Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական աճի հանրային պատկերացումներ

Հուլիս 17,2004 00:00

Տնտեսական աճի հանրային պատկերացումներ Չենք կարող օգնել, գենացվալե, համեցիր 100 տարի հետո Երեկ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը ներկայացրեց հերթական հանրային հարցման արդյունքները, որոնք այս անգամ վերաբերում էին Հայաստանի տնտեսության զարգացմանը: Հարցումն անցկացվել է 1127 հայաստանաբնակների միջեւ: 55,7 % հարցվածները գտնում են, որ մեր երկրի վերջին 3-4 տարիների տնտեսական աճը դրական ազդեցություն չի ունեցել ընտանեկան բյուջեի վրա: Փոքր ազդեցություն է զգացել 36,5, մեծ՝ 7,5 %-ը: 44,9 տոկոսը գտնում է, որ նշված ժամանակահատվածում ընտանեկան բյուջեն չի ավելացել: 18,2 տոկոսի կարծիքով՝ Հայաստանում իր աշխատանքի շնորհիվ, հարազատների՝ դրսից ուղարկած միջոցների շնորհիվ՝ 14,3 տոկոսինը: Արդյո՞ք Հայաստանի իշխանությունների տնտեսական քաղաքականությունը նպաստում է ձեռներեցության զարգացմանը եւ ներդրումներին: 44,8 տոկոսի կարծիքով՝ ոչ, 22,8-ի՝ այո: Բարձր է գնահատվել Սփյուռքի դերը մեր երկրի զարգացման գործում՝ 44 տոկոս: Ի դեպ, նշենք, որ հարցումն անցկացվել է տնտեսական աճի գոյության պայմանով: Կազմակերպիչները վերապահում ունեն միայն աճի՝ ներկայացվող ցուցանիշի վերաբերյալ: Տնտեսության զարգացման գլխավոր խոչընդոտի առումով գերակշռում է սուբյեկտիվ գործոնը՝ կլանային համակարգը, կոռուպցիան եւ հովանավորչությունը. համապատասխանաբար՝ 19,5 եւ 32,9 տոկոս: Գործադիրին՝ հարկային եւ մաքսային վարչարարությանը, մեղադրել է 6,4, օրենսդրական անկատարությանը՝ 8,1 տոկոս: Օբյեկտիվ գործոնը՝ չկարգավորված կոնֆլիկտը, սահմանների փակ լինելը, կազմում է 8,5 տոկոս: Հաջորդ հարցը, որը վերաբերում է խոչընդոտների հաղթահարմանը, մասնագետների կարծիքով՝ ընդդիմությանը մտածելու տեղիք է տալիս: Քանզի նոր իշխանությունների ձեւավորմամբ իրավիճակից դուրս գալուն կողմ է արտահայտվել հարցվածների 26,4 տոկոսը միայն, ապամեկուսացմամբ՝ 12,3, խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների գործարկմամբ՝ 22,6, փոքր եւ միջին ձեռնարկատիրության խրախուսմամբ՝ 16,5, տարատեսակ ներդրումների միջոցով՝ 15,4 տոկոսը: Հարցվածների 54 տոկոսի կարծիքով՝ մեր տնտեսության զարգացմանը նպաստում է Ռուսաստանը: Մինչդեռ այդ երկրի հետ առեւտրատնտեսական հարաբերությունները տարեկան 11-12 տոկոս են կազմում: ՈՒստի մասնագետներն այս ցուցանիշը բացատրում են ավանդական մտածողությամբ: ԱՄՆ-ի ներդրումը գնահատել է 12 տոկոսը, այն պարագայում, երբ վերջին 13-14 տարիների ընթացքում ԱՄՆ-ի միայն պետական խողովակներից Հայաստանին տրամադրված գումարները մեկ միլիարդ դոլարից ավելի են: Այս հարցում, թերեւս, բացահայտվել է ընդամենը մեր հայրենակիցների անտեղյակությունը: Եվրամիության անդամ երկրների հետ սերտ տնտեսական հարաբերություններին կողմ է հարցվածների 13,9 տոկոսը, երբ գոյություն ունեցող ամենամեծ առեւտրատնտեսական հարաբերությունները հենց այդ երկրների հետ են: 32,6 տոկոսը կողմ է ԱՊՀ պետությունների հետ սերտացմանը, 35,3 տոկոսը լիբերալ է կամ կոմպլեմենտար՝ կողմ են բոլորի հետ սերտացմանը: Բացի այս ամենից, մեր ժողովուրդը նաեւ լավատես է. 20,3 տոկոսը գտնում է, որ առաջիկա 10 տարում Հայաստանը բարեկեցիկ երկիր կդառնա, 29,9 տոկոսը հույսեր է կապում առաջիկա 25 տարիների հետ, հոռետես է 16,5 տոկոսը՝ 100 տարի, անհույս՝ 25,1 տոկոսը: Վերջիններիս կարծիքով՝ Հայաստանը որեւէ շանս չունի բարեկեցիկ երկիր դառնալու: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել