Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌՋԵՎՈՒՄ ԴԵՌ ՊԱՏԱՍԽԱՆ ԽԱՂՆ Է

Հուլիս 16,2004 00:00

ԱՌՋԵՎՈՒՄ ԴԵՌ ՊԱՏԱՍԽԱՆ ԽԱՂՆ Է Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի առաջին փուլում մրցակցի դաշտում «Պոբեդայի» նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակ տանելուց հետո տուն վերադառնալով, «Փյունիկի» մարզչական խորհրդի անդամ Վարդան Մինասյանը երեկ մամուլի ասուլիս անցկացրեց ԶԼՄ-ների հետ: «Մենք Մակեդոնիա մեկնելուց առաջ ձեզ ասել էինք, որ օրլ օր տեղեկություններ ենք սպասում ապագա մրցակից թիմի մասին,- ասաց նա:- Սակայն այդպես էլ մեր սպասելիքները չարդարացան ու մենք չարտերային չվերթով Սկոպյե մեկնեցինք՝ առանց նրանց մասին մեզ անհրաժեշտ ինֆորմացիայի: Միակ բանը, որ գիտեինք, այն էր, որ Մակեդոնիայում դեռ չի մեկնարկել ֆուտբոլի առաջնությունը, հետեւաբար, պետք էր ենթադրել, որ «Պոբեդայի» ֆուտբոլիստները ներկա դրությամբ խաղային անհրաժեշտ պրակտիկա պետք է որ չունենային: Սակայն մեզ մտահոգում էր այն, որ նրանց գլխավոր զենքը կարող էր արագաշարժությունը լինել: Դրա համար էլ նախապատրաստության շրջանում ավելի շատ ուշադրություն էինք դարձնում պաշտպանությունն ուժեղացնելուն: Սակայն Սկոպյեում, ներկա լինելով «Պոբեդայի» մարզումներին, մենք մարզիչներով բավականաչափ պատկերացում կազմեցինք նրանց ընդհանուր վիճակի մասին եւ կարողացանք որոշել մեր ընտրելիք մարտավարությունը: Մեզ հաջողվեց իմանալ, որ, անցած տարվա համեմատությամբ, «Պոբեդայում» հիմա բացակայում են չեմպիոնական կազմի հինգ-վեց ֆուտբոլիստներ: Մեր մարզչական խորհուրդը որոշեց «Փյունիկի» մեկնարկային կազմից հանել Գալուստ Պետրոսյանին եւ հարձակման գծում Էդգար Մանուչարյանի հետ միասին դնել Ժորա Հովհաննիսյանին: Դաշտի կենտրոնն ամրապնդելու նպատակով ընտրեցինք Արթուր Մկրտչյանին, Կարեն Ալեքսանյանին եւ Ռաֆայել Նազարյանին: Այդպես մենք ուժեղացրինք թիկունքը՝ ընտրելով հակագրոհների տակտիկան: Մեր գլխավոր հույսը Էդգար Մանուչարյանի վարպետությունն ու արագաշարժությունն էր: Խաղասկզբից 5-10 րոպե անց բոլորս, այդ թվում նաեւ մեր տղաները, համոզվեցինք, որ մրցակիցը, իրոք, այն թիմը չէ, եւ ավելի վստահ սկսեցինք գործել դաշտում: Վերջնական հաղթանակի գործում մեծ դեր ունեցավ նաեւ այն, որ երկու «արագ» գոլ խփեցինք: Ես սովորաբար ձեռնպահ եմ մնում առանձին ֆուտբոլիստների անուններ տալուց, բայց այս անգամ չեմ կարող չնշել երեք երիտասարդի, որոնք գերազանց խաղ ցուցադրեցին: Նկատի ունեմ երկու գոլի հեղինակ դարձած Էդգար Մանուչարյանին, մեկ գոլի՝ Ժորա Հովհաննիսյանին եւ լեգեոներական Կառլ Լոմբեին»: Լրագրողներից մեկի այն հարցին, թե կիսապաշտպան Ժ. Հովհաննիսյանին առաջ տանելով նրանք չէի՞ն վախենում, որ նա կարող է չարդարացնել հույսերը, Վարդան Մինասյանը պատասխանեց. «Ժորիկը պաշտպանական ֆունկցիաներն է համեմատաբար վատ կատարում: Նա սիրում եւ կարողանում է գնդակի հետ երկար աշխատել: Հենց դա էլ հաշվի առնելով՝ մենք որոշեցինք Ժորիկին մի փոքր առաջ տանել: Սակայն նա մաքուր հարձակվող չէր, այլ, այսպես ասած, կիսահարձակվող եւ, մեր կարծիքով, շատ լավ կատարեց իր պարտականությունները՝ անընդհատ գնդակ մատակարարելով Էդգարին»: – Երեւանում կայանալիք պատասխան խաղում հաղթող թիմի կազմում որեւէ փոփոխություն կլինի՞: – Դա կպարզվի հանդիպման նախօրեին: Սակայն կարմիր քարտ ստացած Կարեն Ալեքսանյանին հարկադրված ենք փոխարինել: – Երեւանում խաղալու եք հաղթական հաշիվը պահելու՞, թե՞ հաջողությունը զարգացնելու մտադրությամբ: – Մրցակիցն այլեւս կորցնելու ոչինչ չունի եւ գալու է կորցրածը ետ բերելու վճռականությամբ: Իսկ «Փյունիկը» չի դավաճանի իր խաղաոճին: – Հանդիպումից հետո երկու թիմերի մարզիչները ի՞նչ գնահատական տվեցին մրցավարությանը: – Ես կարող եմ խոսել մեր մասին՝ գոհ ենք: Սովորաբար, հաղթող թիմը բավարարված է լինում մրցավարությունից: Միայն ասեմ, որ գլխավոր մրցավարի՝ Կարեն Ալեքսանյանին ցույց տված կարմիր քարտը միանգամայն տեղին էր, որովհետեւ մեր ֆուտբոլիստն, իրոք, կոպիտ խաղաց: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել