Լրահոս
Օրվա լրահոսը

«ՋԻՏ ԿՈՒՆ ԴՈ»-Ն ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հուլիս 17,2004 00:00

«Ջիտ կուն դո» մարտարվեստի պրոֆեսիոնալ լիգայի անդրանիկ առաջնությունը կայացավ Հայաստանում

Վերջերս «Դինամո» մարզահամալիրում Ջիտ կուն դո-ի ֆեդերացիան անցկացրեց պրոֆեսիոնալ լիգայի առաջնություն՝ Հայաստան-Իրան հավաքականների միջեւ, որին մասնակցում էին 5 հայ եւ 5 իրանցի մարզիկներ։

Առաջնության ընթացքի մասին խնդրեցինք ներկայացնել Ջիտ կուն դո-ի ֆեդերացիայի նախագահ Արտյուշա Ղանդոյանին։

«Մենամարտերն անցան լարված պայքարում, մեր մարզիկների վարած մենամարտերը եւ միջոցառումը, որպես այդպիսին, բավականին լավ տպավորություն թողեց հյուրերի՝ Իրանի ներկայացուցիչների վրա։ Մեր տղաները՝ իմ գլխավորությամբ, բավականին լավ էին նախապատրաստվել մեզ համար հույժ կարեւոր այդ առաջնությանը եւ հիմնականում բացարձակ առավելությամբ ժամանակից շուտ ավարտեցին մենամարտերը։ Այդպիսի հաղթանակներ տարան 64-66 կգ քաշային կարգում Մանուկ Սարգսյանը, 68-72 կգ քաշային կարգում գեղեցիկ մենամարտերով 3-րդ ռաունդում հաղթանակ տարավ Արամ Հայրապետյանը եւ 80-85 կգ քաշային կարգում՝ Ներսես Հակոբյանը։ Պարտվեցին Արտյոմ Դադայանը եւ Տիգրան Ասոյանը՝ ջուն-ֆան մարտարվեստի դպրոցից։

Օգտվելով առիթից՝ ես իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել ԿԳ նախարարության «Օլիմպոս» կրթահամալիրի տնօրեն, Ջիտ կուն դո-ի ֆեդերացիայի պատվավոր անդամ Վահրամ Գրիգորյանին՝ մարզադահլիճը մեզ տրամադրելու համար, քանի որ նախապատրաստական փուլը (մարզումները) անցկացվեց կրթահամալիրի մարզադահլիճում։

Պետք է նաեւ նշեմ, որ այս միջոցառումը մեզ լայն հնարավորություն ընձեռեց հետագա համագործակցության համար։ Հուլիսի 20-ին Ջիտ կուն դո-ի ֆեդերացիան «Դինամո» մարզահամալիրում կանցկացնի իր հերթական ավանդական առաջնությունը, որը նվիրված է Բրյուս Լիի մահվան 31-րդ տարեդարձին։ Այս անգամ կկայանա Հայաստան-Իրան միջազգային առաջնությունը։

Օգոստոսի 8-10-ը Իրանում կմասնակցենք միջազգային մրցաշարի։ Հոկտեմբերին կանցկացնենք եւս մեկ պրոֆեսիոնալ լիգայի առաջնություն. նախապես համաձայնության ենք եկել Իրանի ներկայացուցիչների հետ»։

Առաջնությունից մի քանի օր անց Նորք-Մարաշ համայնքի թաղապետ, Ջիտ կուն դո-ի ֆեդերացիայի պատվավոր անդամ Վարազդատ Մկրտչյանը փայլուն հաղթանակի համար ողջունեց եւ շնորհավորեց Հայաստանի Ջիտ կուն դո-ի ֆեդերացիայի նախագահ Արտյուշա Ղանդոյանին, մարզիկներ Ա. Հայրապետյանին, Մ. Սարգսյանին եւ Ն. Հակոբյանին եւ նրանց ցանկացավ նորանոր հաջողություններ։

Ջիտ կուն դո-ի ֆեդերացիայի նախագահի կողմից Վ. Մկրտչյանը պարգեւատրվեց պրոֆեսիոնալ լիգայի գոտիով (սիմվոլիկ)՝ իբրեւ Ջիտ կուն դո-ի ֆեդերացիայի պատվավոր անդամ եւ հովանավոր։ Նշենք նաեւ, որ պրոֆեսիոնալ լիգայի առաջնության հաղթողներին ֆեդերացիայի կողմից շնորհվեց պրոֆեսիոնալ լիգային համապատասխան գոտիներ եւ վկայագրեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել