Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆ

Հուլիս 17,2004 00:00

ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆ ԽՈՍՔ՝ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՌԻԹՈՎ 10 դեկտեմբերի 2021թ. Շվեդական ակադեմիայի հարգարժան անդամներ, տիկնայք եւ պարոնայք, ինձ համար մեծագույն պատիվ է հայերի մեջ առաջինը կրել Նոբելյան կրծքանշան եւ ունենալ այն դրամագլուխը, որ Հայաստանում կլինի բնկալ մի նոր մրցանակի, որը կկոչվի «Նոբելյան ճուտիկ»: Մինչ այս՝ տարիներ են բոլորվել: Մինչեւ հիսուն տարեկանս դեպի դուրս եմ գնացել. գնացել ու ինձնից հեռացել: Ռոմանտիկ տարիներ էին: Երազում էի գրել այնպես, որ գիրս դնեմ քարի վրա՝ քարը ճաք տա: Բայց դա ինձ չհաջողվեց: Տակավին չեմ հուսահատվել: Առայժմ սրտերի վրա եմ աշխատում: Գրողի համար ամենակարեւորը մտքի թռիչքն է, որ իրենից չի կախված. մնում է ամենահեշտը՝ տառապանքը, որի լուծումը միայն եւ միայն իրենից է կախված: Ողջ կյանքս սպասում է եւ սպասման հաղթահարում: Հիմա դեպի ինձ եմ գալիս: Շրջապատից կլպվում ու քաշվում իմ մեջ: Արդյոք ինձ կգտնե՞մ: Մի բան փաստ է. ճիշտ ճանապարհի վրա եմ: Ես չգտնեմ, մեկ ուրիշը կգտնի: Արդեն կարծես թե գտնում են: Վկան՝ Նոբելյան շնորհումները: Դա անհատին, իսկ մարդկությա՞նը… Ինչքա՞ն ճանապարհ ունեն նրանք՝ Մարդ դառնալու համար… (Ականջդ կանչի՝ Հովհաննես Թումանյան): Մարդիկ, ես Զեզ չեմ սիրում… Քանզի հանուն թեկուզ եւ վեհ նպատակի, դուք կամ թրատել եք, կամ կրակել, կամ էլ պայթեցրել… Ձեր ընդունած հերոսը մարդասպան է եղել: Հիսուսն եկավ որպես իսկական հերոս՝ առանց սրի ու հրի: Նրա միակ զենքը սերն էր: Մինչդեռ դուք գերադասեցիք ընդօրինակել միմյանց՝ մահկանացուներիդ, փոխանակ նմանվելու Նրան՝ կենդանի Աստծուն: Դուք արխայիկ բարբարոսությամբ բարբառել եք հայրենիք, մի պատառ հողի համար արյուն ոթել եւ ձեր էսթետիկական զեղումները մղկտացել են ախ ու վախով, որը չէր կարող անդրադարձ չունենալ իմ երիտասարդական ավյունում: Ուսանողական տարիներին հայրական օջախ էի վերադարձել ու բերանացի քաղաքից գյուղ տարել հայրենասիրական պոեզիայի գրեթե ողջ ընտրանին: Մայրս լսեց, լսեց ու մեկ էլ, թե՝ տղա ջան, ինչի՞ ես քաղքի բանաստեղծներից ասում: Բա ումի՞ց ասեմ, այ մեր…,- զարմացա: Ասաց, ի՞նչ ա, մեր գեղում բանաստեղծ չկա՞: Ո՞վ,- ավելի զարմացա: Օրինակ, մեր Հոբոսը,- ասաց,- խմում ա, հարբում, օրորվում, օրորվում, մին էլ ընկնում, գլուխը տալիս գետնին ու ասում՝ ախ, իմ հայրենիք… Իմացածս պոեզիան արբեցած մարդու պոեզիա էր: Մեր սին անոթները բերնեբերան լի էին կեղծ պաթետիզմով: Գեղջուկ կինը ավելին էր հասկանում: Հարցը ամենեւին էլ գիտելիքների մեջ չէր: Նամանավանդ որ մտավորական զանգվածը (բացառությամբ անհատականությունների) լինելով պահպանողական, առավել շատ արգելակել է հասարակարգի զարգացմանը, քան նպաստել բուն առաջընթացին: Իմաստնությունը Աստծո մեջ էր, իսկ մենք այնքան էինք հեռու Աստծուց, որքան մոտ էինք մեկ-մեկու: Մարդիկ, ես Ձեզ չեմ սիրում, քանզի դուք շատ եք նման իրար: Ես սիրում եմ նրանց, որոնք նման չեն բոլորին: Ես եղել եմ նրանց ընկերը, աշակերտը, ծառան, որդեգիրը: Եվ… Եվ որդին ծնել է հորը: Նրանք եղել են ոչ միայն հայր, եւ ոչ միայն գրական հերոս… Նրանք եղել են իմ հենակները, որոնց հենված ես կատարել եմ իմ առաջին ստեղծագործական քայլերը: Հիմա էլ ես քայլում եմ նրանց ապավինած: Թե դեռ ու՞ր կտանեն, Աստված գիտե… Երբ իմ առաջին պատմվածքը տպագրեցի, կարծում էի ուր172որ է մի մեծ հեղափոխություն է լինելու: Այդուամենայնիվ, զարմանալի ոչինչ տեղի չունեցավ: Արեգակը արեւելքից ելնում եւ դեպի արեւմուտք էր գնում, աշխարհն էլ պտտվում էր իր առանցքի շուրջը: Հետո, շատ հետո հասկացա, որ անհատականություն լինելու համար ամենեւին էլ պարտադիր չէ խիղճդ ու պատիվդ իջեցնել թղթի մակարդակին: Ժամանակի մեծագույն դեմքերը երբեք էլ թղթի վրա գրիչ չեն ճոճել: Նրանք՝ Հոմերոսը, Սոկրատեսը, Դիոգենեսը, Բուդան, Հիսուսը, Մուհամեդը… խոսք են ասել ու այդ խոսքը գետնին չի ընկել, թռել-հասել է մեզ… Մարդիկ, ես Ձեզ չեմ սիրում, քանզի իմ երկրում գրողի խոսքը երկնքից իջած ձյան փաթիլի նման հալվում172անէանում է՝ դեռ թղթին չհասած: Մենք ավելին չարժենք, քան գյումրեցի առակախոս էն խեղճ Պոլոզ Մուկուչ: Ու՞ր է մեր Ձենով Օհանը: Ո՞վ պիտի արթնացնի իսկական հերոսներին: Իսկ հիմա ո՞վքեր են նրանք: Ո՞վ է ժամանակի պատվանդանին: Հայ գրականության մեջ նա մերթ հանուն հավատի մարտիրոսված նահատակն է, մերթ հրակնատն իր մարմնով փակող զինվորը, մերթ էլ ազգային ազատագրական պայքարին իր կյանքը նվիրաբերած մարտիկը: Պիտի մեռնես, որ ապրես… Երջանկանալու այլ հնար չկա: Ղարաբաղյան գոյամարտից՝ ի տես ազգի ցուցադրաբար թուրքի ականջ բերած խուլիգանն այսօր փողի բարձունք է, իսկ իր անձը անխնա զոհած հայրենասերը՝ Եռաբլուրի հողաթումբ: Արդյոք ո՞վ է երջանիկը: Ապագայի հավատով չէ, որ պիտի կերակրվի մարդը: Երջանկությունը կյանք է: Հետմահու երջանկությունը գաղափարական սպանդ է, մարդկանց հիմարացնող կրոն: Ասում են, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ժուկովը գնացել էր Արեւմտյան ռազմաճակատ: Նրան հետաքրքրում էր, թե ամերիկացիք ինչո՞ւ են դանդաղում: Ասում են, ռազմադաշտը ականապատված է, տարվում են ականազերծման աշխատանքներ: Մի՞թե դրա համար կարելի է հապաղել,- զարմանում է Ժուկովը,- մի գումարտակ ուղղակեք, ընդամենը մի գումարտակ ու ճանապարհը կբացվի… Այդպես է եղել: Սակայն ու՞մ է իրավունք վերապահված տնօրինելու ուրիշի կյանքը… Կեցցե կյանքը: Մեզնից հետո թեկուզ եւ կյանք: Ոչ ոք թող չհամոզի, որ հետո մեզ համար ավելի լավ է լինելու… Մարդիկ, ես Ձեզ չեմ սիրում, քանզի դուք շրջափակում եք կենաց սահմանները: Դա ոտնձգություն է անձի նկատմամբ: Աստված բոլորին հավասար է ստեղծել: Ամեն մարդ կարող է թագավոր լինել: Ես իմ բաժին կյանքի վրա կարգված թագավոր եմ: Եվ ոչ ոք թող չթելադրի իր կամքը: Ես դեմ եմ անարդար սահմանափակումներին: Մարդը նկար չէ, որ աշխարհին շրջանակներից նայի: Իմ տարածքներն անսահման են, հույսերս՝ ծովից-ծով, հավատս՝ երկրից երկինք… Ես ծավալվում եմ այնքան, քանի դեռ չեմ վտանգում ուրիշների ազատությունը: Ես ազատ եմ: Ազատությունը թանկ է ամեն ինչից, նույնիսկ սեփական սկզբունքներից: Որքան էլ նվիրական սկզբունքների դավանեմ, այնուամենայնիվ ես չեմ կարող նրանց գերին լինել: Ես ազատության եւ արդարության թագակիրն եմ: Կեցցե կյանքը, որ ինձ թագավոր է հռչակել: Հիմա ես եմ կյանքը, իսկ գիրս՝ ընդամենը կյանքի պատասխանը: Իսկ մարդկությո՞ւնը… Մարդը մարդու բարեկամն է, իրականում՝ թշնամին: Կեցցե Լեւոն Ջավախյանը, որ շրջապատված է մարդկանցով… Մարդիկ, ես Ձեզ չեմ սիրում, բացի՝ Նոբելից, Ռուբենից, Անիկից, Կարինեից, Վահագնից, Աննայից, Ռաֆիկից, Սիլվայից, Մհերիկից, Սոնայից, Ջեմմայից, Ավոյից, Արմինեից, Շավիղից, Արայիկից, Ռուզանից, Գոռից, Մուշից, Հովնանից, Վանո պապից, Սոնա տատից, Պուրի Մադոյից, Հրանտ Մաթեւոսյանից, Հակոբ Մովսեսից, Մրջանանց Քոթոյից, Պետնանց Քոթոյից, Արմեն Շեկոյանից, Արմեն Մարտիրոսյանից, Արեւշատից, Վաղարշակից, Սաթենիկից, Հայկոյից, Վարդոյից, Աշխենից, Ուստիանից, Ջվախանց Վանոյից, Դավիթ Քոբայրեցուց, Վարդան Արեւելցուց, Մխիթար Այրիվանեցուց, Գրիգոր Մագիստրոսից, Սարգիս Ջալալյանից, Պետրոս Վարդապետից, Գրիգորիս Երզնկյանցից, Նոկոյից, Զառնուշանից, Ակոփից, Համոյից, Ջընդըր Գարեգնից, Կոլից, Փորքաշ Սանդրոյից, Արամ պապից, Քաջի Դավթից, Կամսար Պետրովիչից, Գառնիկ Շախկյանից, Ըրիցանց Աշոտից, Պողոսից, Արփոյից, Հովհաննես Թումանյանից, Ռուբիկից, Անետից, Արշոյից, Բենիկից, Սուրիկից, Բաբանց Ալեքսանից, Բորիս Օլեյնիկից, Վարժապետ Պատրիկյանից, Առաքելից, Ընկեր Վարդուշից, Օսյան Սամվելից, Նիհար Անդոյից, Չաղ Գալուստից, Րաֆֆիից, Աղայանից, Մուրացանից, Չարենցից, Նար-Դոսից, Ջավահիրից, Մենդելեեւից, Մունդուզից, Բլիթից, Վաչիկից, Բանկի Օսեփից, Աֆիցիանտ Արուսից, Վալերի Բրյուսովից, Սանդրոյից, Գեւոյից, Կյուրիկե Թագավորից, Նանա Թագուհուց, Հովնան Օձնեցուց, Մաղաքյա Օրմանյանից, Մերուժան Տեր-Գուլանյանից, Վահան Իշխանյանից, Վիոլետից, Արտակ Վարդազարյանից, Գուրգեն Խանջյանից, Գեներալ Անդրանիկից, Սիմոն Վրացյանից, Արփիից, Լեւոն Խեչոյանից, Աքսորական Սերոժից, Ռաֆոյից, Չաղ Ֆելոյից, Խելքով Ֆելոյից, Ֆելիքս Անիմանալիից, Սեյրանից, Ռուս Աբոյից, Արշակ Սադոյանից, Վանո Սիրադեղյանից, Լեւոն Տեր-Պետրոսյանից, Պարոն Սուքիասից, Պրեզիդենտից, Գվոյից, Արմենից, Հայկազ Քոչարից, Վարոյից, Աղվեսիկից, Շիրակից, Ծովիկից, Հրաչիկ Մաթեւոսյանից, Վիլյամ Սարոյանից, Ռոզիկից, Թաթոսից, Փանոսից, Լիպոյից, Շաղիկից, Որսկան Դավոյից, Քյալաշից, Վազգեն Սարգսյանից, Կարեն Դեմիրճյանից, Ռուզան Մինասյանից, Նիկոլ Փաշինյանից, Նապոլեոնից, Պողիից, Պուկիից, Անազուղլիից, Հիսուս Քրիստոսից… 15.7.2004թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել