Հայտնի
թուրք լրագրող, թուրքական «Ջումհուրիեթ» հեղինակավոր թերթի Շվեդիայի սեփական
թղթակից Թեքին Սոնմեզը Հայաստանի ու հայերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք
ունի:
Իր լրագրողական գործունեության մի խիստ պատկառելի ժամանակահատված (Սոնմեզը տարիքն առած մարդ է, թերեւս՝ 60-ին մոտ) նա նվիրաբերել է հատկապես հայերի, իսկ ավելի ճշգրիտ՝ սովորական հայ մարդկանց ճակատագրերի, հայկական մշակութային օջախների եւ հայ-թուրքական ժողովրդական փոխառնչությունների ուսումնասիրությանը: Տարիների ընթացքում Սոնմեզի վերոնշյալ թեմայով հեղինակած բյուրավոր հոդվածները, հարցազրույցներն ու լուսանկարներն ի վերջո ի մի են բերվել՝ վերածվելով բավականաչափ արժեքավոր մի գրքի, որը, փաստորեն, խտացնում է երկու ժողովուրդների մշակութաբանական, պատմական, հոգեւոր, որոշ իմաստով նաեւ՝ մենթալային, վերջապես՝ զուտ կենցաղային ընդհանրություններն ու փոխադարձ կապը: Մի քանի օր առաջ Թեքին Սոնմեզը դարձյալ Հայաստանում էր: Սա նրա՝ թվով երրորդ կամ չորրորդ այցն էր, ու թեեւ լրագրողի ինքնազգացողությունն այստեղ վատացել էր, վերջինս սիրով համաձայնեց պատասխանել «Առավոտի» հարցերին:
«Այս գրքի մոտ կեսը կազմում է Հայաստանի մարդկանց պարզ խոսակցություններն ու մտքերը: Դրանք ներկայացված են գրեթե առանց խմբագրումների: Նրանք խոսում են իրենց կյանքի, հույզերի, խնդիրների, հայ-թուրքական՝ պետք է շեշտեմ՝ ժողովրդական հարաբերությունների մասին»,- պատմում է Սոնմեզը: Նա ասում է, որ վերջին վեց տարիների տքնաջան աշխատանքի արդյունքում ծնված այս գրքի «հումքը» սկզբնապես բաղկացած էր միայն հայկական թեմատիկայից: Դրա հրատարակումը թերեւս խնդիրներ կառաջացներ լրագրողի համար, «եւ բացի այդ, թեմատիկ ընդգրկման առումով ամբողջական չէր լինի»: Ուստի Սոնմեզը որոշում է գրեթե սիմետրիկ արտապատկերման սկզբունքով ապագա գրքի հաջորդ կեսի մեջ ներառել սովորական ու հատկապես՝ հարեւան Կարսի նահանգում բնակվող թուրքերի հետ արված հարցազրույցներն ու նրանց մասին գրված հոդվածները: Մի բան, որ իրապես պրոֆեսիոնալ գրավչություն է հաղորդել աշխատությանը: «Գիտեք, եթե ընդհանրացնելու լինենք ինչպես սահմանի այս, այնպես էլ մյուս կողմում ապրող սովորական, աշխատավոր մարդկանց արտահայտած մտքերն ու ցանկությունները, ապա պետք է արձանագրենք, որ նրանք բացառապես միեւնույն բանն են ուզում՝ բաց սահմաններ, խաղաղ գոյակցություն եւ տնտեսական համագործակցություն»,- մեկնաբանում է Սոնմեզը: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ ինձ հետ զրույցի ընթացքում թուրք լրագրողն ուղղակի չտեսնված վարպետությամբ խույս էր տալիս չափից դուրս քաղաքականացված, այսպես ասած՝ «ուղիղ նշանառության» հարցերից. Հայաստան-Թուրքիա քաղաքական հարաբերություններ, 20-րդ դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանություն եւ դրա ճանաչման (կամ չճանաչման) հետ կապված խնդիրներ, Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունի, Եվրամիություն, ՆԱՏՕ եւ այլն… Այս թեմաների շրջանակներում տրված հարցերին Սոնմեզը կամ չէր պատասխանում, կամ պարզապես ասում էր. «Ես ինձ քաղաքականությունից հեռու եմ պահում եւ, ճիշտն ասած, չեմ էլ սիրում այդ ոլորտը: Այն ինձ չի հրապուրում: Նախընտրում եմ գրել սովորական մարդկանց կյանքի, կենցաղի, նրանց ստեղծած գիտական, մշակութային արժեքների մասին (ի դեպ, չմոռանանք նշել, որ Սոնմեզի վերոհիշյալ գրքում զգալի տեղ է հատկացված Անիի եկեղեցիների ու վանքային համալիրների լուսաբանմանը, տպագրված են նրա իսկ հեղինակած բազմաթիվ թեմատիկ լուսանկարներ, ներկայացված է զգալի ճանաչողական նյութ,- խմբ.): Գիտեք, քաղաքականության մեջ չկա այն պարզությունն ու ազնվությունը, որն ունեն իմ գրքի հերոսները: Քաղաքական գործիչները հաճախ հակադրվում են ի
րենց ժողովրդի կամքին, ուստի դա ինձ համար հոգեհարազատ ոլորտ չէ»,- ասում է Սոնմեզը: Եվ, այնուամենայնիվ, մեր զրույցի վերջում Սոնմեզը կամեցավ մի քանի խոսք ասել հայ եւ թուրք ժողովուրդների մերձեցման հոգեբանական բարդությունների մասին: «Երկու դրկից ժողովուրդ առավոտյան արթնանալիս միմյանց բարեւ չեն տալիս: Այս գրքով ես ցույց եմ տվել, որ նրանք ուզում են այդ անել: Ես հավատում եմ, որ հենց այսպիսի փոքրիկ քայլերով, այսինքն՝ նման գրքերի հրատարակմամբ, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցության օրինակներով մենք մի օր պետք է մոտենանք միմյանց: Ժողովուրդները հազարապատիկ բարձր են ամեն տեսակ քաղաքական գործիչներից ու քաղաքագետներից, եւ եթե մերձեցումը կայանա, ապա ոչ մի գործիչ դրան չի կարող խանգարել: Մեր ժողովուրդները մի մեծ եւ ընդհանուր ցավ թողեցին իրենց ետեւում, այժմ պետք է հաղթահարել այդ ցավն ու առաջ գնալ»,- ասում է Թեքին Սոնմեզը:
Զրուցեց
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ