2003 թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից ի վեր քաղաքական կյանքում նաեւ այս հարցերն են շարունակ հնչում։
Նախագահական ընտրություններից հետո հանրապետության դատախազությունը հեղեղվեց բողոք-դիմումներով, ապօրինությունների ու կեղծիքների մասին ահազանգերով։ Սակայն անցել է արդեն մեկուկես տարի, եւ որեւէ մեկը չի պատժվել ու չի դատապարտվել ընտրությունների ժամանակ կատարած ապօրինությունների համար։ Դատախազության որոշ տեղեկանքներ պարզապես փաստերի արձանագրություն են պարունակում, եւ դրանց հիմնական «լեյտմոտիվը» հետեւյալն է. «Քրեական գործի հարուցումը մերժվում է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»։
Այսօր ներկայացնենք նախագահի ընտրության ժամանակ տեղի ունեցած եւ դատախազությունում արձանագրված մի քանի դեպքեր, որոնց առնչությամբ (ինչպես եւ մյուս գործերի) քրեական գործ չի հարուցվել։ Հասկանալի պատճառներով դատախազությանն ուղղված դիմում-բողոքների առյուծի բաժինը ստացվել էր նախագահի թեկնածու, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբից։ Դատախազությանն ուղղված դիմումներից մեկը հետեւյալի մասին է. «ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պետ Գ. Հարությունյանը 2003 թ. փետրվարի 21-ին հաղորդում է ուղարկել այն մասին, որ փետրվարի 19-ին (մոռացկոտներին հիշեցնենք, որ հենց այդ օրն էր տեղի ունենում ՀՀ նախագահի ընտրությունների առաջին փուլը.- Մ. Ե.), ժամը 15-ի սահմաններում, Էջմիածին քաղաքում գտնվող թիվ 0703/26 ընտրական տեղամաս են ներխուժել Էջմիածնի քաղաքապետ, միաժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանի նախընտրական շտաբի պետ Հրաչիկ Աբգարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը եւ մի խումբ այլ անձինք ու, բռնություն գործադրելով, բազմաթիվ՝ նախապես քվեարկված քվեաթերթիկներ են լցրել քվեատուփի մեջ»։ Այս նամակին կից դատախազություն է ներկայացվել նաեւ ականատեսներից մեկի՝ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Թամարա Տեր-Խաչատրյանի դիմում-բողոքը։ Սակայն Արմավիրի մարզի դատախազությունը նույնիսկ այսպիսի կոնկրետ անունների ու փաստի կապակցությամբ քրեական գործ չի հարուցել. «Հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ»։ Ի դեպ, սա հենց նույն դատախազությունն է, որը գործ պատրաստեց վերջին հանրահավաքներից հետո ընդդիմության ակտիվիստներից մեկի՝ ԱԺՄ անդամ Լավրենտի Կիրակոսյանի դեմ։ Վերջինս դատապարտվեց 1,5 տարի ազատազրկման։
Հաջորդ փաստը. «ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Արտակ Զեյնալյանը 2003 թ. փետրվարի 19-ին, ժամը 13-ի սահմաններում, ՀՀ դատախազություն է ներկայացրել ընտրությունների համար նախատեսված անդորրագիր՝ առանց նշումների եւ կնիքի, թվով 372 քվեաթերթիկ եւ ընտրական փաստաթղթերի փաթեթավորման ծրար՝ հայտարարելով, որ դրանք նախընտրական շտաբում 2003 թ. փետրվարի 17-ին եւ 18-ին Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի 37 շենքի թիվ 30 հասցեում գտնվող «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ են ներկայացրել անծանոթ անձինք»։ Այս փաստի կապակցությամբ, ճիշտ է, քրգործ հարուցվել է, բայց երկու ամիս անց գործի նախաքննությունը կասեցվել է՝ նույն պատճառաբանությամբ։ Կասեցման մասին որոշումը եղել է ՍԴ ապրիլի 16-ի հայտնի որոշումից հետո՝ ապրիլի 19-ին։
Բողոք-պատասխան շարքից ամենազվարճալի դրվագը հետեւյալն է. «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի, ընտրությունների օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովի աշխատանքները համակարգող Ռ. Թորոսյանը 2003 թ. փետրվարի 16-ի թիվ 103 գրությամբ դիմելով ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնել է, որ «Բազե» հանրապետական երիտասարդական արշավի մասնակիցները, խախտելով ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջները, ողջ հանրապետությունով նախընտրական քարոզչություն են կատարում ՀՀ նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանի օգտին՝ ընտրողներին համերգներ ներկայացնելու (ծառայություն մատուցելու) միջոցով»։
Դատախազության պատասխանը նույնքան հետաքրքիր է. «Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Բազե» հանրապետական երիտասարդական արշավի մասնակիցների կողմից համերգներն անց են կացվել սեփական նախաձեռնությամբ։ Բացի այդ՝ վերջիններիս արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածով սահմանված հանցակազմի օբյեկտիվ կողմը»։ Նախագահի մյուս թեկնածուների, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Արտաշես Գեղամյանի նախընտրական շտաբներից հատուկենտ բողոքներ են հասել դատախազություն։ Կա, օրինակ, այսպիսի բողոք. «2003 թ. փետրվարի 25-ին Գեղարքունիքի մարզի դատախազի հաղորդման համաձայն՝ 2003 թ. փետրվարի 21-ին, ժամը 22։00-ի սահմաններում, Ռաշիդ Անուշավանի Գեւորգյանը ահազանգել է Մարտունու ոստիկանության բաժին այն մասին, որ անհայտ անձը փորձել է այրել ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի շենքի դիմաց՝ մայթեզրի մետաղյա ցանկապատին ամրացված՝ «Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբ» վերտառությամբ պաստառը, որը, սակայն, չի այրվել, այլ մասնակիորեն գունաթափվել է։ Քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հետաքրքիր դատավարություն կլիներ, եթե հանկարծ «հանցակազմը» հայտնաբերվեր եւ պաստառը վառելու փորձի համար որեւէ մեկը դատապարտվեր, ասենք, 1,5 տարի ազատազրկման։ ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի նախընտրական շտաբից դատախազությունը ստացել է մի տեղեկություն, ըստ որի՝ Երեւան քաղաքի Աճառյան փողոցի եւ Թբիլիսյան խճուղու հատման կետում այրվել է Արտաշես Գեղամյանի գովազդային վահանակը։ Այս փաստի կապակցությամբ անսպասելիորեն քրեական գործ է հարուցվել եւ նույն անսպասելիությամբ էլ կասեցվել է։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Հ. Գ. Վաղվա համարում կներկայացնենք այն հայտնի անձանց անունները,
ովքեր որեւէ կերպ առնչվել են նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած
ապօրինություններին։