Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքապետ՝ նախագահի հանձնարարականով

Հուլիս 20,2004 00:00

Եթե
Երեւանի քաղաքապետի պաշտոնը լիներ ընտրովի, Երվանդ Զախարյանը կլինե՞ր այդ
աթոռին՝ դժվար է ասել, սակայն նա դեմ է քաղաքապետի «ընտրովի» կարգավիճակին։

Երեկ այս մասին լսեցինք անձամբ Ե. Զախարյանից՝ հաշվետու ասուլիսի ժամանակ։ Նա նշեց համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի քանի «գովական» որոշումներ, որոնց հեղինակն, ինչպես պարզվեց, նախագահն է։ Ամենաթարմ դեպքն է Իսահակյան 28 հասցեում կանաչ տարածքի «հետգրավումը», որին Ե. Զախարյանի հեղինակային մասնակցությունը եղել է այնքանով, որ հունիսի 17-ին իր որոշմամբ տարածքի տիրոջ՝ պայմանագրով նախատեսված վարձակալության 15 տարվա ժամկետը երկարաձգել եւ դարձրել է 50 տարի։ Մնացածը՝ տարածքից զրկումն ու կանաչ գոտու վերականգնումը եղել է նախագահի հանձնարարականով՝ ինչպես խոստովանեց քաղաքապետը։ Թեպետ Ե. Զախարյանը դա կարող էր անել իր նախաձեռնությամբ, քանի որ սեփականատերը 2003թ. հունվարին ստացած որոշումից հետո մեկ տարվա ընթացքում կառուցապատում չէր սկսել։

Հաջորդ՝ Գլխավոր պողոտայի իրացման խնդրի նոր լուծումը նույնպես «նախագահի հրամանով է»։ Ըստ այդմ, «որպեսզի չկրկնենք Հյուսիսային պողոտայի բացթողումները, քաղաքապետարանը իրացմանը չի մասնակցի, ներդրողներն իրենք կզբաղվեն իրացվող տնատերերի հետ բանակցություններով»։ Իսկ քաղաքապետարանը կբավարարվի կառուցապատված յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց 20 դոլար գանձելով։ Մենք ապարդյուն ջանքեր գործադրեցինք մանրամասնելու, թե ինչպիսի բացթողումների մասին է խոսքը։ Միակ պատասխանը եղավ. «Կազմակերպչական աշխատանքներ, որոնք նման ծավալների պարագայում դժվար էր իրականացնել ավելի լավ»։ Փոխարենը քաղաքապետարանը շատ հեշտությամբ տեղավորվել է ժամկետների մեջ՝ նախագահի սահմանած տարեվերջից 6 ամիս շուտ լուծելով պողոտան բնակիչներից դատարկելու հարցը։

«Առավոտի» մյուս հարցն այն էր, թե ինչո՞ւ պետական կարիքների համար հնարավոր է մարդկանց բռնի վտարել սեփական տներից ու հողամասերից, բայց հնարավոր չէ նույն կարիքների համար քանդել Օղակաձեւ զբոսայգու ահռելի շինություններն ու վերականգնել կանաչ գոտին։ Պարոն Զախարյանն այդ պատասխանատու գործը թողեց ապագա քաղաքապետերին. «Այդ ժամանակն էլ կգա, երբ քաղաքը կունենա լուրջ տնտեսություն եւ միջոցներ, չգիտեմ որ քաղաքապետի օրոք, պետությունը կփոխհատուցի կառույցների սեփականատերերին ու կվերադարձնի զբոսայգու հողերը»։ Ու քանի դեռ միջոցներ չունենալու փաստը կա, կարելի է վաճառել կանաչ գոտին՝ արդեն սանտիմետրերով։ Ե. Զախարյանն այս խնդրի հետ կապված մի խոստում տվեց. «Ովքեր մեկ տարվա ընթացքում չեն հասցրել կառուցապատել՝ տարածքից զրկելու ենք»։ Հիշեցնենք, որ արդեն մեկ տարի պաշտոնավարող քաղաքապետը հենց սկզբից սկսեց Օղակաձեւ զբոսայգում տրամադրված տարածքների փաստաթղթերի հաշվառում։ Չի բացառվում, որ շատերը, նոր քաղաքապետի հետ խնդիրներ ունենալով, կառուցումը չեն սկսել հենց այդ պատճառով։

Քաղաքապետը երեւանցիներին զգուշացրեց, որ վերանայվելու, այսինքն՝ բարձրացվելու է թիվ 26 երթուղագծում աշխատող «Բոգդան» ավտոբուսների 70 դրամ ուղեվարձը, որովհետեւ «դրանք չեն ապահովում սպասված շահույթն ու այդ գնով երկար աշխատել չեն կարող»։ Դա նշանակում է, որ մրցույթին մասնակցելուց առաջ շահագործող «Երեւանտրանս» ՓԲԸ-ն տնտեսական հաշվարկ չի արել եւ «գլխապատառ յուրացրել է» երթուղագիծն էլ, ավտոբուսներն էլ ու հիմա կանգնել է փաստի առջեւ։ Կարելի է ենթադրել, որ այս ավտոբուսի ուղեվարձի բարձրացումը չի շրջանցի նաեւ մյուսներին եւ միկրոավտոբուսներին, ինչն իր հերթին կստեղծի հերթական սոցիալական լարումը։ Ահա թե ինչու է Ե. Զախարյանը դեմ քաղաքապետի աթոռի ընտրովի ձեւին։

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել