողական զամբյուղից, այսինքն, պատկերավոր ասած, քաղաքացու անձը հաստատող փաստաթղթում՝ ծնված օրվանից, վստահաբար կարելի է գրել. «պաշտպանված է Եվրամիության կողմից»:

«Կովկասյան երկարակեցություն» արտահայտությունը աշխարհում շատերն են օգտագործում: Սակայն այսօր Հայաստանում կյանքի միջին տեւողությունը 12 տարով կարճ է, քան եվրոպացունը: Ունե՞նք պատասխան, թե հանուն ինչի. ժողովրդավար երկի՞ր ենք կառուցել, բարեկեցիկ կյա՞նք ենք ապահովել, ԼՂՀ հա՞րցն ենք վերջնականապես լուծել…

Մինչդեռ եվրոպացին ապրում է ե՛ւ ժողովրդավար երկրում, ե՛ւ անվտանգ, ե՛ւ բարեկեցիկ, ե՛ւ ավելի երկար, քան մենք՝ «երկարակյաց» կովկասցիներս:

Շատերը ԽՍՀՄ-ը թյուրիմացաբար նույնացնում են ներկայիս Ռուսաստանի հետ եւ իրենց երբեմնի տեսածը փնտրում այնտեղ, որտեղ այն չկա: Ռուսաստանն այսօր վայրի կապիտալիզմի ժամանակաշրջան է ապրում, գտնվում է կապիտալի նախասկզբնական կուտակման փուլում, որը քաղաքակիրթ Եվրոպան անցել է մի քանի հարյուր տարի առաջ:

Պետք չէ անցյալի հիշողություններով եւ այլեւս գոյություն չունեցող անորոշություններով մարդուն թյուրիմացության մեջ գցել եւ անցյալի վերակենդանացման հուսահատ քայլեր անել, մանավանդ որ մեր ապագան փնտրում ենք ոչ այնտեղ, որտեղ պետք է:

Մեզանից շատ ավելի բարեկեցիկ երկրներ, ավելի լավ ապրելու ակնկալիքով ձգտելով անդամագրվել ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին, անում էին ամեն ինչ, որպեսզի ըստ ժամանակացույցի կատարեին իրենց պարտավորությունները՝ օր առաջ ԵՄ-ին անդամագրվելու համար, իսկ մենք նպատակահարմարությունը վիճարկելուց այն կողմ չենք անցնում: Գուցե հերթական անգամ ուզում ենք ինքներս մեզ ապացուցել, որ ոչ միայն բոլորից «խելացի» ենք, այլեւ՝ «բացառիկ»:

Իսկ իրականում անցյալի փորձն ու ճիշտ վերլուծությունները մեզ բոլորիս անհրաժեշտ են համապատասխան եզրակացություններ անելու եւ լավագույնս կողմնորոշվելու՝ արդի աշխարհաքաղաքական գործընթացներում Հայաստանի տեղը, դերը եւ զարգացման հեռանկարը որոշելու համար:

Այն, որ մեկուսացման մեջ Հայաստանը գոյատեւել չի կարող (էլ չենք խոսում զարգացման հեռանկարի մասին), ոչ ոք չի կասկածում: Այլ հարց է, թե որտեղ եւ ինչպիսի համակարգում ենք տեսնում մեր երկրի զարգացումը: Մեզ համար հասկանալի չէ, թե լինելով ԱՊՀ անդամ, սակայն ընդգրկված չլինելով նրա որեւէ ձեւաչափի տնտեսական տիրույթում եւ հետագայում էլ դրա հնարավորությունը գործնականում չունենալով՝ ինչպե՞ս են պատկերացնում Հայաստանի ապագան:

Այս հարցում Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության հստակ դիրքորոշումը բազմիցս ներկայացրել է կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը՝ նշելով, որ Հայաստանը կարող է դառնալ զարգացած եւ ժողովրդավար երկիր միմիայն ԵՄ-ի կազմում, իսկ անվտանգ՝ ՆԱՏՕ-ի համակարգում:

Դեմ լինելով Հայաստանի անդամագրմանը Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին՝ ի՞նչ են առաջարկում մեր ընդդիմախոսները:

ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑ
Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության քաղաքական
խորհրդի անդամ
R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031