Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օրն ու գիշերը՝ մեկ արած

Հուլիս 16,2004 00:00

Օրն ու գիշերը՝ մեկ արած Այսպես են պատրաստվում կոռուպցիայի դեմ պայքարել Հայաստանի առաջադիմական կուսակցության անդամները՝ իրենց ղեկավարի գլխավորությամբ: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում առաջադիմականները տեղեկացրեցին. մինչ պետական, քաղաքական, հասարակական այրերը իրենց վայել հանգստի վայրեր են պեղում՝ Տիգրան Ուրիխանյանն ու իր կուսակիցներն ամռան ընթացքում հավաքագրելու են ազգի այն հատվածին, ովքեր տուժել են կոռուպցիայից: Բողոքներն ընդունվելու են ՀԱԿ գրասենյակում: Սեպտեմբերի 1-ից սկսվելու է «գրոհը» դատարանների վրա՝ ըստ դիմում-բողոքների: Առաջադեմ երիտասարդները գտնում են, որ կոռուպցիան արմատախիլ անելու միակ տարբերակը քաղաքացիական վերահսկողության համակարգն է: Պայքարի հիմնական զենքը հետեւողականությունն է լինելու: «Հայկական ժամանակ» թերթի թղթակիցը փորձեց ճշտել, թե ո՞րն է, ըստ երիտասարդ առաջադիմականի, ամենակոռումպացված մարմինը: Պարզվեց՝ հասարակությունը: Նախ, որովհետեւ ցանկացած գերատեսչություն կազմված է հասարակությունից, ապա՝ հասարակության անդամներն իրենց ասիական մենթալիտետով խեղճ պաշտոնյաներին, մեղմ ասած, անհարմար վիճակի մեջ են դնում: Ուստի հասարակության ասիական հատվածը կարժանանա եվրոպական հատվածի վերահսկողությանը: Տ. Ուրիխանյանը համոզված է, որ արդարադատության համակարգը եւ ՀՀ դատախազությունը պատրաստ են պայքարել կոռուպցիայի դեմ: Համենայնդեպս, մեր հերոսը նման համոզմունքի է եկել՝ կարդալով ՀՀ արդարադատության նախարարի եւ ՀՀ գլխավոր դատախազի հարցազրույցները: «ՀԺ»-ի հաջորդ դիտարկումը՝ որքանո՞վ կարելի է կոռուպցիայի դեմ պայքարում վստահել մի դատարանի, որտեղ մարդասպանին (նախագահի թիկնապահին) դատապարտում են պայմանական մեկ տարով, իսկ պլաստիկե շշով ոստիկանին հարվածողին ազատազրկում են մեկուկես տարով, Տ. Ուրիխանյանին ափերից հանեց: Հղումներ կատարելով Սահմանադրությանը եւ բարոյախրատական թեմաներով զրույցներ տանելով՝ նա փորձում էր ապացուցել, որ նախագահին վիրավորելը սրբապղծություն է եւ ոտնձգություն պետության նկատմամբ: Իսկ ո՞վ էր վիրավորել նախագահին: Երիտասարդը պոռթկաց. «Կարդացեք «Առավոտ», ՀԺ, ՉԻ»: Լրագրողները փորձեցին նաեւ ճշտել հակակոռուպցիոն մարտիկի տեղեկություններն ու կարծիքը իշխանության վերին օղակներում առկա կոռուպցիայի մասին: «Եթե նման բան կա՝ փաստեր ներկայացրեք»,- հակադարձեց պրն Ուրիխանյանը: «Կարդացեք «Առավոտ», ՀԺ, ՉԻ»,- եղավ «Առավոտի» առաջարկը, որին հետեւեց՝ «Եթե այդպես շարունակեք՝ դուրս կհրավիրենք» սպառնալիքը: Սակայն ի վերջո երիտասարդ առաջադիմականը ոչ միայն հանդուրժեց «ՀԺ»-ի թղթակցի եւ, ինչպես ինքն արտահայտվեց՝ նրան «համակիր աղջկա»՝ «Առավոտի» թղթակցի ներկայությունը, այլեւ խորհուրդ տվեց փաստերը ներկայացնել դատարան՝ իր կողմից խոստանալով՝ «մենք էլ ձեր թիկունքին կկանգնենք»: Դատարաններին վստահել-չվստահելու առիթով ՀԱԿ վարչության անդամ, փաստաբան Արմեն Մարտիրոսյանն այսպես արտահայտվեց. «Մի դեպքում մարդն անզգույշ քաշքշել է, մյուսում չարամիտ խուլիգանություն է կատարել, ինչպե՞ս կարելի է նույն հարթության վրա դնել»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել