Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ

Հուլիս 16,2004 00:00

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ «Ազատություն» ռադիոկայանի բրյուսելյան թղթակցի հետ հարցազրույցում Եվրահանձնաժողովի կրտսեր հանձնակատար, սլովենացի Յանեշ Պոտոչնիկը նշելով, որ Եվրամիության՝ «Նոր հարեւանություն» ծրագրին անդամակցությունը ոչ միայն չի երաշխավորում, այլեւ նկատի էլ չունի անդամակցություն Եվրամիությանը, ասել է, թե Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը արտահայտել են իրենց հետաքրքրությունը հետագայում այդ կառույցին անդամակցելու նկատմամբ: Վերջին ժամանակներում Եվրամիության մի քանի առաքելություններ են եղել Վրաստանում: Բացի այդ, դոնորների համաժողովի արդյունքում երկրին խոստացվել է մեկ միլիարդ դոլարի աջակցություն: Միաժամանակ Պոտոչնիկը ասաց, թե չի կարծում, որ կառույցը անուշադրության է մատնում հարեւան Հայաստանը՝ չնայած վերջինիս քաղաքական համակարգում «քաջալերող գործընթացների» բացակայությանը. «Հայաստանում մենք տեսանք, որ բավական լուրջ լարվածություն կա իշխանությունների եւ ընդդիմության միջեւ, որը հրաժարվում է որեւէ կերպ համագործակցել իշխանությունների հետ: Ես համոզված եմ, որ նման համագործակցությունը կարեւոր է: Ժողովրդավարությունն այստեղ համեմատաբար թույլ է: Իշխանությունները պետք է համագործակցեն նաեւ ընդդիմության հետ, եւ ես համոզված եմ, որ դա շատ կարեւոր է ժողովրդավարության համար»: Պոտոչնիկը ասաց, որ Եվրամիությունը շարունակում է քննադատաբար վերաբերվել 2003 թ. խորհրդարանական ընտրություններին եւ դրանց հետեւած ընդդիմության բողոքի ցույցերը ճնշելուն: Միաժամանակ Եվրամիությունը 120 միլիոն դոլար է առաջարկել Հայաստանին Մեծամորի ատոմակայանը փակելու եւ էներգիայի այլընտրանքային աղբյուրներ գտնելու համար: Ի հավելումն՝ Եվրամիությունը առաջարկել է կազմակերպել դոնորների համաժողով եւ որոնել միջազգային ներդրողներ այդ ծրագրին օժանդակելու համար: Պոտոչնիկի խոսքերով, Բրյուսելն ու Երեւանը համաձայնել են, որ Մեծամորը անվտանգության նկատառումներով պետք է փակվի, սակայն դրա համար ավելի մեծ գումար է անհրաժեշտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել