Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՄԻ ՕՐ ԿԱՐԴԱՐԱՑՎԵՄ»

Հուլիս 20,2004 00:00

Ասում
է արդարադատության 3-րդ դասի խորհրդական, գեներալ Վաղինակ Ղազարյանը
– Դուք աշխատում էիք արդարադատության նախարարությունում՝ որպես վարչության պետ։ Ինչպես եղավ, որ կալանավորվեցիք։

– 1995թ. օգոստոսի 4-ին ինձ հրավիրեցին ՆԳՆ Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչություն, իբր ինչ-որ հարցի շուրջ խորհրդատվության համար եւ ձերբակալեցին։ Սկզբում ինձ մեղադրում էին ՀՀ քաղաքացիների ազգությունը փոխելու համար։ Այդ մասին գրեց «02» (12.08.95թ., թիվ 31) շաբաթաթերթը, ինչպես նաեւ ՀՀ հեռուստատեսության «02» ծրագիրը։ Մի քանի օր անցավ, մինչեւ ինձ մեղադրանք ներկայացնողները հասկացան, որ ես՝ որպես պաշտոնատար անձ, չէի կարող ազգություն փոխել։ Բայց ըստ էության, անկախ ամեն ինչից, ես պետք է դատապարտվեի։ Դա էր պատճառը, որ ինձ համար նախապես ընտրված հանցանքի մեղսագրման անփառունակ ավարտից հետո ես ազատ չարձակվեցի։ Սկսեցին իմ կողմից ընթացք տված գործերից վերցնել քաղաքացիների հասցեները, նրանց բերման ենթարկել եւ նրանցից ինձ մեղադրող հայտարարություններ ու բացատրություններ կորզել։ Տարօրինակ «զուգադիպությամբ», այդ «կաշառատուները» միահամուռ ոգեշնչմամբ, 1-2 տարի անց, շրջանցելով իրենց բնակավայրերի ՆԳ բաժիններն ու դատախազությունները, նույն օրը ներկայանում են 6-րդ վարչություն՝ հայտարարություն տալու համար։

Ինձ ձերբակալելու իսկական պատճառը իմ պատկանելությունն էր ՀՅԴ-ին։

Արդեն ձերբակալված էին Հրանտ Մարգարյանը, որին մեղադրում էին նարկոբիզնեսի մեջ (իմ խորին համոզմամբ, Հ. Մարգարյանն ավելի շուտ իր ձեռքով իր զավակներին կոչնչացներ, քան որեւէ հայորդու թմրանյութ կտար) եւ Վահան Հովհաննիսյանը՝ պետական հեղաշրջում նախապատրաստելու համար։ Եվ ստացվում էր, որ մի դաշնակցականը Հայաստանում թմրանյութ է տարածում, մյուսը հեղաշրջում է պատրաստում, իսկ երրորդը (այսինքն՝ ես) հայերի ազգությունն է փոխում, նրանց դարձնում այլազգի։

– Սակայն կուսակցությունը Ձեր հարցում իր ձեռքերը լվաց։

– Ինձ մեղադրանք ներկայացնողների նպատակն էր թմբկահարել աշխարհով մեկ, թե տեսեք՝ ինչպիսի ազգադավ գործունեությամբ է զբաղվում պաշտոն զբաղեցնող ՀՅԴ անդամը։ Եվ ես արեցի այն, ինչը դեմ էր իմ՝ դաշնակցականիս համոզմունքներին։ Այսինքն, հանուն ՀՅԴ անվան հեղինակության, հարցաքննության թերթիկում ես լրացրի, որ անկուսակցական եմ։

Դրանով ես նրանց ձեւականորեն զրկեցի իմ գործով դաշնակցության հասցեին հայտարարություններ անելու հնարավորությունից։ Եվ այդպիսի հայտարարություններ չեղան։ Չնայած դրան, առանց արձանագրությունների զրույցների ընթացքում նրանք ձգտում էին ինձ վերագրել «Դրո»-ի իրավական խորհրդատուի մեղադրանք։ Բայց որովհետեւ իմ մասին որեւէ հրապարակում չեղավ, գործեց բումերանգը եւ ես դատապարտվեցի որպես քրեական հանցագործ։ Իսկ ինչ մնում է ձեռքերը լվանալուն, խնդրում եմ ինձ ճիշտ հասկացեք, մտքովս անգամ չի անցնում իմ ու նրանց միջեւ հավասարության նշան դնել, բայց ժամանակին դաշնակցությունից հեռացվեցին այնպիսի տիտաններ, ինչպիսիք էին Նժդեհը եւ Անդրանիկը։ Նրանց անուններով սերունդներ են դաստիարակվել եւ նրանց հեռացնողներից ոչ մեկի անունը չի հիշվում։

– Ինչո՞ւ մինչեւ օրս չեք դիմել Արդարադատության խորհրդին՝ արդարացվելու պահանջով։

– Դիմել եմ, բայց արդյունքի չեմ հասել։ Ինձ դատապարտելուց մեկ ամիս հետո ՀՀ նախագահի նույն հրամանագրով ՀՀ դատախազության բաժնի դատախազը՝ Ժիրայր Խառատյանը, միանգամից, շրջանցելով բաժնի պետի, վարչության պետի տեղակալի ու պետի պաշտոնները, նշանակվում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, իսկ դատավորը՝ Մհեր Խաչատրյանը՝ ՀՀ գերագույն դատարանի քրգործերով դատական կոլեգիայի նախագահ։

– Ի՞նչ տվեց դատաքննությունը ձեզ՝ որպես իրավաբանի։

– Դատաքննությանը մասնակցող դատախազն ընդունեց, որ հայտարարություն տվողները բերման են ենթարկվել։ Այսինքն, նրանց նկատմամբ հարկադրանք, ճնշում է գործադրվել ու ապացույցները (եթե կարելի է դրանք ապացույց համարել) ձեռք են բերվել օրենքի խախտմամբ եւ դրանք՝ ՀՀ Սահմանադրության 42 հոդվածի 2-րդ մասին համաձայն, մեղադրանքի հիմքում դրվել չէին կարող։ Իրեղեն ապացույց չկա։ ՀՀ արդարադատության նախարարության փորձագետների տված եզրակացության համաձայն, իմ կողմից ընթացք տված գործերում օրենքի ոչ մի խախտում չկա եւ բազմաթիվ այլ փաստեր եթե ներկայացվեն միջազգային ատյանների քննությանը, ավելի քան համոզված եմ, որ ես կարդարացվեմ։ Բայց ուզում եք դա դոնքիշոտություն համարեք, թե մեկ ուրիշ բան՝ չեմ կարող պետության հեղինակությանը վնասող որեւէ բան ինձ թույլ տալ։ Թեեւ, գիտե՞ք, երբեմն ինձ ու ինձ մտածում եմ, թե մարդ Աստծո, եթե պետության արդարության ու արդարադատության երաշխավոր նախագահը ձեռքը թափ է տվել իրավապահ մարմինների ամբողջ համակարգի վրա, պետության հեղինակության մասին չի մտածում, դո՞ւ ինչ ես քեզ երեւակայում։

– Կալանավայրից վերադառնալուց հետո պահպանվեցի՞ն կապերը կուսակցության հետ։

– Ես կուսակցությունից վիրավորվել չեմ համարձակվում։ Ինձ համար վիրավորականն այն է, որ Հայաստանում ՀՅԴ վերահաստատման առաջին քայլերից մինչեւ ձերբակալվելս իմ գործունեությանը քաջածանոթ ընկերներս ինձնից երես թեքեցին։ Առայժմ ես ՀՅԴ անդամ եմ, բայց երեւի շուտով հեռանամ։

Զրուցեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել