Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է հինգերորդ եղանակը

Հուլիս 15,2004 00:00

Ո՞րն է հինգերորդ եղանակը Մինչ քաղաքական դաշտում շրջանառվում են երրորդ ուժի անհրաժեշտության մասին կարծիքներ ու հիմնավորումներ, Ազգային համաձայնության ղեկավար Արամ Հարությունյանը երկրորդ ուժի կարիք է տեսնում։ Իշխանությանը եւ ընդդիմությանը համեմատելով սիամական երկվորյակների հետ, նա եզրակացնում է, որ մերօրյա իշխանությունն ու ընդդիմությունը իրար արժանի են։ Երկրորդ ուժը Արամ Հարությունյանը գաղափարական հենքի վրա է տեսնում։ Մինչդեռ նրա դիտարկումներով, երկու թեւերում էլ բավականին շատ են համախոհները եւ հաճախակի են տեսակետների համընկնումները։ «Առանձին նախարարների հետ ընդդիմադիրները լավ հարաբերությունների մեջ են»,- ասում է նա ու եզրակացնում, որ եթե անգամ այսօր հրաշքով իշխանափոխություն կատարվի, միեւնույն է, որակական փոփոխություն չի լինի։ «Խնդիրը անձերի մեջ է՝ երեկ սրան սիրում էի, այսօր չեմ սիրում… Ուստի ընդդիմությունը պետք է կայանա, թե չէ ժողովրդի վստահությունը կոտրվում է»,- ասում է Արամ Հարությունյանը։ Մեր հարցին՝ հիասթափվա՞ծ եք ընդդիմությունից, պատասխանը եղավ. «Հիասթափվում են՝ երբ հույս են կապում։ Ես հույս չէի կապել»։ Հղումներ կատարելով ընդդիմության գործողությունների իր վերլուծություններին, Արամ Հարությունյանը մի դիտարկում արեց. «Տիգրան Պետրոսյանին ժամանակին մեղադրում էին, որ շախմատ խաղալիս միշտ առավել բարձր էր գնահատում իր հակառակորդի հնարավորությունները։ Արդյունքում, միշտ պարզվում էր, որ մրցակիցն ավելի թույլ է խաղում։ Ընդդիմության վերաբերյալ իմ կանխատեսումներն այդպիսիք էին։ Ինձ թվում էր՝ ընդդիմությունն ավելի ուժեղ քայլեր կաներ, եթե արվում էր՝ շատ ավելի լավ պետք է արվեր։ Ասել, թե մենք չէինք հավատում, որ այդքանից հետո նախագահը չի գնա՝ ծիծաղելի է»։ Այս կարծիքը Արամ Հարությունյանը համեմեց հանրահայտ հումորով. «Ամուսինը կնոջն ասում է՝ քիչ էր մնում «Մերսեդեսի» տեր դառնայի։ Ինչպե՞ս՝ հարցնում է կինը։ Մեկին ասեցի՝ «Մերսեդեսդ» կտա՞ս ինձ, ասաց ոչ։ Որ հա էր ասել, է՜»։ Աշնանային զարգացումների կանխատեսումներում Արամ Հարությունյանը արձանագրում է, որ «Արդարություն» դաշինքի մի մասի ամբիցիոզ պահվածքը կհանգեցնի նոր ուժի ձեւավորման։ Առայժմ, սակայն, մեր զրուցակիցը ձեռնպահ է մնում անուններ հրապարակելուց։ Ամեն դեպքում, «Արդարություն-«Ազգային միաբանություն» ֆորմատի փոփոխության անհրաժեշտությունը պարոն Հարությունյանը անխուսափելի է համարում. «Դա իրեն չարդարացրեց։ Երկու անգամ նույն գետը չեն մտնում»։ Իսկ ընդհանրապես, թեժ աշնան կանխատեսումներին մեր զրուցակիցը սեւակաբար է մոտենում. «Աշունն անցավ՝ Քոչարյանը մնաց, ձմեռը, գարունն էլ անցան՝ նույնպես, ամռանը՝ նույնպես, ո՞րն է ընդդիմության հինգերորդ եղանակը»։ Իր հարցին ինքն էլ պատասխանեց՝ «Չկա, քանզի հարցադրումը ժամկետանց է»։ Զարգացումներին իրենց կուսակցության հնարավոր մասնակցության կապակցությամբ առիթով պարոն Հարությունյանը նախկին առաջարկն է թարմացնում. նստել միասին, որոշել առաջնահերթությունները եւ լծվել դրանց իրականացմանը, եթե նպատակը երկիրն այս վիճակից հանելն է։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել