Հավատարմագրման
գործընթացը հաջողությամբ հաղթահարած «Հայբուսակ» համալսարանն արդեն ունի
դիմորդների իր ընտրազանգվածը:
Այդ է վկայում այս տարի «Հայբուսակում» սովորել ցանկացող դիմորդների մեծ հոսքը: Կրթօջախի ձեռքբերումները «Հայբուսակի» ռեկտոր Անահիտ Հարությունյանը պայմանավորում է վերջին տարիներին իրենց կողմից սահմանած ոչ թե «ճկուն, այլ շատ հստակ» զեղչային մեխանիզմով:
«Մայիսից սկսվել է բուհի 2004-05 ուստարվա ընդունելությունը, եւ արդեն դիմորդների մեծ հոսք կա: Ինչպես միշտ, բուհում մեծ հեղինակություն են վայելում բժշկական գծով մասնագիտությունները՝ բուժական գործ, ատամնաբուժություն, դեղագործություն, սակայն այս տարի դիմորդները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ տնտեսագիտության՝ կառավարում, մենեջմենթ, բանկային գործ, հաշվապահական հաշվառում, ինֆորմացիոն համակարգեր մասնագիտությունների հանդեպ: Բուհի օտար լեզուներ, մանկավարժություն, հոգեբանություն բաժիններն էլ, ինչ խոսք, ունեն իրենց դիմորդները, եւ ուսանողների թվաքանակով չեն զիջում վերը թվարկված ֆակուլտետներին»,- պատմում է Ա. Հարությունյանը:
Ռեկտորի ներկայացմամբ, «Հայբուսակի» ընդունելության շրջանը, պետական բուհերի համեմատությամբ, ավելի վաղ է սկսվում. «Ես մեծ նշանակություն եմ տալիս հատկապես այն երիտասարդներին, ովքեր հենց սկզբից, առանց վարանելու ընտրում են մեր բուհը, սա խոսում է այն մասին, որ Հայաստանի կրթության ոլորտում «Հայբուսակն» իր տեղն արդեն ունի»: Տիկին Հարությունյանը կարեւորեց նաեւ այն, որ նախորդ տարիների համեմատությամբ այս տարվա դիմորդները, ըստ ատեստատների թվանշանների, բարձր առաջադիմություն ունեն. «Դիմորդների ատեստատները գրեթե առանց երեքների են, ինչը նշանակում է լավ հումք կունենանք, իսկ լավ հումքից լավ որակ կստանանք»: Ըստ ռեկտորի, 2003-04 ուստարին նշանավորվել է արտերկրի մի շարք երկրների հետ կնքած պայմանագրերով, ըստ որոնց, բուհի մի խումբ հայազգի ուսանողներ այս տարվանից սկսած, յուրաքանչյուր տարի ուսումնական պրակտիկան անցկացնելու են Իրանում, Սիրիայում եւ այլ երկրներում:
Ա. Հարությունյանի հավաստմամբ, պրակտիկայի ընթացքում ուսանողներին հնարավորություն կընձեռվի գումար վաստակել: «Հայբուսակի» ռեկտորը իրենց նվաճումներից է համարում նաեւ բուհում մեծաթիվ օտարազգի եւ սփյուռքահայ ուսանողների առկայությունը: Ա. Հարությունյանի հավաստմամբ, թեեւ վերջիններիս համար զեղչեր չեն կիրառվում, սակայն «բացառություններ լինում են»: Փոխարենը, ըստ տիկին Հարությունյանի, մատչելի վարձավճարով համալսարանը կհոգա օտարազգների եւ սփյուռքահայերի կացարանի խնդիրը. «Մենք սիրիացի մի գործարարի հետ պայմանավորվածություն ունենք, ըստ որի նա մեր ուսանողների համար 2 հանրակացարան է կառուցում»: Այս տարի բուհն ունի ռուսերեն եւ անգլերեն լեզուներով կրթվելու հոսքեր, ինչի առիթով «Հայբուսակի» միջոցներով տպագրվում է ռուսերեն եւ անգլերեն լեզուներով գրականություն: Տիկին Անահիտի հավաստմամբ, իրենք իրենց շրջանավարտի ճակատագրով եւս հետաքրքրված են. «Մենք համագործակցում ենք շատ գործարարների հետ: Նրանք իրենց պահանջներն են առաջադրում, եւ ժամանակի ընթացքում մեր բուհից մասնագետներ են ընտրում: Չնայած մեր ծախսերն ավելանում են, այնուամենայնիվ, հաշվի առնելով գործատուի պահանջները, ուսումնական պլանում փոփոխություններ ենք կատարում եւ բավարարում ենք նրանց պահանջները»: Բժշկի մասնագիտությամբ ուսանողները հնարավորություն ունեն աշխատանքի տեղավորվել բուհի բազային պոլիկլինիկայում: Ա. Հարությունյանը կարեւորում է նաեւ ուսանողների ֆիզիկական պատրաստվածությունը. «Մինչեւ սեպտեմբեր ավարտուն տեսքի կբերվեն եվրոպական չափանիշներին համապատասխանող բացօթյա սպորտային հրապարակն ու դահլիճը»:
Ի դեպ, ե՛ւ այս, ե՛ւ նախորդ տարի կայացած «Բազե» համահայկական խաղերում «Հայբուսակի» ուսանողական խորհուրդն է նվաճել «Բազե» մրցանակը:
R