ԱԺԴ
ղեկավարը փորձում է հիմնավորել, թե ինչու պիտի Ռոբերտ Քոչարյանը հրաժարվի
իշխանությունից
Երեկ Արշակ Սադոյանը իր հերթական մամուլի ասուլիսի ժամանակ առաջարկեց Ռոբերտ Քոչարյանին խոստանալ, որ երրորդ անգամ չի ընտրվելու, որ թողնել-գնալու է, որ Սահմանադրությունը փոփոխվելու է մինչեւ տարեվերջ եւ փոփոխվելու է առանց Ռոբերտ Քոչարյանի։ Տեղից «տարերային» բացականչություն հնչեց՝ «բայց՝ խի՞» (այսինքն՝ ինչո՞ւ, ո՞ր գործոններից դրդված Ռ. Քոչարյանը պիտի նման բան անի)։ Այդ «բայց՝ խի՞»-ն որսալով՝ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը փորձեց բացատրել, թե՝ «խի»։ Բացատրությունը լրագրողների համար այնքան էլ համոզիչ չէր, թեպետ ի՞նչ իմանաս, գուցե նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար համոզիչ եւ ընդունելի լինի։ Բանն այն է, որ նախագահի աշխատասենյակը հաստատ զովացվում է, եւ երկրի ղեկավարը կարող է զով պայմաններում սթափ դատել։ Իսկ Արշակ Սադոյանի ԱԺԴ կուսակցության գրասենյակում ասուլիսի ժամին հաստատ մի 40 աստիճանի ջերմություն կլիներ։ Պրն Սադոյանն առաջարկում է նոր ստրատեգիա. մեկ հեռախոսազանգով հեղափոխական զանգվածի հավաքվելու իր գաղափարից պրն Սադոյանը երեկ սահուն անցում կատարեց «բիլակակռվի» խիստ արդիական գաղափարին։ Արշակ Սադոյանն ասաց. «Խնդրում եմ ձեւակերպումները լինեն մի քիչ ընդունելի, որովհետեւ այն, ինչ ուզում եմ ասել, իսկապես մի քիչ բարդ է՝ մարդկային իմաստով։ Դրա բովանդակությունը հետեւյալն է. բնական է՝ մարդը չի կարող ապրել անընդհատ մահվան վտանգը իր գլխին կախված տեսնելով։ Հնարավոր չէ, ինչքան էլ վոյին լինի, որ անընդհատ մտածի՝ «Բա որ հանկարծ վաղը, բա որ մյուս օրը»։ Բնական է, բոլորս էլ հասկանում ենք, ինքն էլ (Ռ. Քոչարյանը.- Մ. Ե.), որ այսպես անընդհատ շարունակել չի կարելի։ Առավել եւս՝ երեւի շատ-շատերը ՀՀ-ում «Հոկտեմբերի 27»-ն էլ անմիջականորեն կապում են այդ մարդկանց հետ։ Եվ այս պայմաններում «չորով» գնալ, այսպես ասած՝ տղամարդկություն ցույց տալ, դա ահավոր հոգեւոր լարում է պահանջում։ Եվ ես կարծում եմ՝ այդպիսի կյանքը հեշտ կյանք չէ, եւ նրանք երբեք դրանից երջանիկ չեն էլ զգա։ Հարց է ծագում՝ լավ, բա երկի՞րը։ Էս երկիրը անընդհատ ետ է ընկնում միայն այն պատճառով, որ նա պետք է աթոռը պահի՞»։ Արշակ Սադոյանը խնդրեց, որ լրագրողները ձեւակերպեն իր հաջորդ միտքը, որովհետեւ, իր ասելով, այդ մտքերը «բառերով լավ չեն ձեւակերպվում»։ Իսկ ասելիքը սա էր. եթե Ռոբերտ Քոչարյանը ուզում է պատմության մեջ մնալ, եթե «ուզում է ազատվել անմիջական վտանգից», ուրեմն պետք է ներկայանա այսպես. «Ախպեր, նորից չեմ դնելու (խոսքը Ռ. Քոչարյանի երրորդ անգամ նախագահ ընտրվելու մասին է.- Մ. Ե.), պրոբլեմ չկա, ինչքան որ ստացել եմ, էդքանին էլ եմ հոժար։ Հիմա, եթե ես ճիշտ քաղաքականություն տանեմ, որոշ բաներ իմ նախկին կատարած սխալներից ինձ թող ներվի»։
Պրն Սադոյանը խոսեց նաեւ նորմալ քաղաքացիական հասարակություն ունենալու, սափրած գլուխներից հրաժարվելու եւ սեփական իրավունքների ազատության համար պայքարելու մասին. «Ե՞րբ պետք է մենք կարողանանք ստեղծել քաղաքացիական հասարակություն, մարդկանց իրավունքների եւ ազատությունների համար պայքարի ընդունակ մարդկանց կազմակերպված խմբեր, ինչը ես կոչում եմ՝ բիլակակռվի եւ ոչ թե հրացանակռվի պատրաստ մարդկանց խմբեր»։
Հուլիսի 31-ին տեղի կունենա ԱԺԴ համագումարը, որի ժամանակ եւս Արշակ Սադոյանը կներկայացնի պայքարի իր ծրագիրը։ Բայց քանի որ միայն Արշակ Սադոյանով գարուն չի գա, վերջինս առաջարկեց, որ բոլոր քաղաքական ուժերը մինչեւ սեպտեմբեր հստակեցնեն իրենց անելիքը բաց ժողովների միջոցով։ Եթե ուրիշները չանեն՝ ԱԺԴ-ն օգոստոսի վերջին մի բաց ժողով եւս կանի։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ