Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գազիֆիկացումը դադարեցվել է

Հուլիս 16,2004 00:00

Ինչպես հայտնել ենք, Գյումրիի Անի թաղամասում աշխատավարձերի ձգձգման պատճառով արդեն մի քանի օր է՝ դադարեցվել են ՀՀ նախագահի նախաձեռնությամբ իրականացվող գազիֆիկացման աշխատանքները:

«Առավոտին» հաջողվեց հանդիպել աշխատանքներն իրականացնող շինարարների հետ եւ ճշտել որոշ մանրամասներ: Նրանց մեկնաբանությամբ, գործադուլի պատճառները օբյեկտիվ ու արդարացի են, քանի որ տաժանակիր աշխատանքի դիմաց դեռեւս խելքը գլխին աշխատավարձ չեն ստացել: Մեկուկես ամսվա ընթացքում վարձատրվել են չնչին ավանսով:

Իսկ շինարարներից շատերի համար Գյումրիում ապրելն այնքան էլ հեշտ չէ: Գալով հանրապետության տարբեր վայրերից (Վանաձորից, Երեւանից, Էջմիածնից), նրանցից շատերն ստիպված են եղել բնակարաններ վարձել: «Ճիշտ է, գործուղման ծախսերը փոխհատուցում են, հոգում սնվելու հարցերը, բայց ոչ մեկն իր հաճույքի համար չի աշխատում, այն էլ ուրիշ քաղաքում»,- դժգոհեց նրանցից մեկը, խնդրելով չհրապարակել իր անունը:

Թե ինչքան է աշխատավարձի պարտքը, ճշտել չհաջողվեց, քանի որ շինարարներից շատերի ասելով, իրենք պետական ձեռնարկության ներկայացուցիչ են եւ Գյումրի գալու համար հատուկ պայմանագիր չեն կնքել: Իսկ մեր տեղեկություններով, հիշյալ ծրագիրն իրականացնելու համար ընտրվել է 5 շինարարական կազմակերպություն, որոնց հետ կնքվել են կապալի պայմանագրեր եւ հաստատվել շինաշխատանքների կատարման ժամանակացույցերը:

Աշխատավարձի ձգձգման պատճառների մասին մեր հարցին ի պատասխան՝ «ՀայՌուսգազարդի» Գյումրիի գազամատակարարման եւ գազիֆիկացման մասնաճյուղի տնօրեն Վահան Պողոսյանը եւ Անի թաղամասի գազիֆիկացման աշխատանքները վերահսկող գրասենյակի պատասխանատուներն ասացին, որ իրենք ֆինանսավորման հետ բացարձակապես կապ չունեն, իրենց խնդիրը միայն տեխնիկական հսկողությունն է, որն իրականացնելը, պարզվում է, այնքան էլ հեշտ չէ. կան բազմաթիվ խնդիրներ շենքերի նախագծերի հետ: Շատերը հասցրել են իրենց տներում մի լավ փոփոխություններ անել, օրինակ՝ խոհանոցը ննջարան դարձնել, կան նաեւ ընտանիքներ, որոնք բաժանվել են, բայց նույն տան մեջ են բնակվում: Նրանցից յուրաքանչյուրը, բնականաբար, առանձնացված ջեռուցում է պահանջում: Ամուսնալուծված մի կին էլ պահանջում էր գազիֆիկացնել իր տարածքը, որը ննջասենյակն էր, ինչն, ըստ շահագործողների, հակասում է ընդունված նորմերին: Թույլատրվում է գազիֆիկացնել միայն խոհանոցն ու հյուրասենյակները, սակայն այստեղ էլ են անլուծելի խնդիրներ առաջ գալիս: Թաղամասի միայնակ ծերերից շատերը համատեղ բնակվում են մեկ սենյականոցում, որտեղ, բնականաբար, թե հյուրասենյակը, թե ննջասենյակը որպես ննջարաններ են ծառայում:

Իսկ «ՀայՌուսգազարդի» մասնագետները դ
եռ խոսում են անհատական ջեռուցման առավելություններից:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հ. Գ. Նյութը պատրաստվում էր տպագրության, երբ տեղեկություններ
հասան, թե աշխատավարձերը փոխանցել են, սակայն դա պաշտոնական աղբյուրներից
հաստատել չհաջողվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել