Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գնահատական՝ «ծախվողների» համար

Հուլիս 16,2004 00:00

Երեկ Ժուռնալիստի տանը հյուրընկալվել էր միջազգային P.E.N. գրողների համաշխարհային ընկերակցության հայկական կենտրոնի նախագահ Աննա Հակոբյանը: Նա թեեւ հայտարարեց, որ ասուլիսի նպատակն է P.E.N.-ի անունից գնահատական տալ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի քայլին՝ «Սբ. Մեսրոպ Մաշտոց շքանշանը» վերադարձնելուն, սակայն, ի զարմանս լրագրողների, ավելի շատ խոսեց P.E.N-ի ստեղծման, պատմության, նպատակների ու գործունեության, քան բուն թեմայի մասին:

Իրենց հռչակագրից մի հատված ընթերցելով՝ տիկին Հակոբյանը ասաց, որ P.E.N-ի խնդիրն է քննադատել իշխանություններին՝ հօգուտ իշխանությունների: Սակայն դա չի նշանակում, թե ինքը Սիլվա Կապուտիկյան մարդու կամ բանաստեղծուհու երկրպագուն է, կամ՝ նրան ստալինյան մրցանակներ ստանալու մեջ մեղադրող Արտեմ Հարությունյանի թշնամին: «Ես չգիտեմ՝ ով է այդտեղ ճիշտ՝ Արտեմ Հարությունյա՞նը, թե՞ Սիլվա Կապուտիկյանը, ես դատավոր չեմ, ոչ էլ քննում եմ նրանց վաստակը, ինչպես անում են շատերը: Այդ կնոջ (Ս. Կապուտիկյանի) անցյալով մենք հիացած չենք, եւ գուցե ինքն էլ հիացած չէ ու շատ բաների համար զղջում է: Բայց այդ բոլորը ներում ենք նրան ու չենք նկատում այս պահին, որովհետեւ գոնե մի խոսք է ասվում նախագահին՝ դուք սխալ եք: Ես միջազգային P.E.N. էլ եմ գրել, որ ողջունում ենք Կապուտիկյանի արարքը»: Վերադառնալով Արտեմ Հարությունյանի՝ բանաստեղծուհու դեմ հեռուստաելույթին ու մամուլում տպագրած հոդվածին, Ա. Հակոբյանն ասաց, որ նույնիսկ նախատել է իր P.E.N.-ական գործընկեր Արտեմին՝ մտավորականին ոչ վայել «էժանագին մտքեր արտահայտելու ու շուկայի մակարդակի իջնելու համար»: Վերջինս էլ իրեն հպարտորեն պատասխանել է. «Դա իմ ռեկլամն էր այդ թերթում»: «Եթե ինքը զբաղվում է իր ռեկլամով, ուրեմն P.E.N-ը գործ չունի նման մտավորականի հետ: Շուտով մեր ընդլայնված նիստում կքննարկվի Արտեմ Հարությունյանի անդամակցության հարցը»,- ասաց Ա. Հակոբյանը: Իրականում պատճառն այն է, որ Ա. Հարությունյանը համարձակվել է հայտարարություններ անել ոչ թե իր, այլ P.E.N-ի անունից:

«Առավոտի»՝ «Դրա համար Արտեմ Հարությունյանը կհեռացվի՞ P.E.N. ակումբից» հարցին ի պատասխան՝ տիկին Հակոբյանն ասաց. «Սա արդեն ինքնաբացարկ է նշանակում, ինչպես ժամանակին Սիլվա Կապուտիկյանը ինքնաբացարկ հայտարարեց՝ հեռանալով մեզանից, քանի որ, իր խոսքերով՝ սովոր չէր, որ ջահել-ջուհուլն իրեն քննադատի»: Նա հիշեց տարիներ առաջ տպագրված իր մի հոդվածը, որում բանաստեղծուհին գնահատվել էր ըստ արժանվույն՝ միաժամանակ որակվելով «անառակ դուստր, որը ստալինյան տարիներին ինչ-ինչ բաներ է արել»:

Ա.Հակոբյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, իսկ ասուլիսի վերջում համառներին որակեց «ծախվող» ու «Արտեմ Հարությունյանի մակարդակից ցածր մակարդակ ունեցողներ»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել