Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՏՐԻՊՏԻԶ» ԲԱՌԸ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԿԱ

Հուլիս 16,2004 00:00

«Յոժիկին» կարգի հրավիրեցին

Երեկ ավարտվեց «Յոժիկ» սթրիպ-բարի դեմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան դիմած Թումանյան 13 շենքի բնակիչների հայցի քննությունը։ Մեկամսյա ընդմիջումից հետո դատարան եկավ Կենտրոն թաղապետարանի ներկայացուցիչ Գեւորգ Մարտիրոսյանը, որը հայտարարեց, թե գիշերային ակումբի գործունեության թույլտվությունը տալուց հետո իրենք «իրավասու չեն վերահսկել», թե, օրինակ, ինչ աղմուկ է ժամը 24-ից հետո։ Իսկ առհասարակ, իրենք օրենքի շրջանակներում են տալիս թույլտվությունը՝ դիմումատուի դիմումից հետո։ Դատական նիստի ժամանակ տեղեկացանք նաեւ, որ Կենտրոնի թաղապետարանը մայիսի 20-ին զգուշացրել է «Յոժիկին», որ ժամը 24-ից հետո ոգելից խմիչք վաճառելու դեպքում կդադարեցվի նրա գործունեությունը. «թաղապետարանը միջոցներ կձեռնարկի»։ Դատավոր Պարգեւ Օհանյանի հարցին, թե «ձեռնարկվե՞լ են միջոցներ եւ ինչպիսի՞», Մարտիրոսյանը պատասխանեց, որ հաշվի առնելով բնակիչների բողոքները, չի թույլատրել, որ ժամը 24-ից հետո երաժշտություն հնչի։ Սակայն, հայցվորների պնդմամբ, երաժշտություն եղել է (աղմուկի փոխարինված)։

«Ստուգել աղմուկը մենք չենք կարող։ Հո ականջով չպետք է գնանք, ստուգենք»,- հայտարարեց թաղապետարանի ներկայացուցիչը։ Սակայն առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակաբանության կենտրոնի տարածքային բաժնի պետի հունիսի 21-ի պատասխանով՝ ակնարկված աղմուկը համապատասխանել է պահանջվող չափորոշիչներին։ Գործիքային չափումներ չեն կատարվել, քանի որ Թումանյան 13-ի բնակիչները հայտնել են, որ սթրիպ-բարի տնօրինությունը տեղյակ է եղել կատարվելիք ստուգայցին։ Ստուգողներն էլ հայտնել են, որ չէին կարող թաքուն ստուգում անցկացնել, իրենք պարտավոր էին տեղեկացնել։ Հավանաբար, այդ օրը մնջախաղային նախանձելի սպասարկում է եղել։ Հայցվոր Լեւոն Չուգասզյանի ռեպլիկին էլ, թե ձայնի չափում չի եղել, դատավորն առարկեց, ասելով. «Չափումը հանկարծակի բռնացնելովը չէ»։ Երբ թաղապետարանի ներկայացուցիչը նստեց «Յոժիկի» ներկայացուցիչ Ն. Չիքիլիջյանի կողքին, դահլիճից զգուշացրին, թե թող իր տեղում լինի։ Դատավոր Պ. Օհանյանն արձագանքեց. «Դատարանում ճիշտ կանգնել չգիտենք։ Հարց տալ չգիտենք։ Պատասխանել-նստել չգիտենք։ Մի կերպ դատավարություն ենք անում։ Սթրիպտիզ բառ ընդհանրապես չկա մեր օրենսդրության մեջ։ Չի էլ տարբերվում բարն ու ակումբը միմյանցից»։ Ասել է, թե օրենսդրական անկարգությունը առիթ է դառնում այսօրինակ ձգձգվող դատավարությունների։

Խորհրդակցական սենյակից դուրս գալով, դատարանը բավարարեց բնակիչների հայցը։ Նրանք պահանջել էին մեկ ամսվա ընթացքում պարտավորեցնել «Յոժիկին» գործել օրենքի տառին ու ոգուն համապատասխան։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել