Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՉԵ՞Ն ԹՈՂՆԻ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ

Հուլիս 16,2004 00:00

ՉԵ՞Ն ԹՈՂՆԻ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի՝ ՄԱԱ-ում արած հայտարարությունը՝ «Հանրաքվեի մասին» օրինագիծը շարունակում է մնալ ԱԺ օրակարգում, երեկ մի տեսակ իրարանցում էր առաջացրել, չնայած այս մասին պրն Դալլաքյանը առաջին անգամ չէ, որ հայտարարում է։ Երեկ մենք փորձեցինք ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից ճշտել՝ եթե իրոք ընդդիմությունը վճռի «Հանրաքվեի մասին» օրինագիծը քննարկելու եւ ընդունելու մտադրությամբ վերադառնալ խորհրդարան, ապա ո՞րը կլինի կոալիցիայի, մասնավորապես՝ «Հանրապետականի» դիրքորոշումը։ Գալուստ Սահակյանն ավելի քան կոշտ էր. «Իմ կարծիքով՝ դեռեւս պիտի մտածենք՝ արդյո՞ք կլինի հնարավորություն, որ ընդդիմությունը օրենքի սահմաններում իր ցանկությամբ ետ վերադառնա խորհրդարան, որովհետեւ բոյկոտը նախանշված չէ ո՛չ Սահմանադրության, ո՛չ ԱԺ կանոնակարգ-օրենքի մեջ։ Այսինքն՝ բացակայությունները համարվելու են անհարգելի։ Կարծում եմ՝ հարցի լուծման ձեւը պիտի որոշեն խորհրդարանական քաղաքական ուժերը, այսինքն՝ քաղաքական վճռի հարց կարող է առաջանալ։ Մենք պիտի քննարկենք եւ տեսնենք՝ օրենքի սահմաններում հնարավո՞ր է քաղաքական վճիռ կայացնել եւ ընդդիմության բացակայությունը հարգելի համարել։ Մյուս բոլոր խոսակցությունները նոր չեն, հնի կրկնությունն են։ Այսօր երկխոսության ժամանակն անցել է, ընդ որում՝ անցել է նաեւ վերջնագրերով, առաջարկություններով հանդես գալու ժամանակը»։ Գալուստ Սահակյանը գտնում է, որ ընդդիմության վերադարձի մեկ ճանապարհ կա՝ նախ ընդդիմությունը պիտի որոշում կայացնի վերադարձի մասին, իսկ խորհրդարանական ուժերը պետք է քաղաքական վճիռ կայացնեն։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել