Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջադարձ՝ «Առավոտի» թղթակցի եւ Էդվարդ

Հուլիս 15,2004 00:00

Շրջադարձ՝ «Առավոտի» թղթակցի եւ Էդվարդ Սանդոյանի կյանքում Անհասանելի Սանդոյանը Պայծառատեսի մոտ գնալուս նպատակը շատ անմեղ էր։ Ընդամենը ուզում էի խնդրել, որպեսզի հաջողացնի իմ հանդիպումը ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանի հետ։ Արդեն բավական ժամանակ է՝ ուզում եմ հարցազրույց վարել պրն Սանդոյանի հետ՝ չի ստացվում։ Քարտուղարուհին ասում է՝ զանգեք մամուլի քարտուղարին, նա էլ թե՝ «Նախարարն առաջիկայում զբաղված է, բյուջե են քննարկում»։ Էդ առաջիկան երկու շաբաթ է, թե երեք ամիս՝ այդպես էլ գաղտնապահ մամուլի քարտուղարը չասաց, փոխարենը առաջարկեց հարցերս գրավոր ներկայացնել՝ «Մենք կքննարկենք, կպատասխանենք»։ Իբրեւ գաղտնիք ասեմ. ախր հարցերս հեչ գրավոր ներկայացնելու չեն, «ՍՊԻԴ-ինֆո» էջի հարցերը ի՞նչ կլինեն։ Երբ բոլորովին հուսահատված ես, հույսն ինքն է դուռդ թակում։ Այդպես էլ եղավ. թերթերից մեկում տպագրված հայտարարությունից իմացա, որ կա մի պայծառատես՝ բախտ է գուշակում, թուղթուգիր քանդում, գուշակություններ անում նաեւ լուսանկարով։ Ես էլ վերցրի Էդվարդ Սանդոյանի լուսանկարն ու ուղիղ պայծառատեսի մոտ։ Ասի, թե մի բան է, նա՛ կանի։ Պայծառատես Սվետլանան հեռախոսազրույցի ժամանակ նախ չեմուչում արեց՝ պնդելով, որ ինքը գուշակություններ է անում արեւի լույսով։ Այդուհանդերձ, իմ վճռականությունը ստիպեց, որ նա նույնիսկ երեկոյան ընդունի։ Երեւի մտածեց՝ անհույս թուղթուգիր արված է ու պետք է շտապ օգնության հասնել։ Պայծառատես Սվետայի բնակարանը շատ սովորական տուն էր՝ ոչնչով չտարբերվող մեր՝ սովորական մահկանացուներիս տներից եւ չնմանվող մյուս պայծառատեսների տներին, որտեղ սրբերի նկարներ, խաչեր ու հազարումի իրեր կան։ Գործի անցնելով՝ պայծառատես Սվետան առաջարկեց իր ողջ ընտրանին. գուշակություն սուրճի բաժակո՞վ, խաղաթղթերո՞վ, թե՞ լուսանկարով։ Ես նախընտրեցի լուսանկարով գուշակելու տարբերակն ու մեկնեցի Էդվարդ Սանդոյանի լուսանկարը։ Ես ու Է. Սանդոյանն՝ ըստ պայծառատեսի Նայելով լուսանկարին՝ պայծառատեսն անմիջապես կռահեց, որ լուսանկարից նայող տղամարդը պաշտոնավոր է, որ նախկինում ֆինանսապես այդքան էլ ապահովված չի եղել, սակայն հիմա գործերը լավ են։ Պայծառատեսն ի՛նձ ասաց, ես էլ ձե՛զ ասեմ, պարոն Սանդոյան, որ մոտ ժամանակներս պաշտոնի բարձրացում է սպասում ձեզ (դե, եթե նկատի ունենանք, որ ֆինանսների նախարարից վարչապետ դառնալը մեկից մեկ է, ուրեմն՝ պայծառատեսի գուշակությունը շատ մոտ է իրականություն դառնալուն)։ Հետո պայծառատեսն անմիջապես հասկացավ, որ այդ տղամարդը (Էդվարդ Սանդոյանը.- Լ. Մ.) ամուսնացած է, ընտանիք, կին, երեխաներ ունի։ Իր բնորոշմամբ՝ «պոչով մարդ» է ու, չգիտես ինչու, այդ կապակցությամբ ցավակցեց ինձ։ Բայց դե սա դեռ ինչ է՝ որ, պայծառատեսի գուշակություններից այնպիսի հայտնագործություններ բացահայտեցի ինքս իմ մասին, որ քիչ էր մնում կասկածեի՝ ես ե՞ս եմ։ Պարզվեց, որ ես ու Էդվարդ Սանդոյանը ժամանակին շա՜տ մտերիմ ենք եղել (խոստովանեմ, որ ընդամենը մեկ անգամ եմ տեսել պրն Սանդոյանին, այն էլ՝ պաշտոնական ընդունելության ժամանակ), իսկ շրջապատի չար մարդիկ ամեն ինչ արել են մեզ իրարից հեռացնելու համար։ Այդ չար գործին մեծապես նպաստել է ինչ-որ մի կին, ես էլ, որպես համեստ մարդ, կուլ եմ տվել զգացմունքներս, ինչի համար հիմա շա՜տ եմ նեղվում ու գիշերները լաց լինում։ Բայց դրանից ավելի, ըստ պայծառատեսի, ինձ ցավ է պատճառում այն հանգամանքը, որ լուսանկարի տղամարդը ոչ մի անգամ չի փորձում խոսել այդ թեմաներով։ Լավ էր գոնե պայծառատեսն ինձ հանգստացրեց՝ ասելով, որ ինքը շատ մաքուր, նուրբ հոգու տեր մարդ է, ու ինչքան ես եմ «տառապում» մեր բաժանման համար, նույնքան էլ ինքը։ Հետո, չգիտես ինչու, պայծառատես Սվետան կտրուկ անցում կատարեց ու որոշեց, որ էդ մարդը կապված է մի ջահել աղջկա հետ (իբր ես ծեր եմ.- Լ. Մ.), հետո էլ ինձ հանգստացրեց. «Բայց էդ աղջիկը իրան չի սիրում, ֆինանսի ու պաշտոնի համար է կապվել հետը»,- ասաց նա։ Սա էլ իբր քիչ էր, պայծառատես Սվետան ցավ հայտնեց, որ այդ լուրը չհայտնել չի կարող. «Կներեք, բայց չասել չեմ կարող. առողջությունը լավ չի էս մարդու, ու եթե ինֆարկտ չի տարել, ուրեմն մոտ ժամանակներս կտանի (լեզուն պապանձվի.- Լ. Մ.)»։ Ես շա՜տ նեղվեցի, հետո մտածեցի՝ դե, ոչինչ, գոնե ըստ պայծառատեսի՝ առողջության վատացումը կոմպենսացվելու է պաշտոնի բարձրացմամբ։ Պայծառատես Սվետան ճամարտակում էր, իսկ ես այդպես էլ չէի ստանում հարցիս պատասխանը՝ հարցազրույցի նպատակով կկայանա՞ մեր հանդիպումը։ Մեկ էլ կարծես թե պայծառատեսը կարդաց մտքերս ու թե՝ «Բայց դու մի անհանգստացիր, շատ շուտով դուք կհանդիպեք, ու քո կյանքը 180 աստիճանով դեպի լավը կշրջվի»։ Հավանաբար դեմքիս կասկածի արտահայտությունը նկատելով՝ ասաց. «Չե՞ք հավատում, այ կտեսնեք, մինչեւ նոր տարի անպայման կկայանա ձեր հանդիպումը, ու ձեր կյանքը 180 աստիճանով կշրջվի»,- կրկնեց պայծառատես Սվետան։ Ու երեւի ասածին կշիռ տալու նպատակով ավելացրեց. «Բայց ձեր երկուսի վրա թուղթուգիր է արված, որպեսզի վերացնեմ էդ թուղթուգիրը, մի կտոր քո, մի կտոր էլ էս մարդու շորից կկտրես, կբերես։ Բայց թուղթուգիրը ես ամեն օր չեմ քանդում, մենակ կիրակի օրերին, էն էլ՝ արեւի լույսով»,- եզրափակեց պայծառատես Սվետան։ Ու ես էլ չհասցրի ասել, որ էդ մարդուն տեսնելու եւ շորից կտրելու հնարավորություն ունենամ, հենա հարցազրույց կվարեմ, էլ ինչո՞ւ եմ բախտագուշակների դռները ընկնում։ Հիմա միակ հույսս, պարոն Սանդոյան, դուք եք՝ կամ մի կտոր ձեր շորից ուղարկեք, կամ, որ ավելի նախընտրելի է (գոնե ինձ համար), հարցազրույց տվեք։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ «Առավոտ», 30.10.98 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել