Գյուղմթերքների թանկացման եւ կարկուտի բարերար ազդեցության մասին
«Ծիրան չուտելով սոված չեք մնա, մի սարքեք տրագեդիա: Մի քանի օրից Կոտայքի մարզի ծիրանը կմտնի շուկա, սպասվում է գների չնչին անկում: Այս տարի կունենանք 3-4 հազար տոննա ծիրան»,- երեկ այսպիսի սփոփիչ խոսքեր ասաց լրագրողներին գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, որը Մամուլի ազգային ակումբի հյուրն էր: Նախարարը, իր ներկայացմամբ, չափազանց շոյված է գյուղատնտեսության հանդեպ պետության եւ լրագրողների ուշադրությունից: Նա լրագրողներին կոչ արեց հաճախ լինել գյուղերում եւ անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերել:
Դավիթ Լոքյանը այսպիսի տեսակետ հայտնեց. «էժան գինը ինձ համար ընդունելի չէ: Մի քանի տարուց մարդը կհասկանա, որ դժվար արտադրած բանը պետք է նաեւ արժեք ունենա»: Հիմնականում գյուղնախարարը հարցերին հարցով էր պատասխանում: Օրինակ՝ ինչո՞ւ է մսի գինը 1200-ից աճել 1600-ի հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց. «Իսկ ինչո՞ւ պետք է 800 լինի»: Ըստ նրա, 2001-ին ցորենի մեկ կիլոգրամը եղել է 80 դրամ, հիմա այն 130 է եւ դա շատ նորմալ է, քանի որ դրանով խրախուսվում է շատ եւ բարձրորակ ցորենի արտադրանքը: Հաջողության հասնելու համար նախարարն առաջարկում է. «գյուղացին պետք է շահույթով աշխատի: Մենք շուկաներ ունենք, ենթակառուցվածքներ չունենք»:
«Առաջնային խնդիրներ» նոմինացիայում ինչպես միշտ՝ առաջնայինը ոռոգման հարցն էր: Նախատեսվում է պտղի պահպանման համար ստեղծել սառնարանային տնտեսություն, կիրականացվի հողերի կոնսոլիդացիայի փորձնական ծրագիր: Այսինքն, համապատասխան մասնագետների կողմից գյուղացուն խորհուրդներ կտրվեն, թե ինչպես քիչ կամ շատ հողի հեկտարից ստանան առավելագույն եկամուտ: Այնուամենայնիվ, չնայած այս «դաժան», ոչ բերքատու տարվան, այս տարի բավականին լավ բերք է սպասվում խաղողից, ցորենից, կարտոֆիլից: Ավելին, կունենանք կարտոֆիլի իրացման խնդիր: Սակայն դրա լուծումը եւս կա: «Մասիսում արդեն գործում է կարտոֆիլի փոշի արտադրող գործարանը»,- հայտնեց նախարարն ու բավականին համբերատար բացատրեց այդ փոշուց կերակուր պատրաստելու եղանակը:
Պարոն Լոքյանի տվյալներով, այս տարի արտահանվել է 450 տոննա ծիրան՝ 1 կիլոգրամը 7-8 դոլար, սակայն գյուղացուց այն գնվել է 3 դոլարով: Արգենտինացիների կողմից Արագածոտնի մարզում փորձնական կառուցվում է հակակարկտային համակարգ: Աշխատանքներ են տարվում գյուղացուն բերքի ապահովագրման համակարգին սովորեցնելու ուղղությամբ: Պարոն Լոքյանը գտնում է, որ կարկուտն իր լավ կողմերն էլ ուներ. «մղում է անկեղծության: Գյուղացին հիմա ավելի շահագրգռված է ապահովագրելու իր բերքը»:
Ներկայումս Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած գյուղի բնակիչների հետ բաց դասեր են անցկացվում: Վերջում նախարարը ներկայիս գյուղատնտեսության վիճակը համարեց «միջակ»:
ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ