Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅ – ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆ ԱՐԴԵՆ «ԲԱՑ» Է

Հուլիս 20,2004 00:00

Անասնագողերի համար

Հուլիսի 14-ին, ժամը 24.00-ի սահմաններում, անհայտ անձինք գողացել ու ճաղերը կտրելով ռուսական N սահմանապահ զորամասի 4-րդ, 5-րդ ուղեկալներից Թուրքիա են անցկացրել Ամասիայի Զարիշատ գյուղի բնակչուհի Սուսաննա Խաչատրյանին պատկանող 57 գլուխ անասունները: Այս մասին լուրեր արդեն հրապարակվել են: Երեկ հիշյալ գյուղի բնակիչները՝ անչափ վրդովված կատարվածից, «Առավոտին» հավելյալ տեղեկություններ հայտնեցին: Նրանց տվյալներով, անհայտ անձը անասունները տեղում վաճառել ու հետ է դարձել: Գյուղացիները հատկապես անհանգստացած են բիզնեսի բավականին շահութաբեր լինելուց. նրանց տեղեկություններով, անասունները Թուրքիայում 4-5 անգամ ավելի բարձր գին ունեն: Սա նշանակում է, որ սահմանից 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվողներից ոչ մեկի գույքը ապահովագրված չէ, ավելին՝ գյուղի այրերի համոզմամբ, «Գյուղից Թուրքիա անասուն տանողը վաղը, մյուս օրը մեր կանանց ու երեխաներին էլ կտանի»: Գյուղացիները հայտնեցին, թե իրենց դժգոհությանն ի պատասխան, ռուսական սահմանապահ զորամասի հրամանատար Ուսովը եւ Շիրակի մարզային ոստիկանությունն ու ազգային անվտանգության ներկայացուցիչը պատասխանել են. «Թողեք նորմալ աշխատենք»: Իսկ հրամանատարը ենթադրել է, որ գողերից մեկը հենց գյուղից է, որը Թուրքիայում իր սեւ գործը կատարել ու հետ է դարձել:

Աչքի տեսածից վախեցած զարիշատցիները չեն դադարեցնելու իրենց բողոքները. նրանք մտադիր էին ամբողջ գյուղով այսօր հասնել Երեւան ու սահմանի կոպիտ խախտման մասին տեղեկացնել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին՝ վտանգը կանխելու ու գողին բռնելու պահանջով:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Գողացած անասունները սահմանով Թուրքիա անցկացնելը պարբերական բնույթ է ստանում: Գյուղացիների ծանր աշխատանքի հաշվին ոմանց համար այն շահավետ բիզնես է դարձել: Այսպիսի մեկ ուրիշ դեպք էլ նախկին Ամասիայի շրջանի Արագած գյուղում է տեղի ունեցել, որտեղի բնակիչները բողոքի ակցիա կազմակերպեցին նախագահի նստավայրի առջեւ: Դրան հետեւեց տեղեկությունը, թե ռուսաստանցի իրավասուների մասնակցությամբ դեպքը հետաքննող համատեղ խումբ է ստեղծվել: Հետաքրքիրն այն է, որ այս տեղեկությունն էլ չզսպեց անասնագողերին:

Մասնագետների մեկնաբանությամբ, հանրավոր չէ անասունները Թուրքիա «արտահանել» առանց սահմանապահների օգնության:

Թե արդյոք նախաքննություն ընթանում է եւ եթե՝ այո, ապա ինչպես է
ընթանում, ինչ արդյունքներ կան՝ երեկ չհաջողվեց ճշտել: Իսկ մինչ այդ, փաստորեն,
ստացվում է, որ հայ-թուրքական սահմանը «բաց» է՝ անկախ դրա բացման նպատակահարմարության
մասին քաղաքական ու տնտեսական գործիչների բանավեճերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել