Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵ՞Ս ԷԻՆ ԿԵՂԾՈՒՄ, ՈՒՄՈ՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ-2

Հուլիս 17,2004 00:00

ԻՆՉՊԵ՞Ս ԷԻՆ ԿԵՂԾՈՒՄ, ՈՒՄՈ՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ-2 Կամ՝ ինչպես 181 ընտրողը դարձավ 1181 Ովքեր են անմիջական մասնակցություն ունեցել 2003 թ. նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու գործընթացում։ Շատ հայտնի անուններ պետք չի ակնկալել, որովհետեւ շատ հայտնիները ընտրությունների երկու փուլերի ժամանակ էլ գործում էին իրենց կցված համայնքների թաղապետարաններում եւ գյուղապետարաններում։ Գործընթացը ղեկավարվում էր «շատ բարձրների» վարորդների, օգնականների եւ թաղի հեղինակությունների ու մանկլավիկների միջոցով։ Թերեւս սա է պատճառը, որ դատախազությանն ուղղված հարյուրավոր դիմում-բողոքներում չկա որեւէ նախարարի կամ այլ պաշտոնյայի անուն։ Սակայն որոշ անուններ, ինչպես, օրինակ՝ Էջմիածնի քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանինը, էջմիածնեցի պատգամավոր Հակոբ Հակոբյանինը եւ «Շմայս անունով մի զինվորականի»-նը (ինչպես նշված է փաստաթղթերից մեկում), բողոք-նամակներում նշված են մի քանի անգամ։ Կոնկրետ վերջինիս մասով ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված դիմում-բողոքներից մեկում նշված է, որ նույն Շմայսը (ՊՆ աշխատակից Առաքել Մովսիսյանը) Արմավիրի մարզի Այգեկ գյուղում գյուղապետի հետ միասին զբաղված է եղել ընտրողներին ահաբեկելով, իսկ ընտրությունների նախօրեին հավաքել է ընտրողների մի մասի անձնագրերը։ Այս փաստի առնչությամբ որեւէ քրեական գործ չի հարուցվել։ Քրեական գործ չի հարուցվել նաեւ հետեւյալ փաստի կապակցությամբ. «2003 թ. փետրվարի 27-ին ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ստացվել Սյունիքի մարզի դատախազությունից այն մասին, որ նույն թվականի փետրվարի 27-ին ՀԺԿ, ՀԿԿ, ԱԺՄ եւ «ԱՄ» կուսակցությունների՝ Կապանի տարածքային կազմակերպության կողմից համատեղ դիմում է ներկայացվել մարզի դատախազություն։ Դիմումի մեջ նշված է, որ թիվ 53 ընտրատարածքի թիվ 1708 ընտրական տեղամասում հաշվառված է եղել 181 ընտրող, սակայն ընտրատարածքային հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունում ցույց է տրվել՝ 1181, իսկ թիվ 1697 տեղամասում՝ 1380 ընտրող, սակայն ամփոփիչ արձանագրության մեջ նշված է 1399 թիվը»։ Այս տեղեկատվությունը իբր հերքվել է հանձնաժողովի կողմից, բայց՝ բավականին անհասկանալի եւ չտրամաբանված ձեւով. ընդամենը ասվել է, որ այդ տեղամասերում քվեարկությանը մասնակցել է նաեւ 1000 զինվորական։ Մեկ այլ ընտրատեղամաս եւս ներկայացնենք, որտեղից իրավապահ մարմիններին ուղարկված բացատրությունն ու փաստերը ավելի քան խոսուն են, բայց որեւէ ուշադրության չեն արժանացել։ Ահա այդ տեղեկատվությունը. «Թիվ 1389/17 ընտրական տեղամասից 2003 թ. փետրվարի 19-ին ստացվել է կատարված կեղծիքների մասին գրություն։ Գրությանը կից ներկայացված է Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Ա. Խաչատրյանի դիմումը այն մասին, որ նշված տեղամասում, ժամը 13-ի սահմաններում, Ստեփան Վազգենի Կարապետյանի, Ջուլիետա Կարապետյանի եւ ՌԴ Պյատիգորսկ քաղաքում գտնվող Վահագն Կարապետյանի փոխարեն (բոլորի անձնագրերի ճիշտ տվյալները նշված են) քվեարկել են բոլորովին այլ անձինք՝ այլ անձնագրային տվյալներով»։ Այս բոլոր մանրամասներից հետո անգամ դատախազությունը հարմար չի գտել քրեական գործ հարուցել։ Այնուամենայնիվ, դատախազության որոշ տվյալներում գտնվեցին մի քանի դեպքեր, որոնց կապակցությամբ քրեական գործեր են հարուցվել, սակայն, կարծես թե՝ այլ ուղղությամբ։ Մարդը բողոքել է, որ իր եւ իր ընտանիքի անդամների անունները ընդգրկված չեն ընտրական ցուցակներում։ Եվ դրա համար… նրան դատապարտել են մեկ տարի ազատազրկման։ Գտնվել է դատապարտելու առիթ. տվյալ անձը՝ Շիրակի մարզի Ծաղկուտ գյուղի բնակիչ Արման Սավոյանը, իր եւ իր ընտանիքի անդամների անունները ընտրացուցակում չընդգրկելու պատճառով «վիճաբանության մեջ է մտել գյուղապետի հետ, հայհոյել է, բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ, ծեծել եւ մարմնական վնաս հասցրել»։ Նրանք, ովքեր հետեւել են ընտրությունների ընթացքին հենց ընտրատեղամասերում, շրջել են տեղամասից տեղամաս՝ շատ պարզ տեսել են, թե ընտրությունների օրերին (ե՛ւ փետրվարի 19-ին, ե՛ւ մարտի 5-ին) ինչպիսի արտոնյալ վիճակում էին բոլոր գյուղապետերը եւ ինչ կարգի գործունեություն էին ծավալում։ Այնպես որ, անհավատալի է, թե որեւէ ընտրող հնարավորություն կունենար ծեծել որեւէ գյուղապետի՝ ամենամեծ ցանկության դեպքում անգամ։ Նախագահական ընտրությունների ժամանակ կատարված ապօրինությունների եւ կեղծիքների մասին ՀՀ ԱԺ-ն պետք է համապատասխան տեղեկանք ներկայացնի ԵԽԽՎ-ին, եւ մանրամասներ նշվի պատժվածների մասին։ Եթե դատախազությունը ակնհայտ փաստերի կապակցությամբ այդպես էլ որեւէ լուրջ քրեական գործ չի հարուցել, ուրեմն ի՞նչ է ներկայացվելու եվրոպացիներին։ Եթե սեպտեմբերին Ստրասբուրգում տեղի ունենալիք ԵԽ ԽՎ հերթական նիստին հայկական պատվիրակությունը պատրաստվում է 1374 բանաձեւի մասով ներկայացնել նաեւ այն, որ իբր նախագահական ընտրությունների ժամանակ լուրջ կեղծիքներ չեն եղել, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա մի՞թե եվրոպացիները կհավատան։ Չէ՞ որ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, եւ դրա մասին բազմիցս փաստել են նաեւ ԵԽԽՎ ներկայացուցիչները, որ իրենք, պաշտոնական եւ ընդդիմադիր աղբյուրներից բացի, այլ աղբյուրներ եւս ունեն։ Թերեւս նույնը կարելի է փաստել նաեւ խորհրդարանական ընտրությունների մասին։ Խորհրդարանական ընտրությունների մասին տեղեկատվությունը նույնքան պերճախոս չէ եւ, ըստ էության, կարելի է նույնպես բաժանել մի քանի խմբերի՝ կրակոցներ եւ ծեծկռտուք եւ լցոնման մասին բողոքներ։ Այս մասին՝ ավելի ուշ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել