Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժողովրդի եւ իշխանության խորթացումը ամենամեծ վտանգն է

Հուլիս 16,2004 00:00

Բաց նամակ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին

Մեծարգո պարոն նախագահ։

Այն հանգամանքը, որ ընդդիմության հանրահավաքներին մասնակցող բազմությունն իր առաջնորդների հրահրմամբ ներխուժեց խորհրդարան եւ փորձեց ուժի կիրառմամբ հասնել իր պահանջների կատարմանը, ցույց է տալիս, որ հասարակության որոշակի մի հատված չէր հավատում օրինական ճանապարհով որեւէ լուրջ խնդրի լուծմանը։ Կարծում ենք, նման տրամադրությունները վճռորոշ են եղել Վազգեն Մանուկյանին ձայն տված շատ շատերի համար։

Արդյո՞ք պատճառն այն չէ, որ իրավական, պաշտոնական հակազդեցություն գրեթե չի եղել ընդդիմության կողմից իշխանությունների անզուսպ վարկաբեկմանը եւ բռնի հեղաշրջման մշտական քարոզին։ Բայց միաժամանակ խոստովանենք, որ վերջին տարիներին իշխանությունների թույլ տված սխալների քննադատության մենաշնորհը հանձնված էր ընդդիմությանը, բացի այն հատուկենտ դեպքերից, երբ քննադատությամբ հանդես եք եկել Դուք՝ անձամբ։ Խոստովանենք, որ չարաշահումների կամ ապաշնորհության համար չի պատժվել ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա։ Խոստովանենք, որ ամսական մի քանի հազար դրամ աշխատավարձ ստացող, բայց ցոփ կյանք վարող պետական աստիճանավորների կենցաղը չէր կարող չհուսալքել դրան ականատես տասնյակ հազարավոր մարդկանց, որոնց հետ շփվելը, առկա դժվարությունները բացատրելը, իրական (եւ ոչ թե հաճոյացող ենթակաների մատուցած) տրամադրություններին տեղեկանալը չպետք է լինի նախընտրական միջոցառում։ Խոստովանենք, որ կամ լուրջ կշիռ չունեին, կամ, Ձեր բարձր հասարակական վարկանիշի ետեւում թաքնվելով, սովետական ժամանակների ոգով միայն ձեւականորեն աջակցություն հայտնելով, իրենց սեփական խնդիրներն էին ուզում լուծել Ձեզ սատարող 14 կուսակցության եւ 89 հասարակական կազմակերպության մեծամասնությունը, որ գործում եւ իր կառույցների միջոցով արդյունքների պետք է հասներ Երեւանում։ Խոստովանենք, որ պետական քարոզչությունը վերածվել է նույնիսկ ոչ իշխանության, այլ զանազան իշխանավորների րոպեական շահերի ու քմահաճույքների կամակատարի, որի հետեւանքով ի վիճակ չէր լինելու հասարակությանը ներկայացնել հավաստի ու հրատապ տեղեկատվություն, նպաստել նոր արժեքային համակարգի ձեւավորմանը։

Այսպիսի եւ հարանման ուրիշ վրիպումների արդյունքում ընդդիմությունը 40 տոկոսից ավելի ձայն ստացավ, ինչն անակնկալ էր շատերիս համար։ Ինչը նաեւ այն իշխանությամբ հղփացածների համար եղավ անակնկալ, բայց ոչ դաս, որոնք իրենց պարտքը համարեցին ԱԺ-ի նախագահի ու փոխնախագահի դաժան ծեծին պատասխանել ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավորների խմբակային ծեծով։ Շատ երկրների խորհրդարաններում է ծեծկռտուք տեղի ունեցել, բայց այս դեպքում պետության ներկայացուցիչները, ԱԺ-ի պատգամավորները խաժամուժի բռնությանն էին բռնությամբ պատասխանում։ Պարբերական բնույթ կրող ծեծը, որ կատարվեց ուղիղ հեռարձակվող նիստի ընթացքում՝ ՀՀ գլխավոր դատախազի աչքի առաջ եւ ուղեկցվում էր միմիայն օրենքով ղեկավարվելու մասին հայտարարություններով, ոչ այդ պահին, ոչ հետագա օրերին չստացավ իրավական գնահատական եւ չդատապարտվեց ոչ իշխանության ներկայացուցիչների, ոչ հասարակության կողմից։ Եկեք պատկերացնենք, թե ինքնադատաստանի ինչ օրինակ է այս միջադեպը բեւեռացման վտանգի առջեւ կանգնած մեր ժողովրդի համար, թե ինչպես նվաստացավ իրավական պետության հանդեպ ժողովրդի հավատը ոհմակային ուժի գերակայության առաջ, թե անպաշտպանության ինչպիսի զգացում հարուցեց այն շարքային քաղաքացու մեջ։

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ,
«Առավոտ», 03.10.96թ. Տպագրվում է որոշ կրճատումներով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել