Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱԳՆՎԵԼՈՒ ԷԹԻԿԱ»

Հուլիս 16,2004 00:00

«ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱԳՆՎԵԼՈՒ ԷԹԻԿԱ» Ասում է դիզայներ-մոդելյոր Նաիրա Աբգարյանը Շուտով նա կմեկնի Իտալիա՝ աշխարհահռչակ Ռոբերտո Կավալլիի մոտ կատարելագործվելու։ Ի տարբերություն իր շատ գործընկերների, նա չի խոստանում շուտ վերադառնալ. «Դա կախված է նրանից, թե ինչպես կընթանա իմ ստեղծագործական կյանքն այնտեղ։ Ի վերջո, կարելի է հեռվից էլ օգտակար լինել»։ Ն. Աբգարյանին «հայտնաբերել» է իտալացի մաեստրո Պինոն՝ 2002թ. Սոչիում կայացած ժամանակակից պարերի միջազգային մրցույթում, որտեղ Երեւանի պարարվեստի ուսումնարանի ստեպ-ստուդիայի պարողներին հանդերձավորել էր դիզայները։ «Ցավում եմ, որ թեեւ Հայաստանում կան նախադրյալներ նորաձեւության ոլորտում հաջողության հասնելու, հավասարի իրավունքով աշխարհի հետ երկխոսություն վարելու, այնուամենայնիվ, հայերը դեռ ստիպված պետք է հագնվեն ըստ գրպանի»,- վստահեցնում է դիզայներ-մոդելյոր Նաիրա Աբգարյանը։ Ավելի քան 10 տարի առաջ ավարտելով Երեւանի գեղարվեստի ակադեմիան, դիզայներն իր մի խումբ համախոհների հետ որոշել էր զբաղվել արվեստի այդ ոլորտով (մոդելյորությամբ), սակայն, «ինչպես տարիները ցույց տվեցին, միայն էնտուզիազմով հնարավոր չէ շարունակել։ Սա այն ոլորտն է, որտեղ պետք է ներդրումներ կատարվեն, այն էլ՝ ի՜նչ չափերի»։ Ըստ Ն. Աբգարյանի, արդեն տարիներ շարունակ հիմնականում աշխատում է արվեստագետների հետ։ «Առավոտի»՝ «Հետաքրքիր է, ինչո՞ւ միայն արվեստագետների հետ եք աշխատում, կարելի՞ է մտածել, որ նրանք Հայաստանում ունեւոր խավն են» հարցին դիզայները պատասխանեց. «Լրիվ հակառակը։ Այսինքն, թող չվիրավորվեն գործընկերներս, բայց արվեստագետն այսօր պարզապես գոյատեւում է։ Իսկ ես աշխատում եմ զեղչեր անել, հետո համակրանքի հարց էլ կա»։ Մեր՝ «Իսկ հնարավո՞ր է քիչ գումարով ստանալ լավ զգեստ» հարցին ի պատասխան՝ Ն. Աբգարյանն անկեղծացավ. «Ամեն լավ բան լավ գին ունի, բայց Հայաստանի պայմաններում, անկեղծորեն եմ ասում՝ ոչնչից աշխատում ենք ստեղծել ներկայանալի հագուստ»։ Ըստ մեր զրուցակցի, վաղուց Եվրոպայի զարգացած երկրների քոլեջներում դասավանդում են հագնվելու արվեստ. «Նույնիսկ թագավորական պալատներում էին ուշադրություն դարձնում, թե ինչ հագուստով գնան որսի, այս կամ այն ընդունելության ժամանակ ինչպես ներկայանան։ Կարծում եմ, եկել է ժամանակը Հայաստանի քոլեջներում, դպրոցներում այս առարկան դասավանդելու»։ Մեր հետաքրքրությանը՝ թե ի՞նչ կարծիքի է դիզայները Հայաստանի իշխանավորների հագուկապի մասին, Ն. Աբգարյանն ասաց. «Պաշտոնյա տղամարդկանց հագուկապը, ոչինչ, նորմալ է, ինչը չեմ կարող ասել կին պաշտոնյաների մասին։ Այլեւս գաղտնիք չէ, որ զարգացած երկրների պաշտոնյաների իմիջի վրա աշխատում է ամբողջ մի ինստիտուտ։ Դարավոր մշակույթ ունեցող Հայաստանը ներկայացնող յուրաքանչյուր պաշտոնյայի համար հագնվելու արվեստը, հագուկապի էթիկան չպետք է երկրորդական պլանում լինի»։ Ըստ դիզայների, պարտադիր չէ գնումներ կատարել հայաստանյան ֆիրմային խանութներից, որտեղ միշտ չէ, որ առաջարկվում է նորաձեւ հագուստ, կամ այս ու այն երկրից մի քանի հազար դոլար արժեցող կոստյումներ գնել. «Անհրաժեշտ է, այն էլ 21-րդ դարում, դիմել դիզայների, մոդելյորի օգնությանը»։ Նաիրա Աբգարյանը մեկնումից առաջ հավատացած է, որ հայերն էլ թե՛ առօրյա կյանքում, թե՛ բեմում կսկսեն ճիշտ հագնվել։ Մեր հանդիպման ավարտին նա կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Չէի ուզենա վրացիների նման լինել՝ սոված նստել, բայց հագնվել, այնուամենայնիվ, մեր ազգին պարզապես անհրաժեշտ է հագնվելու էթիկա»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել