Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական աճի հանրային պատկերացումներ

Հուլիս 17,2004 00:00

Չենք կարող օգնել, գենացվալե, համեցիր 100 տարի հետո

Երեկ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը ներկայացրեց հերթական հանրային հարցման արդյունքները, որոնք այս անգամ վերաբերում էին Հայաստանի տնտեսության զարգացմանը: Հարցումն անցկացվել է 1127 հայաստանաբնակների միջեւ: 55,7 % հարցվածները գտնում են, որ մեր երկրի վերջին 3-4 տարիների տնտեսական աճը դրական ազդեցություն չի ունեցել ընտանեկան բյուջեի վրա: Փոքր ազդեցություն է զգացել 36,5, մեծ՝ 7,5 %-ը: 44,9 տոկոսը գտնում է, որ նշված ժամանակահատվածում ընտանեկան բյուջեն չի ավելացել: 18,2 տոկոսի կարծիքով՝ Հայաստանում իր աշխատանքի շնորհիվ, հարազատների՝ դրսից ուղարկած միջոցների շնորհիվ՝ 14,3 տոկոսինը: Արդյո՞ք Հայաստանի իշխանությունների տնտեսական քաղաքականությունը նպաստում է ձեռներեցության զարգացմանը եւ ներդրումներին: 44,8 տոկոսի կարծիքով՝ ոչ, 22,8-ի՝ այո: Բարձր է գնահատվել Սփյուռքի դերը մեր երկրի զարգացման գործում՝ 44 տոկոս: Ի դեպ, նշենք, որ հարցումն անցկացվել է տնտեսական աճի գոյության պայմանով: Կազմակերպիչները վերապահում ունեն միայն աճի՝ ներկայացվող ցուցանիշի վերաբերյալ: Տնտեսության զարգացման գլխավոր խոչընդոտի առումով գերակշռում է սուբյեկտիվ գործոնը՝ կլանային համակարգը, կոռուպցիան եւ հովանավորչությունը. համապատասխանաբար՝ 19,5 եւ 32,9 տոկոս: Գործադիրին՝ հարկային եւ մաքսային վարչարարությանը, մեղադրել է 6,4, օրենսդրական անկատարությանը՝ 8,1 տոկոս: Օբյեկտիվ գործոնը՝ չկարգավորված կոնֆլիկտը, սահմանների փակ լինելը, կազմում է 8,5 տոկոս: Հաջորդ հարցը, որը վերաբերում է խոչընդոտների հաղթահարմանը, մասնագետների կարծիքով՝ ընդդիմությանը մտածելու տեղիք է տալիս: Քանզի նոր իշխանությունների ձեւավորմամբ իրավիճակից դուրս գալուն կողմ է արտահայտվել հարցվածների 26,4 տոկոսը միայն, ապամեկուսացմամբ՝ 12,3, խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների գործարկմամբ՝ 22,6, փոքր եւ միջին ձեռնարկատիրության խրախուսմամբ՝ 16,5, տարատեսակ ներդրումների միջոցով՝ 15,4 տոկոսը:

Հարցվածների 54 տոկոսի կարծիքով՝ մեր տնտեսության զարգացմանը նպաստում է Ռուսաստանը: Մինչդեռ այդ երկրի հետ առեւտրատնտեսական հարաբերությունները տարեկան 11-12 տոկոս են կազմում: ՈՒստի մասնագետներն այս ցուցանիշը բացատրում են ավանդական մտածողությամբ: ԱՄՆ-ի ներդրումը գնահատել է 12 տոկոսը, այն պարագայում, երբ վերջին 13-14 տարիների ընթացքում ԱՄՆ-ի միայն պետական խողովակներից Հայաստանին տրամադրված գումարները մեկ միլիարդ դոլարից ավելի են: Այս հարցում, թերեւս, բացահայտվել է ընդամենը մեր հայրենակիցների անտեղյակությունը: Եվրամիության անդամ երկրների հետ սերտ տնտեսական հարաբերություններին կողմ է հարցվածների 13,9 տոկոսը, երբ գոյություն ունեցող ամենամեծ առեւտրատնտեսական հարաբերությունները հենց այդ երկրների հետ են: 32,6 տոկոսը կողմ է ԱՊՀ պետությունների հետ սերտացմանը, 35,3 տոկոսը լիբերալ է կամ կոմպլեմենտար՝ կողմ են բոլորի հետ սերտացմանը: Բացի այս ամենից, մեր ժողովուրդը նաեւ լավատես է. 20,3 տոկոսը գտնում է, որ առաջիկա 10 տարում Հայաստանը բարեկեցիկ երկիր կդառնա, 29,9 տոկոսը հույսեր է կապում առաջիկա 25 տարիների հետ, հոռետես է 16,5 տոկոսը՝ 100 տարի, անհույս՝ 25,1 տոկոսը: Վերջիններիս կարծիքով՝ Հայաստանը որեւէ շանս չունի բարեկեցիկ երկիր դառնալու:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել