Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԻՄԻԱՅԻ ԴԵՄ ԽԱՂ ՉԿԱ

Հուլիս 17,2004 00:00

ՔԻՄԻԱՅԻ ԴԵՄ ԽԱՂ ՉԿԱ Թե ինչ է կատարվում մեր երկրում վնասակար նյութերի, դրանց վերահսկման եւ թափոնների կառավարման ոլորտում՝ պատկերը սարսափելի է։ Հուլիսի 15-16-ին կայացած Քիմիական նյութերի եւ թափոնների համահունչ կառավարման ազգային ծրագրի քննարկման ժամանակ լսեցինք հետեւյալը։ Սոս Հովհաննիսյան (Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության աշխատանքի հիգիենայի եւ ճառագայթային անվտանգության բաժնի պետ).- Երեւանի բանուկ խաչմերուկների 2-3-րդ հարկերի բնակարանների օդում տոքսիկ նյութերի պարունակությունը նորմատիվները գերազանցում է երեք անգամ։ Հայաստան ներմուծվում է 76%-անոց դիզվառելիք, 96%- անոցը բլեֆ է։ Հայաստան ներմուծվում է բուժանյութեր մի քանի անգամ շատ, քան ներկայացվում է։ Թունաքիմիկատներ են ներկրվում նույնիսկ Ադրբեջանից։ Մեր ֆերմերներն էլ խիղճը կորցրել են՝ մենք չգիտենք, թե ինչ են սրսկում պտուղ-բանջարեղենի վրա, եւ մենք ինչ ենք ուտում։ Վերահսկման համակարգը չի գործում, թեպետ մարմինները կան։ Շուկայում վաճառվող ապրանքում տոքսիկ նյութերը գերազանցում են նորման։ Գ. Պետրոսյան (ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ավագ օպերլիազոր)- Խիստ վտանգավոր նյութեր ենք առգրավում, չիմանալով, թե հետո ինչ անել դրանք։ Օրինակ՝ վերջերս 2 տոննա մնացորդային, չօգտագործված ցիանական կալիում ենք առգրավել-պահել։ Արարատի ոսկու գործարանը հանքաքարի մշակման համար տարեկան 1000 տոննա ցիանական կալիում է ներմուծում, որն օգտագործելուց հետո, լցնում է շրջակա միջավայր։ Ներկաները մեծ կասկածի տակ դրեցին 1000 տոննա թիվը, գտնելով, որ այդքանով կարելի է մոլորակի երեսից վերացնել մարդկությանը։ Միջանկյալ ասենք, որ վերջերս բնապահպանության նախարարը խոստովանեց, թե Արարատի ոսկու պոչհանքերում (ոսկու արտադրական թափոնը) արածող անասունները մեռնում են, թռչունները՝ թուլանում ու չեն կարողանում թռչել։ Իսկ թե ցիանիդ կերած կովերի կաթը վայելողների հետ ինչ է կատարվում՝ ոչ մի տվյալ չկա։ «Մեզ համար պարզ չէ, թե բնակչության որ խմբերն ինչպիսի վնասակար ազդեցության են ենթարկվում եւ ինչից, որովհետեւ լուրջ ուսումնասիրություններ այս ուղղությամբ չեն կատարվել»,- քննարկման ժամանակ ասաց «Բնապահպանական ուսումնասիրությունների կենտրոն» ՀԿ տնօրեն Արտաշես Թադեւոսյանը։ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչն էլ հայտարարեց, որ Չինաստանից եւ հարեւան երկրներից ներմուծված լայն սպառման ապրանքը 100%-ով քիմիական է, այդ թվում՝ մանկականը եւ չկա արդի սարքավորումներով քիմիական հետազոտման լաբորատորիա, որ ստուգեն ու կանխեն դրանց ներմուծումը։ Ճշտվեց նաեւ, որ մաքսային օրենքի 118 հոդվածով՝ ներմուծվող ողջ տեսականին պետք է ունենա բնապահպանական եւ հիգիենիկ-հակահամաճարակային ստուգումների դրական եզրակացությունը, նոր՝ մաքսային թույլտվությունը։ Բայց «չենք անում, որովհետեւ մեխանիզմ չունենք»։ Մի խոսքով, ներմուծվող, արտադրվող եւ արտահանվող քիմիական նյութերի կարգավորման օրենսդրական դաշտ՝ վատ թե լավ, ունենք, բայց օրենքները գրեթե չեն կիրառվում, եղածն էլ վերանայման կարիք ունի։ Ի՞նչ է նշանակում, օրինակ, սնանկ ճանաչել եւ բաց աճուրդով ում պատահի վաճառել քիմիական գործարանների ունեցվածքը, որտեղ սարքավորումներից զատ կան պահեստային քիմիական նյութեր։ Այն դեպքում, երբ ցանկացած քիմիական նյութ պոտենցիալ քիմիական զենք է։ Երկրում ստեղծված այս տխուր իրավիճակն է գուցե պատճառը, որ Շվեյցարիայի կառավարությունը բազմաթիվ երկրներից ընտրել եւ ֆինանսավորել է նաեւ Հայաստանին, ի թիվս Չադի, Հորդանանի եւ Յամայկայի։ Կազմվել է Քիմիական նյութերի եւ թափոնների կառավարման ազգային ծրագիր, որը կառավարության հաստատմանը կներկայացվի նոյեմբերին։ Ծրագիրը ղեկավարում է բնապահպանության նախարարության գրեթե համանուն վարչության պետ Անահիտ Ալեքսանդրյանը։ Նա հուսով է, որ պետությունից սպասվելիք 10 մլն դոլարով շուրջ 20-25 տարի անց քիմիական նյութերն ու թափոնները կդառնան կառավարելի։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել