Լրահոս
Օրվա լրահոսը

253 երեխա կրթություն չի ստանում

Հուլիս 16,2004 00:00

253 երեխա կրթություն չի ստանում Երբ հաշվառելու լիազորություն չկա «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու, իր ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք»։ Պարզվում է, սակայն, մարզային կրթության վարչություններից ստացած 2003թ. դեկտեմբեր-2004թ. հունվար ամիսների տվյալներով, Հայաստանում մինչեւ 16 տարեկան 253 երեխա դպրոց չի հաճախում։ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանի՝ մեզ տրամադրած տեղեկանքի համաձայն, Երեւանում դպրոցից դուրս են մնացել 20, Արագածոտնի մարզում՝ 6, Արարատի մարզում՝ 6, Սյունիքի մարզում՝ 4, Արմավիրի մարզում՝ 18, Տավուշի մարզում՝ 165, Շիրակի մարզում՝ 22, Կոտայքի մարզում՝ 5, Լոռու մարզում՝ 7 երեխա։ Տեղեկանքում ներկայացված են երբեւէ դպրոց հաճախած, այնուհետեւ այնտեղից դուրս մնացած երեխաների տվյալներ։ Ընդհանրապես դպրոց չհաճախած հաշմանդամ երեխաների վերաբերյալ տվյալներ չկան։ Հետաքրքրական է, որ Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերում դպրոցից դուրս մնացած երեխաներ չկան։ «Կրթության մասին» ՀՀ օրենքով կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը, սովորողներին հանրակրթության համակարգում ընդգրկելու եւ հաշվառելու լիազորություն տրված չէ, ուստի նախարարությունում չկարողացան պատասխանել այն հարցին, թե ինչ պատճառներով են երեխաները զրկվել կրթություն ստանալու հնարավորությունից։ Հայտնի է, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Մարզպետը համակարգում եւ վերահսկում է դպրոցահասակ տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում է նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություններում»։ Նույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ կետն էլ սահմանում է. «Համայնքի ղեկավարը պարտադիր լիազորության կարգով իրականացնում է նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում է նրանց ընդգրկումը ուսումնական հաստատություններում»։ Իսկ մարզային կրթության վարչություններից ԿԳ նախարարությանը հասցեագրած տեղեկանքում նշված չեն երեխաների՝ դպրոցից դուրս մնալու պատճառները։ ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել